Ահազանգ. «Մասիացոտնի թեմի քահանաների նկատմամբ ճնշումներ են գործադրում եւ սպառնում»

Սպառնալից խօսոյթը հիմնականում ուղղւած է եղել Արարատի եւ Վեդու տարածաշրջանների քահանաներին։
Մասիացոտնի թեմի քահանաների նկատմամբ ճնշումներ են գործադրում, սպառնում նրանց՝ թեմի նախկին առաջնորդ Գէորգ եպիսկոպոս Սարոյեանին միանալու համար (կաթողիկոսը նրան պաշտօնանկ է արել, դատարանը պաշտօնում վերականգնելու համար միջանկեալ միջոց է կիրառել-ԽՄԲ.)։ Այս մասին յայտարարութիւն է տարածւել Մասիացոտնի թեմը ֆէյսբուքեան պաշտօնական էջում (ներկայում 2 էջեր կան, որոնցից մէկը վարում են կաթողիկոսի կողմից առաջնորդական տեղապահ նշանակւած Ռուբէն վարդապետ Զարգարեանի կողմնակիցները, միւսը՝ Գէորգ եպիսկոպոս Սարոյեանի-ԽՄԲ.)։
«Երէկւանից Մասիացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թւում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպէս նաեւ քահանաների շրջապատին մօտ եւ ազդեցիկ համարւող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական յորդորների, ծառայողական առաւել բարւոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպէս նաեւ սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին եւ ընդունելու նրա առաջնորդական իշխանութիւնը»,- նշւած է յայտարարութեան մէջ։
Ըստ ահազանգի՝ որոշ դէպքերում քահանաներից պահանջել են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպէս Գէորգ եպիսկոպոսի որոշում։
Յորդորներին, առաջարկներին եւ ճնշումներին քահանաները չեն ենթարկւել։
«Նրանք յստակ դիրքորոշում են յայտնել, որ իրենց ծառայութիւնը պայմանաւորւած է բացառապէս Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրութեամբ, կարգ ու կանոնով, եւ իրենք կոչւած են անշեղօրէն պահպանելու եկեղեցու սահմանւած կարգը՝ անկախ արտաքին ազդեցութիւններից»,- շեշտում են թեմից։
Ըստ հաղորդագրութեան՝ ամենախիստ եւ սպառնալից խօսքերը հիմնականում արւել են Արարատի եւ Վեդու տարածաշրջանների քահանաներին։
Յիշեցնենք՝ տեւական ժամանակ է՝ ՀՀ իշխանութիւնը արշաւ է սկսել եկեղեցու ու յատկապէս Կաթողիկոսի դէմ։ Ճաղերի յետեւում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը, Մայր աթոռի դիւանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանը։
2026 թ.-ի յունւարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու Կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները յայտարարեցին Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպէս կոչւած իրենց «ճանապարհային քարտէզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինեանի ստորագրած փաստաթղթով ստեղծւում է համակարգող խորհուրդ, որը պէտք է զբաղւի Հայ Առաքելական Եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Sputnik Armenia



