Ֆրանսիան ձերբակալել է ռուսական «ստւերային նաւատորմի» հետ կապւած նաւի երկու անդամի

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի իշխանութիւնները ձերբակալել են «Բորակայ» տանկերի անձնակազմի երկու անդամի, որը վերջին մի քանի օրերին խարիսխ է գցել Ֆրանսիայի արեւմուտքում՝ Սեն-Նազեր նաւահանգստի մօտ: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Agence France-Presse-ը՝ յղում անելով Բրեստի դատախազ Ստեֆան Քելենբերգերին։
Նախկինում հաղորդւել էր, որ իշխանութիւնները ստուգում են նաւը, որը, ենթադրաբար, մտնում է ռուսական «ստւերային նաւատորմի» մէջ եւ ԵՄ պատժամիջոցների տակ է։
Նաւը սեպտեմբերի 20-ին մեկնել է Լենինգրադի մարզի Պրիմորսկ նաւահանգստից՝ ուղեւորւելով դէպի Հնդկաստան։ Ֆրանսիացի զինւորականները չորեքշաբթի բարձրացել են տանկեր, հաղորդում են Ֆրանս-պրեսի լրագրողները։
Դատախազը նշել է, որ անձնակազմի երկու ձերբակալւած անդամները «ներկայացել են որպէս նաւի կապիտան եւ առաջին սպայ»,- հաղորդում է BBC-ն։ Նա յաւելել է, որ հետաքննութիւնը տարւում է «նաւի սեփականութեան մասին ապացոյցներ չտրամադրելու» եւ ֆրանսիական իշխանութիւնների պահանջները չկատարելու համար։
Ինչպէս յայտնել են Lloyd’s List եւ The Maritime Executive արդիւնաբերական պարբերականները, տանկերը կարող է նաեւ հետաքննւել սեպտեմբերին Դանիայի վրայով անյայտ անօդաչու թռչող սարքերի թռիչքներին մասնակցութեան հարցով։
Էմմանուէլ Մակրոնը նախկինում յայտարարել էր, որ Ֆրանսիան հետաքննում է նաւթատար տանկերի անձնակազմի կատարած «լուրջ խախտումները», սակայն չի հաստատել Դանիայում անօդաչու սարքերի հետ հնարաւոր կապի մասին հաղորդագրութիւնները։