Ալի Աքբար Վելայաթի. «ԻՐԱՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ԹԷ ԱՌԱՆՑ ՆՐԱ, ԿԸ ԽՈՉԸՆԴՈՏԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ»

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին «Թասնիմ» լրատւական գործակալութեան հետ զրոյցում պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ արւած յայտարարութեան եւ այդ անցուղին ԱՄՆ-ի կողմից 99 տարով վարձակալելու փաստի մասին հարցին, ասել է. «Հարաւային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպէսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մէկն է, եւ այս միջանցքը չի դառնայ «Թրամփի միջանցք», այլ կը վերածւի նրա վարձկանների գերեզմանի»:
Դոկտ. Վելայաթին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը միշտ դէմ է եղել այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանը, քանի որ այս միջանցքը կը փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիրքը, կը տեղաշարժի սահմանները եւ նպատակ ունի մասնատել Հայաստանը։
Նա յիշեցրել է, որ երբ Թուրքիան եւ Ադրբեջանը պնդում էին այս միջանցքի ստեղծման վրայ, գեներալ Բաղերիի հրամանատարութեամբ Իրանի զինւած ուժերը զօրավարժութիւններ անցկացրեցին երկրի հիւսիս-արեւմուտքում՝ ցոյց տալով իրենց պատրաստակամութիւնն ու վճռականութիւնը՝ խափանելու այս նախագիծը։
Յեղափոխութեան առաջնորդի խորհրդականը միջանցքը մէկ այլ պետութեան վարձակալութեան տալու գաղափարը անւանել է «միամիտ» եւ Թրամփի յայտարարութիւնը համեմատել է Պանամայի ջրանցքը վարձակալութեան տալու ցանկութեան հետ. դա անհնար է եւ տեղի չի ունենայ։
Նա նաեւ նշել է, որ «Թրամփը միշտ շատ բարձր, բայց դատարկ խօսքեր է ասում» եւ իրեն համարում է անշարժ գոյքի գործակալ, որը ցանկանում է վարձակալութեան տալ հողեր եւ տարածքներ։
Դոկտ. Վելայաթին յստակեցրել եւ ընդգծել է, որ Իրանը՝ Ռուսաստանի հետ կամ առանց նրա, կը կանխի Հարաւային Կովկասի անվտանգութեանը սպառնացող վտանգները։ Նա նաեւ նշել է հայ ժողովրդի ուժեղ դիմադրութիւնն այս նախագծի նկատմամբ, այդ թւում՝ այն, որին աջակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Փաշինեանը, ով Իրան կատարած այցի ժամանակ համերաշխութիւն էր յայտնել Իսլամական Հանրապետութեան դիրքորոշման հետ եւ դէմ էր արտայայտւել միջանցքի կառուցմանը։
Նա զգուշացրել է, որ այս ծրագրի իրականացումը կը սպառնայ տարածաշրջանի անվտանգութեանը եւ Իրանի հիւսիս եւ հիւսիս-արեւմուտք տանող միակ ճանապարհը կը դարձնի Թուրքիայի միջոցով։ Նա յստակեցրել է, որ Իրանը կտրականապէս թոյլ չի տայ, որ ՆԱՏՕ-ն տեղակայւի իր հիւսիսային սահմաններում։
«Բացի Թուրքիայից, որը ՆԱՏՕ-ի անդամ է, դաշինքի միւս երկրները նոյնպէս ցանկանում են ներկայ լինել տարածաշրջանում։ ՆԱՏՕ-ն ցանկանում է օձի պէս կանգնել Իրանի եւ Ռուսաստանի միջեւ, բայց Իրանը դա թոյլ չի տայ»,- յայտարարել է դոկտ. Վելայաթին՝ յաւելելով. «Այս տարածաշրջանային հաւասարումը չի վերաբերում միայն Ադրբեջանին եւ Հայաստանին։ Սա նաեւ կը յանգեցնի աշխարհաքաղաքական տեղաշարժերի Իրանին սահմանակից տարածքներում, ուստի մենք իրաւունք ունենք մեր շահերը պաշտպանել առաւելագոյնս»:
Նա յիշեցերլ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս յայտարարել է, որ եթէ Ուկրաինան միանայ ՆԱՏՕ-ին, պաշտօանական Մոսկւան միջոցներ կը ձեռնարկի. «Մենք եւս թոյլ չենք տայ ՆԱՏՕ-ին մօտենալ Իրանի հիւսիսային սահմաններին, եւ այս առումով մենք կարծում ենք, որ կանխարգելումը աւելի լաւ է, քան բուժումը»,- յստակեցրել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդականը:
Դոկտ. Վելայաթին անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի այն պնդմանը, թէ իբր ««Զանգեզուրի միջանցք»-ի վարձակալութիւնն անհրաժեշտ է Կասպից ծովից էներգետիկ ռեսուրսներ տեղափոխելու համար»:
«Կասպից ծովը կիսափակ ջրային տարածք է, որը պատկանում է միայն Կասպից ծովի պետութիւններին, եւ նաւթի ու գազի տարանցումը դրա միջոցով պահանջում է բոլոր հարեւանների համաձայնութիւնը։ Իրանը եւ Ռուսաստանը վերջերս համատեղ զօրավարժութիւններ են անցկացրել Կասպից ծովում։ Նրանց ուղերձն այն է, որ եթէ դրսից ինչ-որ մէկը փորձի գործել այստեղ, մենք կը կանխենք դա»,- նշել է նա: