Տիգրան Աբրահամեան. «Բանակին նման ծանր հարւած հասցնելն այս իշխանութեան հակապետական դրսեւորումներից է»
«Ազգային ժողովում փակ ֆորմատով քննարկումից իմ տպաւորութիւնն այն է, որ գործող իշխանութիւնն անգամ այն պարագայում, երբ գիտի որ այս կամ այն քարտէզի, իրաւական բազայի հետ կապւած Հայաստանը այս կամ այն շրջանում ունեցել է առաւելութիւն, բայց Ադրբեջանը չի ընդունում Հայաստանի համար բարենպաստ քարտէզը կամ իրաւական հիմքը, գնում է ադրբեջանական մօտեցումը ընդունելուն։ Սա է իշխանութեան դիրքորոշումը, մօտեցումը եւ հեռանկարը»,- խորհրդարանական ճեպազրոյցների ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
Հարցին, թէ Փաշինեանը տաւուշեան այցի ընթացքում յայտարարել էր, որ եթէ այդ տարածքները չտանք՝ պատերազմ կը լինի, արդեօ՞ք Ադրբեջանի մօտեցումներում փոփոխութիւն կայ, քանի որ մօտ մէկ ամիս է անցել այդ այցից, բայց, բարեբախտաբար, պատերազմ չկայ՝ Աբրահամեանը պատասխանեց, որ ամենավտանգաւոր հանգամանքն այստեղ այն է, որ ՀՀ իշխանութիւնները սեփական ժողովրդի հետ խօսում են շանտաժի, սպառնալիքի ու ահաբեկման եղանակով։
«Այսինքն, իբր, գնում են մարդկանց հետ խօսելու, իրավիճակ ներկայացնելու, բայց դա այլ կերպ, քան ահաբեկչութիւն որակել չի կարելի։ Եթէ դա լինէր փակ քննարկում՝ հասարակութեան քիչ մասը կը հաւատար՝ մտածելով, թէ ինչպէ՞ս կարելի է գնալ՝ հասնել այնտեղ ու յայտարարել, որ մեր բանակը պատրաստ չէ պատերազմի։ Այսինքն, բանակին նման ծանր հարւած հասցնելը այս իշխանութեան հակապետական դրսեւորոման ոչ եզակի դրսեւորումներից մէկն է։ Այն մարդիկ, ովքեր առնչւում են բանակին, ովքեր տիրապետում են ԶՈՒ-ին՝ գիտեն, թէ ինչ ազդեցութիւն, ինչ ծանր հետեւանքներ կարող է ունենալ նման հարւածը»։
Անդրադառնալով պատերազմին, որ խոստանում էր Փաշինեանը՝ Աբրահամեանն ասաց, որ կարծում է, որ իշխանութիւնները ծանօթ են այն հարցումներին, որ հրապարակւեցին այդ այցից յետոյ։ «Ըստ այդմ՝ մեր բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը դէմ էր, այսպէս կոչւած, սահմանային ճշգրտումների այն տարբերակին, որը առաջ է քաշում իշխանութիւնը։ Այդ 4 գիւղերի հետ կապւած գործընթացը սահմանազատում եւ սահմանագծում համարել չի կարելի։ Ըստ էութեան՝ դրանով զբաղւող փոխվարչապետի գրասենեակը եւս համարեց, որ դա սահմանազտում չի լինելու, ուստի այլ բան, քան միակողմանի զիջում, դա չէր կարելի անւանել։
Հիմա իշխանութիւնը համարում է, որ այդ գործընթացները, որոնք կարող են իրեն ծանր հարւած հասցնել իրենց իշխանութեանը, դրա համար էլ դա պէտք է ձգձգել»։
Միաժամանակ, նա ընդգծեց, որ իշխանութիւնները վստահաբար ծանօթ են նաեւ իրենց միւս նախաձեռնութիւններից յետոյ հասարակութեան շրջանում առաջացած դժգոհութիւններին։ «Դրանց մի մասը թւացել է՝ կենցաղային են, տարբեր նշանակութիւն ունեցող հարցեր են, բայց դրանց նկատմամբ մեր հասարակութեան ճնշող մեծամանութեան վերաբերմունքը եղել է ծայրայեղ բացասական։ Կարծում եմ՝ սա է հիմնական խնդիրը, որ իշխանութիւնը հիմա փորձում է իրավիճակը շտկել ու դաշտ մտցնել կեղծ օրակարգեր»։
Yerkir.am