Հրայր Ճէպէճեան. «Արարատը մեր ինքնութիւնն է. չի՛ կարելի սակարկել քո ազգային ինքնութիւնը»

Աստւածաշնչային ընկերակցութեան Պարսից ծոցի երկրների ընդհանուր քարտուղար Հրայր Ճէպէճեանի համար Արարատ լեռն ինքնութիւն է:
«Ես ծնւել եմ Բէյրութում՝ Սփիւռքի իրականութեան մէջ, եւ երբ հայկական դպրոց գնացինք, առաջին արտասանութիւնները, որ սովորում էինք, Արարատ լեռան մասին էին: Այնպէս որ, մենք մեծացանք Արարատ լեռով. Այն մեզ համար ինքնութիւն էր»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ ամիսներ առաջ ծնւած թոռի անունը Մասիս են դրել:
Նա ցաւում է, որ ՀՀ իշխանութիւնների որոշմամբ Արարատ լեռան պատկերն այլեւս չի լինի ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրայ. «Սա նշանակում է, որ նոյեմբերից երբ գամ Հայաստան, այլեւս իմ անձնագրի կնիքում Արարատ լեռը չի լինելու, ինչը ցաւալի իրականութիւն է»:
Նիկոլ Փաշինեանի բացատրութիւնն այն է, որ նկարներով չպէտք է նեարդայնացնենք հարեւաններին՝ տւեալ դէպքում նկատի ունենալով Թուրքիային:
Հրայր Ճէպէճեանը կրկնեց՝ Արարատը մեզ համար ինքնութիւն է, արժանապատւութիւն եւ պատիւ է. «Սփիւռքահայերով մենք Արարատով մեծացանք, հիմա յատկապէս մեր նոր սերունդին ինչպէ՞ս սովորեցնենք, ինչպէ՞ս բացատրենք»:
Նրա խօսքով՝ Սփիւռքում կան մտահոգութիւններ, յուսահատութիւններ եւ յուսախաբութիւններ. «Մարդիկ կան, որոնք լուռ են, ուրիշներն ընկճւած են, բայց կան նաեւ մարդիկ, որոնք հայութիւնից են յուսախաբ եղել, ասում են՝ եթէ սա է հայութիւնը, ուրեմն՝ ինչի՞ համար էր այս բոլորը: Սփիւռքում հայ մնալը մեծ մարտահրաւէր է, զոհողութիւն է, այնպէս որ, չի կարելի սակարկել քո ազգային ինքնութիւնը: Չմոռանանք, որ դասական Սփիւռքը Ցեղասպանութեան արդիւնքն է. ես երրորդ սերինդի զաւակն եմ, Ցեղասպանութիւն չեմ տեսել, բայց այդ ցաւը կրում եմ, իմ զաւակներն էլ Ցեղասպանութիւն չեն տեսել, բայց այդ ցաւը կրում են: Սա իրականութիւն է, որ չես կարող սակարկել, անտեսել, ինչպէ՞ս անեմ: Իմ ընտանիքի 25 անդամ նահատակւել է Ցեղասպանութեան ժամանակ, եւ բոլորի նկարներն ունեմ իմ ընտանեկան ալբոմներում: Նրանց նկարներն ինձ հետ խօսում են: Ճշմարտութեան եւ արդարութեան հասնելու տրամադրութիւն կայ»:
Նա շեշտեց, որ Ցեղասպանութեան վերաբերեալ Փաշինեանի յայտարարութիւններից յետոյ Սփիւռքում անխտիր բոլորի կողմից ընդվզում կար. «Շատերը բարձրաձայն իրենց բողոքն արտայայտեցին, ուրիշները՝ լռելեայն: Ցեղասպանութիւնը կարմիր գիծ է ոչ միայն սփիւռքահայերի, այլեւ Հայաստանում ապրող հայերի համար: Դա չի՛ կարելի սակարկել»: