Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գործ ունենք հերթական արշաւանքի հետ, որը կազմակերպել է բռնապետը

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաէոր Արծէիկ Մինասեանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրոյցում անդրադարձաւ ԱԺ արտահերթ նիստ հրաւիրելու նախաձեռնութեանը, որի օրակարգում ՔՊ-ական պատգամաւորների մշակած «Ընտրական օրէնսգրքում» փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու նախագիծն է:

Խորհրդարանն այսօր(յունւարի 24-ին ԽՄԲ.) առաջին ընթերցմամբ ընդունեց դիտորդական առաքելութիւնների գործունէութիւնը խստացնող նախագիծը։ «Մենք էլ ենք անակնկալի եկել, որովհետեւ ընդամէնը երէկ երեկոյեան ԱԺ կայքում տեղադրւեց ծանուցում այն մասին, որ խորհուրդն այսօր ժամը 11-ին հրաւիրում է նիստ՝ քննարկելու պատգամաւորների նախաձեռնութեամբ ԱԺ արտահերթ նիստ հրաւիրելու հարցը։ Սա հերթական անգամ իշխանութեան լկտի ու զոռբա պահւածքի օրինակներից մէկն է»,- ասաց նա։

Արծւիկ Մինասեանն ասաց, որ ՔՊ-ական պատգամաւորների հեղինակած նախագիծն ընդամէնը երրկ է դրւել շրջանառութեան մէջ։ Նա նշեց, որ այսօր ինքն ու խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը մասնակցել են խորհրդի նիստին, ներկայացրել են, որ չի կարելի նման կարեւոր հարցն այսպիսի այլանդակ արագութեամբ բերել օրակարգ՝ առանց պատշաճ քննարկման։

«Դիտորդական առաքելութիւն իրականացնողներին, յատկապէս նրանց, ովքեր վերջին ՏԻՄ ընտրութիւններում անաչառ գնահատականներ են հնչեցրել, այս մարդկանց ընդհանրապէս չեն ծանուցել, նրանց հետ նախագիծը չի քննարկւել, չի քննարկւել նաեւ ընդդիմութեան ու հասարակական սեկտորի այն ներկայացուցիչների հետ, որոնք իշխանութեան սրտի ներկայացուցիչները չեն։ Չի քննարկւել նաեւ միջազգային կառոյցների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Վենետիկ, ԺՀՄԻԳ համակարգերը։ Եւ բերել են այս նախագիծը։ Նախագիծը բովանդակային առումով կարող է բնութագրւել որպէս իշխանական դիտորդական առաքելութիւնների ձեւաւորման նախագիծ։ Զրկելու են բոլոր այն մարդկանց, ովքեր դիտորդական առաքելութեան կարգավիճակ են ստացել եւ նրանց գնահատականները, խօսքերը այս կամ քաղաքական ուժին ուղղւած քննադատութիւն են պարունակում, որը քարոզչութիւն կամ հակաքարոզչութիւն իրականացնելու տակ են իրենք ներկայացնում»,- ասաց Մինասեանը։

Նրա խօսքով՝ գործ ունենք հերթական արշաւանքի հետ, որը կազմակերպել է բռնապետը՝ իր չակերտաւոր ընտրութիւնը լեգիտիմացնելու փորձի շրջանակներում։ «Դրա համար մենք հրաժարւեցինք քննարկումից, որովհետեւ սա համարւում է, ըստ էութեան, ընտրական օրէնսդրութեան ընդունման կանոնների խախտում, եթէ ընդդիմութիւնը չի մասնակցում ու ներգրաււած չի եղել փոփոխութիւններին։ Սա նաեւ նախազգուշացում է, որ ապագայում էլ նման բաներ չլինեն, սա հնարաւորինս արագ պէտք է շտկւի։ Թէ ինչպիսի գործողութիւններ առաջիկայում կլինեն, մենք լրացուցիչ կքննարկենք ու կասենք»,- նշեց Արծւիկ Մինասեանը։

Նա ասաց, որ ԱԺ մեծամասնութեան կողմից իրականացւած նախորդ փոփոխութիւնների շրջանակներում շատ լուրջ խնդիր կայ նաեւ լրատւամիջոցների համար։ Նոյն պահանջների ներքոյ լրատւամիջոցները կարող են զրկւել հաւատարմագրումից․ «Օրինակ՝ լրագրողը կարող է գնալ ու բացայայտել, որ մէկն այլանդակութիւն է անում, կարող են որակել այնպէս, որ լրագրողը զբաղւած է հակաքարոզչութեամբ։ Այսինքն՝ մենք գործ ունենք տոտալ վերահսկողութեան փորձի հետ»։

Ըստ Մինասեանի՝ իշխանութիւնները մաքսիմալ ձեւով այլանդակում են ընտրական ամբողջ գործընթացը եւ դարձնում բացառապէս իշխանական վերահսկողութեանը ենթակայ ընտրութիւններ։ Միջազգային կառոյցներն էլ ընդամէնը քաղցր խօսքեր են լսում ՀՀ իշխանութիւնների կողմից կամ ուզում են լսել այդպիսի խոօսքեր եւ ձայն չեն հանում։ «Բայց մենք պէտք է այս ամէնը բարձրաձայնենք, եւ կոչ եմ անում նաեւ տեղական դիտորդական առաքելութիւն իրականացնող ՀԿ-ներին, լրատւամիջոցներին՝ ձեր բողոքի ձայնը բարձրացրեք հանրութեան առաջ։ Մենք ինքներս էլ ենք դիմելու եւ պատրաստ ենք համագործակցել, որպէսզի իշխանական այս այլանդակութիւնները փորձենք զսպել»,- յաւելեց նա։

Related Articles

Back to top button