Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բան ու գործ թողած՝ խարդաւանքներով են զբաղւած

ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ

 

Ահագնացող հասարակական դժգոհութիւնների ու խորացող սոցիալական լարւածութեան ֆոնին՝ իշխանութիւնները նոր թափով են լծւել քաղաքական բռնաճնշումների իրականացմանը։ Ակնյայտ ապօրինի ու շինծու մեղադրանքով մարդկանց կալանաւորում են, քրէական գործեր են հարուցում, տանում կալանքի ու պահում փակի տակ։

Հոգեւորականների, պատգամաւորների ու հասարակ քաղաքացիների իսկական որս են սկսել։ Նոյնիսկ խոշոր գործարարին ու բարերարին չխնայեցին։

Իրաւապահներին գործի են դրել, ամենուրեք խուզարկութիւններ են իրականացնում, աջ ու ձախ բոլորին բռնում են։

Այսպիսի գործողութիւններով նպատակ ունեն լռեցնել ընդդիմախօսներին, ահաբեկել մարդկանց, խեղդել հասարակութեան շրջանում մեծացող դժգոհութիւնները, որոնք կապւած են՝ ինչպէս երկրում ձեւաւորւած քաղաքական մթնոլորտի, այնպէս էլ՝ սոցիալական պայմանների հետ։ Սոցիալական իրավիճակը երկում լարւում է, ու դա գնալով շատերի համար անտանելի է դառնում։ Մի կողմից՝ մարդկանց եկամուտները չեն աւելանում, միւս կողմից՝ համատարած թանկացումներ են։

Վերջին շրջանում գնաճը Հայաստանում ակտիւացել է, ու դա նկատելի է յատկապէս սննդամթերքի, ինչպէս նաեւ առաջին անհրաժեշտութեան ապրանքների պարագայում։ Սննդամթերքի գնաճն առաջ է անցել աշխատավարձերի տեսքով քաղաքացիների ստացած եկամուտներից։ Շատերի պարագայում, սակայն, նոյնիսկ դա չի պահպանւել։ Տարիներ շարունակ մարդիկ աշխատավարձերի յաւելում չեն ստացել ու դրան զուգահեռ՝ բախւել են գնաճային այնպիսի բարձր ճնշումների, որոնք առանձին կարեւոր ապրանքների դէպքում հասնում են ընդհուպ 40-50 տոկոսի։

Կտրուկ թանկացել են յատկապէս գիւղմթերքները։ Այսօր քաղաքացին պարտադրւած է 25 տոկոսով աւելի շատ վճարել նոյնքան բանջարեղէն գնելու համար, որքան անցած տարի։ Այնպիսի ամենօրայ օգտագործման գիւղմթերք, ինչպիսին է կարտոֆիլը, այս տարի 67 տոկոսով աւելի թանկ է։ Կաղամբը նախորդ տարւանից թանկ է աւելի քան 36 տոկոսով, վարունգը՝ գրեթէ 48 տոկոսով, լոլիկը՝ շուրջ 16 տոկոսով, կանաչ լոբին՝ 51 տոկոսով, խնձորը՝ 18 տոկոսով, ծիրանը՝ 15 տոկոսով, նարինջը՝ 26 տոկոսով, կիտրոնը՝ 24 տոկոսով, ելակը՝ 10 տոկոսով։

Սա այն գիւղմթերքների մի փոքր մասն է, որոնց համար այս տարի քաղաքացին ստիպւած է անհամեմատ աւելի շատ վճարել։ Բայց դա միայն այս գիւղմթերքներով չի սահմանափակւում։ Բազմաթիւ են այն առաջնային կարեւորութեան ապրանքները, որոնք էապէս թանկացել են՝ մեծացնելով սոցիալական ճնշումը յատկապէս այն մարդկանց վրայ, որոնց եկամուտները փոփոխութիւն չեն կրել, կամ այդ փոփոխութիւնները շատ չնչին են եղել. կարագն այս տարի 14 տոկոսով աւելի թանկ է, քան անցած տարի էր։ Արեւածաղկի բուսական իւղը նախորդ տարւանից թանկ է 17,5 տոկոսով, սուրճը՝ 14,3 տոկոսով, շոկոլադը՝ 14,8 տոկոսով, կակաոն՝ աւելի քան 20 տոկոսով։ Ալիւրի գնաճը կազմել է 7,1 տոկոս, մակարոնեղէնինը՝ 5,3 տոկոս, հացինը՝ 3,9 տոկոս։

Եթէ այս ամէնի ազդեցութիւնը միացնենք՝ կլորիկ գումար կը նստի  քաղաքացու գրպանի վրայ։ Չնայած դա էլ այն ամբողջ ազդեցութիւնը չէ, որը թանկացումների տեսքով քաղաքացին զգում է։

Թւարկենք նաեւ որոշ ծառայութիւններ, որոնք վերջին 1 տարում կտրուկ թանկացել են ու էական դեր ունեն քաղաքացիների ծախսերի մէջ։ Այսպէս՝ տրանսպորտային ծառայութիւնների գնաճը հասնում է 27 տոկոսի։ Վարսաւիրական ծառայութիւնները թանկացել են 12,8 տոկոսով, հանգստի կազմակերպումը՝ 14,7 տոկոսով, նախադպրոցական ու տարրական կրթութիւնը՝ 12,3 տոկոսով, բարձրագոյն կրթութիւնը՝ 7 տոկոսով։

Ու այս ամէնը դուրս է գալիս քաղաքացու գրպանից։ Այն քաղաքացու, որի եկամուտները չեն աւելացել։

Կառավարութիւնն ու իշխանութիւնները, փոխարէնը մտածէին այս մարդկանց եկամուտներն ինչ-որ ձեւով աւելացնելու, գնողունակութիւնը բարձրացնելու, սոցիալական լարւածութիւնը թուլացնելու, թանկացումների ազդեցութիւնը նրանց վրայ մեղմելու մասին՝ զբաղւած են քաղաքական բռնաճնշումներով, ահաբեկումներով ու խարդաւանքներով։

Բարձիթողի վիճակ է տնտեսութեան մէջ, յատկապէս՝ տնտեսութեան արտադրական հատւածում։ Տնտեսական աճը մնացել է շինարարութեան ու ծառայութիւնների յոյսին։ Արտադրական հատւածը հազիւ է շնչում. 5 ամսում արդիւնաբերութեան անկումը գերազանցել է 14 տոկոսը, մշակող արդիւնաբերութեանը՝ 21,5 տոկոսը։

Բազմաթիւ ոլորտներում արտադրութեան ծաւալները ոչ միայն նախորդ, այլեւ անգամ տարիներ առաջւայ մակարդակներին չեն հասնում։

Հանքագործական արտադրութիւնն է կրճատւել։ Բայց կրճատումը ո՛չ մէկ, ո՛չ էլ երկու տարւայ կտրւածքով է։ Եթէ 2022 թ. հանքագործական արդիւնաբերութեան արտադրանքի ծաւալը հասնում էր 248 մլրդ դրամի, այս տարի կազմել է ընդամէնը 177 միլիարդ։

Աւելանալու փոխարէն՝ 4 տարում 71 միլիարդով կամ աւելի քան 28 տոկոսով կրճատւել է։ Թէ ինչո՞ւ, պէտք է հարցնել Նիկոլ Փաշինեանին ու իր կառավարութեանը։

Չորս տարի առաջ Հայաստանում աւելի շատ հագուստ էր արտադրւում, քան հիմա, աւելի շատ ոսկեայ իրեր էին արտադրւում, քան հիմա, աւելի շատ հիմնային մետաղներ էր արտադրւում, քան հիմա։ Ու երբ փորձում են այս տարի արդիւնաբերութեան մէջ տեղի ունեցող անկումները կապել ոսկու անցած տարւայ թաքնւած վերամշակումների հետ, պէտք է իմանան, որ տնտեսութեան խնդիրները բոլորովին էլ դրա հետ չեն կապւած։ Պատահական չէ, որ եթէ 2022 թ. առաջին 5 ամիսներին հիմնային մետաղների ոլորտում արտադրութեան ծաւալները հասնում էին գրեթէ 83 մլրդ դրամի, այս տարի կազմել են ընդամէնը 77 միլիարդ, նոյնը նաեւ ոսկեայ իրերի արտադրութեան պարագայում է՝ 2022 թ. 14,2 մլրդ դրամ էր, այս տարի՝ ընդամէնը 9,5 միլիարդ։

Այսինքն՝ այնպէս չէ, որ անցած տարւայ բարձր աճերի ֆոնին արդիւնաբերութեան այս ճիւղերում արտադրութեան անկում է տեղի ունենում։ Անկումներ են նաեւ 3-4 տարւայ կտրւածքով, ու դա նշանակում է, որ ժամանակին պէտք էր ոչ թէ ուրախանալ այս ճիւղերում ձեւաւորւած արհեստական աճերով, այլ մտածել կուտակւած խնդիրները լուծելու մասին, որպէսզի տարիների հեռւից չունենայինք այսպիսի խղճուկ իրավիճակ։

Եւ դա միայն ոսկէգործութեանն ու հիմնային մետաղների արտադրութիւններին չի վերաբերում, նոյնը խմիչքների դէպքում է, որը տարիներ շարունակ եղել է մշակող արդիւնաբերութեան առաջին երկու ճիւղերից մէկը, սակայն վերջին տարիներին յայտնւել է տեղապտոյտի մէջ։ Երեք տարի առաջ Հայաստանում աւելի շատ խմիչք էր արտադրւում, քան այսօր։

Տնտեսութեան մէջ, սոցիալական հատւածում խնդիրները բազմաթիւ են, դրանք հրատապ լուծումներ են պահանջում, բայց լուծելու փոխարէն, բան ու գործ թողած՝ Նիկոլ Փաշինեանը զբաղւած է երկրում քաղաքական մթնոլորտը պղտորելով, սրան-նրան վարկաբեկելով, քրէական հետապնդումների, հալածանքների ենթարկելով, ահաբեկելով, գործեր կարելով ու կալանավայրերը լցնելով։ Եւ դեռ յայտնի չէ, թէ սա ինչքա՞ն է շարունակւելու։

168.am

Related Articles

Back to top button