Տեղի ունեցաւ «Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը

Յունւարի 22-ին ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը հանդէս եկաւ մամուլի ասուլիսով:
Նա ամփոփեց խորհրդարանական շաբաթը եւ պատասխանեց լրագրողների հարցերին:
Որպէսզի պատկերացում կազմեք, թէ իշխանութիւնը ինչպէս է աշխատում եւ արդիւնաւէտութիւնը, քառօրեան, որ տեւում է չորս օր եւ կառավարութիւնը պէտք է օրէնսդրական բազմաթիւ նախագծեր բերեր, աւարտեցինք մէկուկէս օրում՝ չհաշւած Նիկոլ Փաշինեանի երէկւայ(յունւարի 21-ի ԽՄԲ.) ջղաձգումները. յայտարարեց Գեղամ Մանուկեանը։
«Եւ այդպէս արդիւնաւէտութիւնն է չափւում այս կառավարութեան։ Տարւայ վերջում՝ դեկտեմբերի վերջին օրերին մէկ էլ յիշում են, որ տասնեակներով նախագծերի կարիք կայ ու արտահերթերով փորձում են իրենց անգործունակութիւնը հիմնաւորել: Դա էլ կառավարութեան գնահատականն է, թէեւ իրենք կարծում են, որ իրենք արժանի են բազմամիլիոնանոց պարգեւավճարների»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին՝ արդեօք յունւարի 27-ին՝ հայրենիքի պաշտպանի յիշատակի օրը, գնալո՞ւ են Եռաբլուր՝ Գեղամ Մանուկեանը պատասխանեց՝ իրենք մէկ օր չեն գնում Եռաբլուր՝ «գալոչկայի» համար։
«Մեր շատերի համար տարին սկսւում է յունւարի 2-ին՝ Եռաբլուր այցելելով․ Շահէն Մեղրեանի ծննդեան օրն է։ Յունւարի 26-ին մերոնցից շատերը լինելու են Եռաբլուրում՝ այցելելու 1992 թւականի Քարին Տակի հերոսամարտում նահատակւած Նորիկի, Կարոյի շիրիմներին, եւ այդպէս շարունակ։ Այդպէս չէ, որ մէկ օր է՝ «գալոչկա դնելու» համար այցելում ես Եռաբլուր»,– ասաց նա։
Պատգամաւորը շեշտեց, որ, ի վերջո, սեպտեմբերի 19-ն «ՀՀ-ի, ՀՀ ԶՈւ-ի կողմից դաւաճանւած ՊԲ-ի նահատակների» օրն է։
«Ես Եռաբլուրում եղել եմ երիտասարդ տարիներից, առաջին յուղարկաւորութիւնը 1990 թւականին է եղել։ Այսքան տարիների ընթացքում աւելի ահաւոր զգացում չի եղել, ինչպիսին 2024 թւականի սեպտեմբերի 19-ն էր, երբ հարիւրաւոր մարդիկ այցելել էին մէկ տարի առաջ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով եւ ՀՀ-ի եւ ՀՀ ԶՈւ-ի կողմից դաւաճանւած ՊԲ-ի նահատակների յիշատակին։ Դա ուղղակի ահաւոր էր»,– ասաց Մանուկեանը։
Ազատ ոճով շարադրութիւնը ներկայացւում է որպէս արտաքին սպառնալիքների զեկոյց. ասաց «Գեղամ Մանուկեանը՝ անդրադառնալով Արտաքին հետախուզութեան վերջին զեկոյցին եւ դրանում տեղ գտած հիբրիդային պատերազմի մասին ձեւակերպումներին։
«Ակամայ յիշում ես «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, երբ ասում են՝ «տո դո՞ւ ես պետութիւնը»։ Հիմա ստացւում է՝ «տո իրե՞նք են Արտաքին հետախուզութիւնը»,– ասաց նա եւ նշեց, որ որպէս արտաքին սպառնալիք զեկոյցում ՀՀ-ին 32 տարի բլոկադայի մէջ պահող Թուրքիային անդրադարձ է եղել ընդամէնը երեք անգամ, այն էլ՝ ճանապարհների ապաշրջափակման համատեքստում։
«Չնայած Ռուբինեանի սիրուն թիթեռներին, որ իբր այս կամ այն երկրի անձնագիր ունեցողների համար սահմանը կբացւի եւ այլն, որեւէ բան չկայ․ սահմանը փակ է։ Ֆիդանի կողմից, բացառութեամբ Նիկոլ Փաշինեանին ուղղւած վերջին խօսքերի, պարբերաբար յայտարարութիւններ են հնչեցւում ՀՀ-ի դէմ։ Մի երկիր, որտեղ բոլոր սոցիոլոգիական հարցումներով թշնամի են դիտւում ՀՀ-ն ու հայութիւնը։ Այս ամբողջ սպառնալիքների համատեքստում զեկոյցում Թուրքիա անունը հնչել է երեք անգամ՝ այն էլ ճանապարհների հարցով։ Փոխարէնը՝ հոգեւոր գործիչներին են դիտարկում որպէս սպառնալիք»,– ասաց նա։
«Անցնող տասնամեակներում որեւէ մէկը չէր պատկերացնի, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք կասպատակեն հարիւրաւոր ԱԱԾ-ականներ, հարիւրաւոր քահանաների մասնակցութեամբ ժողովին կարող են ԱԱԾ-ականներ գալ՝ Միքայէլ Սրբազանին բերման ենթարկելու համար»,- ասաց Գեղամ Մանուկեանը՝ անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովը Աւստրիայում անցկանելուն։
Նա նշեց, որ նորություն չէ, որ եկեղեցական ժողովներ անցկացւում են նաեւ ոչ Հայաստանի տարածքում։ Ինչ վերաբերում է նրան, որ վերջին անգամ վաղուց է եղել, Գեղամ Մանուկեանն ասաց. «Որեւէ մէկի մտքով չի անցել, որ անցնող տասնամեակներին կարող է հարիւրաւոր բարձրաստիճան ոստիկանների, ԱԱԾ-ականների ուղեկցութեամբ եկեղեցականների տեղաշարժ լինի, որեւէ մէկի մտքով չի անցել, որ կարող է ինչ-որ դատաւոր մի օրւայ մէջ Փաշինեանի հրահանգով, Սահմանադրութիւնը, օրէնքները, բարոյական բոլոր նորմերը խախտելով որոշում կայացնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինման դէմ»։
Նա ընդգծեց, որ Վեհարանն այնտեղ է, որտեղ Վեհափառն է:



