Գեղամ Մանուկեան. «Դժւար է ինձ խօսք ասել այստեղ՝ կորուստների, նահանջների, հանրային-հասարարական կեանքում ապազգային արշաւի այս օրերին»
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը գրում է․
«Հայաստանի ԱԺ պատւիրակութեան կազմում պաշտօնական այցով Բուլղարիայում գտնւելն առանձնայատուկ է ինձ համար։ Այլ հարց, որ բուլղար ժողովուրդն իր պատմական անցեալով, պայքարով եղբայրական է hայութեան համար. ընդհանուր ճակատագիր ու ուղի։
Սոֆիա հասնելուն պէս անհնար էր իւրաքանչիւր դաշնակցականի համար յայտնի սրբավայրը չայցելել։ Այս երկրում դաշնակցական աւանդոյթներով յայտնի դաշնակցական սիրելի ընկերների հետ առաջին իսկ ժամերին ուղղւեցի Սոֆիայի հանրային գերեզմանատուն, ուր ամփոփւած են հայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախօս, ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափոր Միքայէլեանը եւ Վռամշապուհ Քենդիրեանը:
Իր շիրիմից փոքր ինչ հեռու, Վիտոշ լեռան լանջերին, իր իսկ առաջարկած ծրագրի՝ արիւնարբու սուլթան Համիդի նախատեսւած մահափորձի նախապատրաստման ժամանակ էլ, 1905 թւականի մարտի 17-ին ինքնաշէն նռնակի փորձարկման ժամանակ զոհւում է իր գործակից Վռամշապուհ Քենդիրեանի հետ։
Առաջին անգամ եմ նրա շիրիմի առաջ, բայց կարծես ամենօրեայ այցիս վայրն է։ Իմ երիտասարդ շատ ընկերներ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամներ դեռ հեռաւոր 1992-ին ՀՅԴ Համահայկական բանակումի օրերին իրենց դաշնակցականի երդումն այստեղ ընդունեցին, ու մի քանի օր յետոյ արդէն Արցախեան ճակատում էին։
Անցնող երեսուն տարիներին շատ արարողութիւններ են եղել այստեղ, երբ Քրիստափորին հաշւետու են եղել, որ հայութիւնը կրկին յաղթում է, ազատագրում է, ունի Արցախի հայկական երկրորդ Հանրապետութիւնը։
Այսօր դժւար է ինձ խօսք ասել այստեղ. կորուստների, նահանջների, հանրային-հասարարական կեանքում ապազգային արշաւի այս օրերին։
Բայց ծաղիկներ խոնարհելիս լոկ շշնջացի, որ նւիրւած ենք «Յարատեւ կռւի» իր պատգամին ու հաւատարիմ ենք մնում ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ, իրաւունք իր նախանշած բանաձեւին՝ «Պատռել է հարկաւոր քարտէզների վրայ այս կամ այն աւազակապետի կամքով գծւած սահմանները, ջնջել է հարկաւոր այն աշխարհագրական ներկերը, որոնք մեզ բաժանում են իրարից եւ որոնք առհասարակ մշտական չեն, իսկ երբեմն շատ կարճատեւ են լինում»։
Դաշնակցականի 32-ամեայ ուխտս այսօր կրկին տալու օր էր ինձ համար, ու նրա շիրիմի առաջ իբրեւ Հայոց անկախ պետականութեան Խորհրդարանի պատգամաւոր չէի կանգնած, այլ՝ 1990 թւականի ապրիլի 17-ին, մի քանի ժամ առաջ առաջին անգամ Արցախից վերադարձած ու դաշնակցականի երդումը տւող երիտասարդ։
Յ. Գ. – Իսկ Քրիստափոր Միքայէլեանի մասին առաւել հանգամանալից կարող էք դիտել դեռ տարիներ առաջ, նրա նահատակութեան 100-րդ տարելիցին «Երկիր Մեդիայում» պատրաստւած ֆիլմը, որ տեղադրում եմ մեկնաբանութիւններում»։