ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԱՐԱԽԱՂԱՑՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԻՐԱՆԱԿԱՆ ԶԳՕՆՈՒԹԻՒՆԸ…

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Պատմական գիտութիւնների թեկնածու
Օսմանական, Երիտ-թուրքական եւ Հանրապետական Թուրքիայի ամենաբնորոշ յատկանիշը՝ արտաքին քաղաքականութեան ոլորտում, եղել ու շարունակում է լինել լարախաղացութիւնը…
Ահաւասիկ.-
.Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց դա երբեւէ չի խանգարել նրան, որ ԱՄՆ-ի հետ զինական սակարկութիւններն յաջողացնելու համար՝ սակարկութեան մէջ մտնի Ռուսաստանի հետ եւս, ասենք, ՀՕՊ (հակաօդային պաշտպանութիւն) համակարգեր ձեռք բերելու համար։
.Թուրքիայի էներգետիկայի նախարարն Ռուսաստանի հետ միջուկային էներգիայի ատոմակայան կառուցելու գործարք է առաջարկել հէնց վերջերս, իսկ նոյն Թուրքիան ռուսական տեխնոլոգիայով կառուցւած Հայաստանի «Մեծամօրի» ատոմակայանը համարում է իր եւ շրջանի երկրների անվտանգութեանը սպառնացող ենթակառոյց…։
.Թուրքերը Ս. Արաբիայի եւ Պակիստանի նման երկրների հետ «Մեքքայի» անւամբ «պաշտպանակա՜ն» դաշինք է կնքում, բայց միաժամանակ չի խորշում Եմէնի Հութիներին ռազմական սպառնալիքներից… քաջ գիտակցելով, սակայն, որ վերջիններս հովանաւորում են տւեալ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը…։
.Թուրքիան գրեթէ ամէն օր խօսում ու փափագո՜ւմ է, որ ԱՄՆ-Իրան պատերազմական իրավիճակներն բարւօք լուծում գտնեն, բայց միաժամանակ՝ սուս-փուս կիրառում է ԱՄՆ-Արեւմուտքի տարատեսակ սանկցիաները՝ ընդդէմ Իրանի այն բանկերի, որոնք մասնաճիւղեր ունեն Ստամբուլում եւ Անկարայում…։ Սա այն դէպքում, երբ արդէն աւելի քան 8 ամիս է, ինչ «Թրքիշ էյրլանզը» դադարեցրել է թռիչքներն դէպի Իրան, իսկ որոշ աղբիւրների համաձայն, փոխադարձաբար արգելակել է իրանական «Մահան» օդանաւային ընկերութեան թռիչքները՝ դէպի Թուրքիա…։
Ինչեւէ, թուրքական դարաւոր լարախաղացութեան դրսեւորումներին մշտապէս ծանօթ եւ իրազեկ է եղել նաեւ ու մանաւանդ իրանական երկիր-ժողովուրդը, իր համբերատար դիւանագիտութեան ու կեցւածքի շնորհիւ, որոնք էլ մերթ ընդ մերթ չարաշահւում են նորելուկ թուրք լարախաղացների կողմից…։
Նմանատիպ չարաշահումների պատասխանն, սակայն, չուշացաւ, երբ հէնց օրերս, պահպանողական թեւի ազդեցիկ ու ծանրակշիռ խօսափող եւ առհասարակ նախագահ Փեզեշքիանի՝ որպէս լիբերալ հակումներ ունեցող քաղաքական գործչի քննադատ՝ «Քէյհան» օրաթերթը առաջնորդող յօդւածով պահանջում էր «անպատասխան չթողնել» երկրի դէմ միջազգային սանկցիաների մասնակից թուրքական քայլերը…։
Դեռ աւելին, «Քէյհան»-ի կեցւածքին նախորդել էր Իսլամական խորհրդարանում նոյնպէս պահպանողական թեւն ներկայացնող «Ջեբհէյէ Փայդարի»-ի (Կայուն ճակատ) ֆրակցիայի խօսնակի զայրոյթը՝ պանթուրքիստական շրջանակների յարաճուն ներթափանցումների նկատմամբ, որոնք, ըստ խօսնակի, տարածւած են ինչպէս արտաքին քաղաքականութեան, այնպէս էլ կառավարութեան անվտանգային գերատեսչութեանց տարաբնոյթ մարմիններում…։
Ահա, այսպէս, իրանական նմանատիպ զսպանակը, որն մշտապէս գործի է դրւել ազգային-կրօնական հակումներ ունեցող պետականամէտ շրջանակների կողմից, ի զօրու է շրջանցել-չէզոքացնել թէ՛ ադրբեջանա-թուրքական թաքուն ու յայտնի դաւադրութիւններն ու լարախաղացութիւնները, եւ թէ՛ վերջիններիս դրդումով՝ պանթուրքիստական ելուզակների նորանոր ոտնձգութիւնները՝ ինչպէս Իրանի, այնպէս էլ՝ տարածաշրջանում հարեւան երկրների ինքնիշխանութեան եւ հողային ամբողջականութեան նկատմամբ…։



