Մերցը յոյս ունի, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կը յանգեցնի Ուկրաինայի հարցում առաջընթացի

«ԱԼԻՔ» – Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը յոյս ունի, որ օգոստոսի 15-ին Ալիասկայում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առաջիկայ հանդիպման ժամանակ Ուկրաինայում հակամարտութեան կարգաւորման հարցում առաջընթաց կը գրանցւի։ Փոխանցում է Deutsche Welle-ն:
Նա յիշեցրել է, որ Ուկրաինայում հակամարտութիւնը շարունակւում է արդէն երեքուկէս տարի։
«Ժամանակն է վերջ դնել դրան»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։
Նա յոյս է յայտնել, որ հանդիպման ժամանակ կարող է հրադադարի վերաբերեալ որոշում կայացւել. «Եւ սա վաղուց էր սպասւում։ Սա դիւանագիտական նախաձեռնութիւն է։ Մեզ անընդհատ կոչ են անում ոչ միայն զէնք մատակարարել, այլեւ դիւանագիտական նախաձեռնութիւններ ներկայացնել»։
«Եւրոպացիները չեն ցանկանում եւ չպէտք է հանդիսատես լինեն, երբ խօսքը վերաբերում է Եւրոպայի ապագայի համար ամենակարեւոր ռազմավարական հարցին։ Եւ այդ պատճառով մենք յոյս ունենք դրա համար։ Մենք աշխատում ենք դրա վրայ»,- ասել է Գերմանիայի կանցլերը։