ՄիջազգայինՔաղաքական

Ինչի՞ շուրջ համաձայնութեան եկան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լաւրովի յայտարարութիւնը

«ԱԼԻՔ» – Ռիադում անցկացւած հանդիպմանը Մարկ Ռուբիօն ընդգծել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ազգային շահերով առաջնորդւելու անհրաժեշտութիւնը, եւ Մոսկւան համաձայն է դրան։ Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի՝ այս մասին ամերիկեան պատվիրակութեան հետ բանակցութիւններից յետոյ յայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը։

Ըստ Լաւրովի՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համակարծիք են եղել, որ պէտք է ամէն ինչ անել աշխարհաքաղաքական ոլորտներում եւ տնտեսական հարցերում ջանքերը միաւորելու համար։

Հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկեան կողմը սկսել է աւելի լաւ անսալ Ռուսաստանի դիրքորոշումը, յայտարարել է Լաւրովը։

«Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանաւորւել են, որ երբ իրենց շահերը չեն համընկնում, պէտք է ոչ թէ հակամարտութիւն հրահրեն, այլ լուծեն խնդիրները։ Կողմերը պայմանաւորւել են, որ մօտ ապագայում կը ձեւաւորւի ուկրաինական կարգաւորման գործընթաց եւ կը նշանակւեն բանակցողներ»։ Բանակցութիւնների ընթացքում ԱՄՆ-ի հետ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել պայմաններ ստեղծել ուկրաինական հակամարտութեան լուծմանը զուգընթաց, որպէսզի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցութիւնն ամբողջութեամբ վերսկսւի»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լաւրովը, խօսելով ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների մասին, առաջին հերթին նշել է դեսպանների նշանակման անհրաժեշտութեան եւ դիւանագիտական ​​առաքելութիւնների աշխատանքի սահմանափակումների վերացման մասին պայմանաւորւածութիւնը։

«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Ուկրաինայի հարցով խորհրդակցութիւնները կանոնաւոր կը լինեն, երբ երկու կողմերը բանակցային թիմեր կը նշանակեն»,- պարզաբանել է նա։

Լաւրովը յայտարարել է, որ ինքը չի տեսել որեւէ տեղեկութիւն այն մասին, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, իբր, բանակցութիւնների ընթացքում համաձայնեցրել են Ուկրաինայի կարգաւորման եռաստիճան պլանը։

«Մենք մեր ամերիկացի զրուցակիցներին բացատրեցինք, որ ՆԱՏՕ-ի զօրքերի ներկայութիւնն Ուկրաինայում անընդունելի է։ Միեւնոյն ժամանակ, ԱՄՆ-ը բանակցութիւնների ընթացքում առաջարկել է մորատորիում մտցնել էներգետիկ օբիեկտների վրայ յարձակումները, Ռուսաստանը բացատրել է, որ չի յարձակւում քաղաքացիական օբիեկտների վրայ»,- եզրափակել է Լաւրովը։

Related Articles

Back to top button