Արաղչի. «Իրանն ու Բահրէյնը առկայ խնդիրների կարգաւորման համար դրական են տրամադրւած»
«ԱԼԻՔ» – Մեկնարկել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչի տարածաշրջանային ուղեւորութեան երկրորդ փուլը:
Երէկ՝ հոկտեմբերի 21-ի երեկոյեան Արաղչին մեկնել է Բահրէյն: Մայրաքաղաք Մանամայում մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը հանդիպել է իր գործընկերոջ՝ Աբդ ալ Լատիֆ բին Ռաշիդ ալ Զայանիի եւ Բահրէյնի թագաւոր Համադ բին Իսա ալ Խալիֆաի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկւել են երկկողմ յարաբերութիւններին վերաբերող թեմաներ: Անդրադարձ է կատարւել նաեւ Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող վերջին զարգացումներին:
Նախարար Արաղչին հանդիպումների ժամանակ ընդգծել է տարածաշրջանի երկրների կողմից Սիոնիստական ռեժիմի ոճրագործութիւններն ու ցեղասպանութիւնը դադարեցնելու լուրջ ջանքերի անհրաժեշտութիւնը, եւ կոչ է արել զարգացնել յարաբերութիւնները երկու երկրների միջեւ։
Այցի աւարտից յետոյ, լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում, Արաղչին անդրադառնալով այցին, նշել է. «Բահրէյն ուղեւրութիւնը տարածաշրջան, մասնաւորապէս՝ Պարսից ծոցի երկրների այցելութիւնների շարունակութիւնն է: Մեր հիմնական նպատակը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերեալ խորհրդակցութիւններն ու խորհրդատւութիւններն են»:
Խօսելով երկկողմ յարաբերութիւնների մասին, ԱԳ նախարարն ասել է. «Երկու երկրների յարաբերութիւնների վերականգնումը եւ դեսպանատների վերաբացումը պահանջում է համբերատար գործընթաց եւ մենք դեռ հեռու ենք այդ կէտին հասնելուց»: Արաղչին, սակայն ընդգծել է. «Իրանն ու Բահրէյնը առկայ խնդիրների կարգաւորման համար դրական են տրամադրւած»:
ԱԳ նախարարը Քուվէյթում է
Բահրէյն կատարած կարճատեւ այցի աւարտին, Աբբաս Արաղչին երէկ՝ ուշ երեկոյեան մեկնել է Քուվէյթ, որտեղ նա այսօր կը հանդիպի այդ երկրի ղեկավարների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկւելու են երկկողմ յարաբերութիւններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ: