Յաջորդ շաբաթ Բաքւում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովն աւելի կը հարստացնի իշխող Ալիեւի կլանին
Տարիների ընթացքում բազմաթիւ զեկոյցներ են եղել, որոնք բացայայտել են այն միլիարդաւոր դոլարները, որոնք Ադրբեջանի իշխող Ալիեւի ընտանիքը կողոպտել է պետական գանձարանից, ինչպէս նաեւ մեծ չափերի կաշառքները, որոնք կառավարութիւնը տւել է եւրոպացի եւ ամերիկացի տարբեր պաշտօնեաների։
Հետեւաբար, զարմանալի չէ, որ յաջորդ շաբաթ Բաքւում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովը եւս մէկ օրինակ է, թէ ինչպէս է իշխող վերնախաւն օգտւում իր գրպանները լցնելու իւրաքանչիւր հնարաւորութիւնից:
«Կազմակերպւած յանցաւորութեան եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (OCCRP) բացայայտել է Ադրբեջանի սկանդալային գործողութիւնները, որոնք վերնագրւած են. «Ադրբեջանի COP29 կլիմայի գագաթնաժողովի «պաշտօնական գործընկերները» կապւած են իշխող Ալիեւի ընտանիքի եւ նրանց ներքին շրջանակի հետ …. Բաքւի այս տարւայ միջազգային այցելուներն ամենուր, որտեղ նայեն, կը տեսնեն ընկերութիւններ, որոնք կապւած են Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի հետ»: Այս ծաւալուն զեկոյցը գրել են Ջէյմս Դաուսեթը, Քէլի Բլոսը, Ֆաթիմա Քարիմովան եւ Էլի Մոսկովիցը:
OCCRP-ն Ադրբեջանը բնութագրել է որպէս «ամենաբռնապետական երկիրը, որը երբեւէ հիւրընկալել է միջոցառումը …. Լինի հանքարդիւնաբերութիւն, բանկային գործ, հիւրընկալութիւն, թէ շինարարութիւն, դժւար թէ լինի այնպիսի խոշոր արդիւնաբերութիւն Ադրբեջանում», որ Ալիեւների իշխող ընտանիքը տիրապետող չլինի: «Արդիւնքում Ալիեւներն ու նրանց մերձաւոր շրջապատն ապշեցուցիչ հարստութիւն են դիզել, որի զգալի մասը պահւում է արտասահմանում կամ կապւած է արտերկրի կալւածքների հետ: Նոյնիսկ նախագահի 11-ամեայ որդին Լոնդոնում գրասենեակային շէնք ունէր»:
Ահա նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի մերձաւոր շրջապատի եւ Կլիմայի գագաթնաժողովի «պաշտօնական գործընկերների» միջեւ կապերը.
1) «Նախագահ Ալիեւի դստեր նախկին ամուսինը [Էմին Ագալարով] …. շահել է 5.2 միլիոն դոլար արժողութեամբ պետական պայմանագիր [առանց մրցութային որեւէ գործընթացի]՝ հիւրընկալելու COP29-ի 5000 հիւրերին Կասպից ծովում գտնւող իր շքեղ Sea Breeze Resort-ում»: Հիւրերը «մնալու են գերշքեղ սենեակներում ․․․․ 7 կիլոմետր երկարութեամբ լողափից, աւելի քան 50 բարերից ու ռեստորաններից եւ 60 լողաւազաններից օգտւելու հնարաւորութեամբ»: Այս պայմանաւորւածութիւնը բացայայտած ադրբեջանցի վեց լրագրողներն այժմ գտնւում են Բաքւի բանտում:
2) «PASHA Holdings, Ադրբեջանի խոշորագոյն ընկերութիւններից մէկն է, որին պատկանում են հիւրընկալող քաղաքի բազմաթիւ լաւագոյն հիւրանոցներ, եւ մեծ շահեր ունի զբօսաշրջութեան, շինարարութեան, ապահովագրութեան եւ բանկային ոլորտներով: PASHA-ն պատկանում է Ալիեւի երկու չափահաս դուստրերին [Լէյլա եւ Արզու]։ Ընկերութեան խորհրդի նախագահի տեղակալ Միր Ջամալ Փաշաեւը «Ադրբեջանի առաջին տիկնոջ եւ փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի զարմիկն է»։
3) «Azersun Holding …. նախագահում է Աբդոլբարի Գոզալը` Հասան Գեօզելի հօրեղբայրը, որն Ալիեւա քոյրերի համար հիմնել է երեք ընկերութիւն Բրիտանական Վիրջինիան կղզիներում»:
4) «Silk Way West Airlines …. պատասխանատւութիւն է կրում համաժողովին նիւթերի եւ պարագաների տեղափոխման համար: Այն պատկանում է նախկին պետական պաշտօնեային, սակայն նախապէս կապւած է եղել Ալիեւի դուստրերից մէկի հետ` Silk Way Bank քոյր ընկերութեան միջոցով …. Աւիաընկերութիւնը, վերջնականապէս, պատկանում է նախկին պետական պաշտօնեայ Զաուր Ախունդովին, սակայն նախկինում այն նաեւ կապւած է եղել առաջին ընտանիքի հետ՝ քոյր ընկերութեան միջոցով. 2010 թւականին «Ազատ Եւրոպա» ռադիոկայանի հետաքննութիւնը պարզել է, որ Արզու Ալիեւան՝ նախագահի կրտսեր դուստրը, եղել է Silk Way Bank-ի երեք սեփականատէրերից մէկը, որը Silk Way Group-ի նախկին ֆինանսական թեւն էր, որի մաս է կազմում նաեւ աւիաընկերութիւնը»։
5) «GILTEX, մի ընկերութիւն, որը վերահսկում է տեղական տեքստիլ շուկայի գրեթէ երեք քառորդը եւ մինչեւ անցեալ տարի մաս էր կազմում [Gilan Holding] կոնգլոմերատի, որտեղ բաժնետոմսերի մեծամասնութիւնը պատկանում է նախագահի դուստրերին [Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հէյդարովի երեխաների հետ միասին։ Հէյդարովը նաեւ COP29-ի կազմկոմիտէի անդամ է]։ Gilan Holding-ը լուծարւել է 2023 թւականին»։
6) «SOCAR Green …. Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեան՝ SOCAR-ի դուստր ձեռնարկութիւնն է, որը մեծ դեր է խաղում նաւթ արդիւնահանող երկրի տնտեսութեան մէջ»:
7) ABB բանկ, վերանւանւել է 2021 թւականին, սակայն իր նախկին անւան տակ՝ Ադրբեջանի միջազգային բանկ, անբարեհաճ վերնագրերի պատճառ է դարձել 2,9 միլիարդ դոլարի փողերի լւացման սկանդալում իր ունեցած կենտրոնական դերի համար, ինչը յայտնի է որպէս «Ադրբեջանական լւացքատուն»։ Բանկի նախկին նախագահը բանտարկւել է 2016 թւականին՝ հիմնարկից գրեթէ 3 միլիարդ դոլար գողանալու համար։ Նրա կինը, որն ապրում էր Մեծ Բրիտանիայում, հետագայում ստացել է երկրի երբեւէ առաջին «անբացատրելի հարստութեան հրամանը»՝ բրիտանական իշխանութիւնների պահանջով ապացուցելու իր հսկայական հարստութեան օրինական ծագումը: Հետագայում նա համաձայնեց վերադարձնել 17.8 միլիոն դոլար արժողութեամբ առանձնատունը եւ գոլֆի ակումբը, որն անցաւ բրիտանական պետութեանը:
OCCRP-ն այնուհետեւ յայտարարել է, որ «աւելի քան մէկ տասնամեակ է, ինչ զեկուցում է Ադրբեջանի մասին՝ բացայայտելով կոռուպցիա, մարդու իրաւունքների խախտումներ եւ չարաշահումներ»: Ահա որոշ զեկոյցների կարեւորագոյն կէտերը․
1) «Ինչպէս իշխող Ալիեւի ընտանիքը շահեց արժոյթի փլուզումից, ինչպէս էր նա ձգտում գնել Ղրղզստանի ոսկու հանքավայրերը, եւ ինչպէս է կարողացել կառավարութիւնից կորզել ապշեցուցիչ 1 միլիարդ դոլար հեռահաղորդակցութեան ընկերութեան ձեռքբերումից:
2) «2016 թւականի «Պանամայի փաստաթղթերի» տւեալների հիման վրայ կատարւած հետաքննութիւնը, որը պարզել է, թէ ինչպէս է [Ալիեւի] ընտանիքն օգտագործել օֆշորային կառոյցները եւ սեփականութեան բազմաթիւ շերտեր՝ հարստութիւնը գաղտնի պահելու համար»:
3) «Այս տարւայ սկզբին մի խումբ անկախ լրագրողների շինծու մեղադրանքներով բանտարկելը՝ փետրւարի նախագահական ընտրութիւններից առաջ»:
4) «Ինչպէս են ամերիկացի լաբբիստներն աջակցել եւ գումար վերցրել վարչակազմից, եւ ինչպէս է «Ադրբեջանական լւացքատունն» օգտագործւել իր վերնախաւի համար երկրից միլիարդաւոր դոլարներ դուրս բերելու նպատակով»:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ