«Դասական Հայ կոմպոզիտորների դաշնամուրային եւ այլ ստեղծագործութիւնների Անթոլոգիա» Ներկայացմամբ՝ Արին Աւանէսեանի
Հայ դասական երաժշտութեան գոհարներից մի բոյլի ստեղծգործութիւններ ներկայացւեցին դաշնակահար, դասախօս եւ գեղարւեստական ռեժիսոր՝ Արին Աւանէսեանի միջոցով, Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան սրահում կազմակերպւած երեկոյի ընթացքում:
Հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, թւականիս յունիսի 21-ին «Դասական հայ կոմպոզիտորների դաշնամուրային եւ այլ ստեղծագործութիւնների Անթոնլոգիա» խորագրով երեկոյին, Արին Աւանէսեանը լսարանին ներկայացրեց իր բազմամեայ աշխատութեան առաջին մասը:
Տէրունական աղօթքով մեկնարկած ծրագրի բացման խօսքի ընթացքում Արին Աւանէսեանը ներկայացրեց ծրագրի ընթացքը՝ դասախօութիւն դասական հայ կոմպոզիտորների կեանքի կարեւոր եւ հետաքրքիր դրւագներից, դասական հայ կոմպոզիտորների կապակցութիւնը Եւրոպայի եւ Ռուս ականաւոր կոմպոզիտորների հետ եւ դասական հայ կոմպոզիտորների ներդրումը հայկական եւ թուրքական երաժշտւթեան մէջ: Նա նշեց, որ իր երկրորդ նախագիծը ներառում է սփիւռքահայ կոմպոզիտորների դաշնամուրային եւ այլ ստեղծագործութիւնների Անթոլոգիան, իսկ 3-րդ նախագիծը Հայաստանի կոմպոզիտորների դաշնամուրային եւ այլ ստեղծագործութիւնների Անթոլոգիան:
Ապա յայտարարւած գլուխների տակ դասախօսը համապարփակ գծերով եւ սահիկների միջոցով ներկայացրեց Սայեաթ Նովային, Կարուլ Միկուլիին, Գաբրիէլ Երանեանին եւ Տիգրան Չուհաճեանին:
Նա ոչ միայն դաշնամուրային կատարումներով ներկայացնում էր իւրաքանչիւրի ստեղծագործութիւնները, այլ անդրադառնում նրանց կենսագրական տւեալներին եւ իւրաքանչիւր կտորի կատարումից առաջ ներկայացնում էր տւեալ ստեղծագործութեան մշակման եւ ձեւաւորման դրդապատճառների եւ նպատակների մասին: Աւելի քան երկու ժամ տեւած մանրակրկիտ ուսումնասիրութեան արդիւնքում, լսարանի համար ճանաչողական նոր հորիզոններ բացւեցին ներկայացւած երաժշտական կտորների կապակցութեամբ:
Միջոցառման աւարտին երաժիշտ Արին Աւանէսեանը իր երախտագիտութիւնը յայտնեց բոլոր նրանց որոնց շնորհիւ եւ հովանաւորութեամբ յաջողել է աւարտել իր բարձրագոյն կրթութիւնը եւ ներկայացնել հայ եւ այլ ազգի երաժշտութեան գլուխ գործոցներին:
Միջոցառմանն ներկայ էին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր հայրեր, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւը, Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան վարչութեան նախագահ Նժդեհ Մութաֆեանը եւ անդամները, երաժշտագէտներ, արւեստագէտներ, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ հայրենակիցներ:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ