Սուրէն Սուրէնեանց. «Արծւաշէնի թեման երբեք չի եղել բանակցային օրակարգում, մինչդեռ անկլաւների հարցը վաղուց ընդգրկւած է Ադրբեջանի պահանջների ցանկում. Փաշինեանն ընդունել է Բաքւի նոր պահանջը»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանի ԱԳՆ խօսնակ Այխան Հաջիզադէն նախօրէին յայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գիւղերի եւ Նախիջեւանի Քարքի գիւղի վերադարձը մշտապէս եղել է Բաքւի գերակայ խնդիրներից մէկը»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Սուրէն Սուրէնեանցը՝ շարունակելով.
«Նրա խօսքով՝ այդ հարցը պէտք է լուծւի սահմանազատման յանձնաժողովների շրջանակում։
Փաստացի՝ սա ոչ թէ սահմանազատում է, այլ սահմանների վերաձեւում, որտեղ Բաքուն փորձում է իրաւական ձեւ տալ իր մաքսիմալիստական պահանջներին։
Ադրբեջանը չի թաքցնում, որ խաղաղութեան պայմանագիր հնարաւոր է միայն այն դէպքում, եթէ Հայաստանը կատարի իր բոլոր պայմանները՝ անկախ դրանց բովանդակութիւնից։
Փաշինեանը իր Telegram-ի էջում այսօր գրել է, թէ սահմանազատման արդիւնքում Հայաստանը պէտք է վերադարձնի Արծւաշէնը եւ միւս օկուպացւած տարածքները։
Սակայն այս յայտարարութիւնը իրականում ոչ թէ Արծւաշէնը վերադարձնելու փորձ է, այլ փոխադարձութեան պատրանք ստեղծելու փորձ։
Արծւաշէնի թեման երբեք չի եղել բանակցային օրակարգում (յամենայնդէպս, Ադրբեջանի ընկալմամբ), մինչդեռ անկլաւների հարցը վաղուց ընդգրկւած է Ադրբեջանի պահանջների ցանկում։
Այդ պատճառով կարելի է եզրակացնել, որ Փաշինեանը կամ արդէն տւել է իր համաձայնութիւնը, կամ պարզապէս հրաժարւել է դիմադրութիւնից։
Անկլաւների վերադարձը Հայաստանի համար կարող է վերածւել անվտանգային եւ ինստիտուցիոնալ աղէտի։
Դա նշանակում է.
– Ադրբեջանի իրաւական եւ ֆիզիկական ներկայութեան վերականգնում Հայաստանի ներսում,
– սահմանային անկայունութիւն եւ լոգիստիկ ռիսկեր,
– հակամարտութեան տեղափոխում Հայաստանի տարածք՝ պետականութեան հիմքում ականներ տեղադրելով։
Սա տեսլական չէ խաղաղութեան մասին, սա ադրբեջանական վերահսկողութեան նոր մեխանիզմ է՝ խաղաղութեան անւան տակ։
Մինչդեռ, նման ստորացուցիչ հեռանկարն ունէր այլընտրանք:
Եթէ Հայաստանը ունենար ադեկւատ իշխանութիւն, ապա կարելի էր ընտրել մէկ այլ ուղի.
– կամ փոխանակման տարբերակ՝ Արծւաշէնը՝ չորս անկլաւների դիմաց,
– կամ խնդրի սառեցում՝ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կը ձեւաւորւէին վստահութեան մեխանիզմներ։
Սրանք կը լինէին պետականօրէն շահաւէտ լուծումներ՝ առանց ինքնիշխանութեան կորուստների։
Բայց ներկայիս իշխանութիւնը ընտրել է ոչ թէ արժանապատիւ բանակցութեան, այլ յարմարւելու ճանապարհը:
Խաղաղութեան մասին խօսող իշխանութիւնը իրականում վարում է վասալային քաղաքականութիւն։
Փաշինեանի «խաղաղութիւնը» դարձել է Ադրբեջանի օրակարգի սպասարկման միջոց, որտեղ իւրաքանչիւր նոր պահանջ ներկայացւում է որպէս «խաղաղութեան գին»»։



