Հայաստան - ԱրցախՔաղաքական

Անտեսելով Հայաստանի գոյութաբանական խնդիրները՝ Փաշինեանը սխալ բաներ է ասել Սփիւռքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը յունիսի 19-ին հանդիպեց մի խումբ սփիւռքահայերի հետ, որոնք աշխատել են Հայաստանի տարբեր նախարարութիւններում որպէս ժամանակաւոր աշխատակիցներ։

Խմբին ուղղւած իր ելոյթի ժամանակ վարչապետը շեղւեց թեմայից եւ անիմաստ յայտարարութիւններ արեց Սփիւռքի մասին։ Նա ասաց, որ «…մեր պատմութեան մեծ մասում, Երրորդ Հանրապետութեան պատմութեան ընթացքում, Սփիւռքը յաճախ կամ երբեմն դիտարկւել է որպէս Հայաստանի Հանրապետութեան կառավարման օժանդակ  ինստիտուտ։ Կատարւող փոփոխութիւնը հետեւեալն է. մենք ասում ենք, որ Սփիւռքը չի կարող լինել Հայաստանի Հանրապետութեան կառավարման օժանդակ ինստիտուտ, որովհետեւ Հայաստանի Հանրապետութիւնը, ինչպէս ցանկացած պետութիւն, իր յստակ մեխանիզմներով գործիք է, որտեղ շատ յստակ նկարագրւած է, ովքեր եւ ինչպէս են կառավարում այդ մեխանիզմը։ Եթէ ​​այդ մեխանիզմի ճարտարապետութեան մէջ չկայ մի որեւէ դետալ կամ աւելի մեծ ամբողջութիւն, եւ մենք փորձում ենք այդ ամբողջութիւնը կապել այդ մեխանիզմին, մենք արգելակում ենք այդ մեխանիզմի առաջընթացը։ Սա ակնյայտ բան է։ Եւ այս տրամաբանութեան մէջ ես կարծում եմ, որ  փոփոխութիւնը, որ տեղի է ունենում, շատ կարեւոր է եւ շատ էական։ Բայց, միւս կողմից, ես ուզում եմ նայել նաեւ հակադարձ տրամաբանութեամբ։ Շատ դէպքերում նաեւ Հայաստանի Հանրապետութիւնն է ընկալւել որպէս Սփիւռքի կառավարման դարձեալ օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք։ Ես ուզում եմ ասել, որ, իմ ընկալմամբ, սրան եւս պէտք է վերջ տալ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետութիւնը Սփիւռքի կառավարման օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք դարձնելու պարագայում մենք Հայաստանի Հանրապետութիւնը դուրս ենք դնում իր իրաւազօրութեան սահմաններից եւ, հետեւաբար, Հայաստանի Հանրապետութիւնը դարձնում ենք աւելի խոցելի։ Մեր ռազմավարութիւնը, որի մասին ես խօսել եմ, որ Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան ապահովման հայեցակարգային հէնքը լեգիտիմութիւնն է, որը կապ ունի նաեւ սրա հետ, որ մենք կարող ենք գործել միայն այնտեղ, որտեղ մենք ունենք իրաւազօրութիւն եւ լեգիտիմութիւն գործելու։ Մենք չենք կարող գործել այնտեղ, որտեղ մենք չունենք իրաւազօրութիւն եւ լեգիտիմութիւն գործելու որպէս պետութիւն։ Եւ ահա այս հանգամանքի բերումով անխուսափելիօրէն տեղի են ունենալու սոցիալ-հոգեբանական փոփոխութիւններ նաեւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում։ Ես նկարագրեցի, թէ ինչը չպէտք է լինի այնպէս, ինչպէս մենք պատկերացրել ենք։ Այսինքն, ես հասկանում եմ, որ իմ ասածի միջեւ որոշակի ճեղք է առաջանում, բայց ես այսօր պատրաստ չեմ նոյնիսկ այդ ճեղքը լցնելու փորձ անել, որովհետեւ չեմ կարծում, որ դա իմ գործն է, կամ առնւազն միայն իմ գործն է։ Դա աւելի լայն քննարկումների անհրաժեշտութիւն ունի, եւ այդտեղ Հայաստանի Հանրապետութիւնը կամ ՀՀ պաշտօնեաները կարող են խօսք ունենալ, ասել ինչ-որ բան, բայց կարծում եմ, որ այս քննարկումները աւելի հանրային եւ ոչ պաշտօնական մակարդակի քննարկումներ են, թէ ինչպիսին պէտք է լինեն Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ նոր յարաբերութիւնները։ Նրանք այլեւս այդպիսին չեն ու չեն լինելու։ Կարծում եմ, որ դա ակնյայտ է…»:

Դուք մենակ չէք, եթէ ոչինչ չէք հասկացել Փաշինեանի խօսքերից: Խնդիրն այն է, որ նա միշտ խօսում է առանց նախապատրաստւած տեքստի, ինչի պատճառով նա շեղւում է թեմայից եւ ասում բաներ, որոնք չէր նախատեսել ասել:

Փաշինեանն իր երկարաշունչ յայտարարութեան մէջ փորձել է հերքել ոչ մէկի մտքում գոյութիւն չունեցող այն միտքը, որ «Սփիւռքը դիտարկւում է որպէս Հայաստանի Հանրապետութեան կառավարման օժանդակ ինստիտուտ»: Ոչ ոք դա չի ասել: Մենք միշտ դիտարկել ենք Սփիւռքի դերը՝ հայրենիքին մարդասիրական օգնութիւն, ներդրումներ եւ մասնագիտական ​​փորձառութիւն տրամադրելու համար։

Դրականն այն է, եւ ես գոհ եմ, որ Փաշինեանն ընդունում է՝ Հայաստանն իրաւազօրութիւն չունի միջամտելու Սփիւռքի ներքին գործերին: Նա մեծ դժւարութիւններ ունի կառավարելու Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները, էլ չասած Սփիւռքի խնդիրների մասին, որոնց մասին նա ոչինչ չգիտի:

Այնուհետեւ Փաշինեանը նորից շեղւելով թեմայից, անդրադարձաւ այն հարցին, թէ «քանի հայ կայ աշխարհում: Նա ասաց. «….Կայ մէկ այլ խնդիր. մենք միշտ չէ, որ մեծ նշանակութիւն ենք տալիս թւաբանութեանը։ Վերջերս ինձ մօտ հարց ծագեց, անընդհատ ասում ենք՝ 10 միլիոն հայ, 10 միլիոն հայ, 10 միլիոն հայ։ Մի տեղ կա՞յ այդ հայերի ցուցակը, թէ՞ չկայ։ Համոզւած եմ, որ չկայ։ Ահա այստեղ նորից սրբացման ֆենոմենն է։ Այդ թիւը սուրբ է, յանկարծ չդիպչէք: Այն ոչ աւելանում է, ոչ պակասում։ Դուք չէք կարող փոխել այն: 10 միլիոն է։ Եթէ մէկն ասի՝ 10 միլիոն չէ, 10561000 է, բոլորը կը յարձակւեն նրա վրայ ու կասեն՝ տգէ՛տ, դիլետա՛նտ, դու որտեղի՞ց գիտես, ո՞վ է հաշւել եւ այլն։ Եթէ մէկն ասի՝ չէ, 9200000 է, կասեն՝ այ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցութիւնը։ Գրչի մի հարւածով 800000 հայի ջնջեցիր։ Սա է մեր իրականութիւնը։ Սա մեր մասին է, բայց մենք պէտք է խօսենք դրա մասին։ Եթէ դրա մասին չխօսենք, ո՞րն է օգուտը»։

Վարչապետը սխալւում է, որ ոչ ոք չգիտի, թէ քանի հայ կայ աշխարհում: Նա կարող էր ստուգել Վիքիպեդիայի էջը՝ «Հայ բնակչութիւնը՝ ըստ երկրների», որը ներկայացնում է 107 երկրների հայերի թիւը: Կան բազմաթիւ այլ աղբիւրներ, որոնք տալիս են աշխարհի հայերի թիւը: Քանի որ ոչ ոք չի հաշւել աշխարհի իւրաքանչիւր հային, բնականաբար, 10 միլիոնը մօտաւոր հաշւարկ է:

Եթէ այս հարցը իսկապէս հետաքրքրում է վարչապետին, ապա նա պէտք է յանձնարարի Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարին համաշխարհային հետազօտութիւն իրականացնել եւ կազմել աշխարհի հայերի աւելի ճշգրիտ թիւը:

Ես նաեւ առաջարկում եմ, որ վարչապետի օգնականները գրեն նրա ելոյթները, որպէսզի նա կարողանայ կարդալ գրաւոր տեքստից եւ չշեղւի այն ամէնի մէջ, ինչ գալիս է նրա մտքին տւեալ պահին։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button