Թրամփ. «Հանդիպումների աւարտից յետոյ ես զանգահարեցի Պուտինին եւ սկսեցի Պուտինի եւ Զելենսկու միջեւ հանդիպման կազմակերպումը»

«ԱԼԻՔ» – «Սպիտակ տանը ես շատ լաւ հանդիպում ունեցայ պատւաւոր հիւրերի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դէր Լայէնի եւ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Մարկ Ռիւտէի հետ»: Այս մասին ըստ միջազգային լրատւամիջոցների՝ սոցցանցի իր հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Ուկրաինայի անվտանգութեան երաշխիքները, որոնք կը տրամադրւեն տարբեր եւրոպական երկրների կողմից՝ համաձայնեցմամբ Ամերիկայի Միացեալ Նահանգների հետ։ Բոլորը շատ ուրախ են Ռուսաստանի եւ Ուկրաինայի՝ խաղաղութեան հնարաւորութեան համար։
Հանդիպումների աւարտից յետոյ ես զանգահարեցի նախագահ Պուտինին եւ սկսեցի նախագահ Պուտինի եւ նախագահ Զելենսկու միջեւ հանդիպման կազմակերպումը, որը դեռ որոշւելու է։
Այդ հանդիպումից յետոյ մենք կունենանք եռակողմ հանդիպում, որը կը լինի երկու նախագահների եւ իմ մասնակցութեամբ։ Կրկին, սա շատ լաւ, վաղ քայլ էր գրեթէ չորս տարի տեւող պատերազմի համար։
Փոխնախագահ Ջէյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկօ Ռուբիօն եւ յատուկ դեսպանորդ Սթիւ Ուիթքոֆը համակարգում են աշխատանքները Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ։ Շնորհակալութիւն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրութեան համար»,-գրել է Թրամփը։