Հայաստան - ԱրցախՔաղաքական

Թուրքական ներդրումները՝ 2018-ից

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Yerevan.today-ի գլխաւոր խմբագիր

 

Տարիներ շարունակ՝ դեռ 2018 թւականից, Նիկոլ Փաշինեանի կադրային քաղաքականութեանը, քայլերին ծանօթանալով, շատերս ահազանգում էինք, որ նրա նպատակների թւում է Հայաստանը թուրքական ազդեցութեան տակ գցելը, Ռուսական ազդեցութիւնը էլ աւելի մեծ թուրքական ազդեցութեամբ փոխարինելը։ Եթէ այն ժամանակ դա ասում էին փոքրաթիւ մարդիկ, այսօր այդ մասին խօսում է ցանկացած 5-ից 4-ը։ Հիմա դա ուղղակի կարծիք չէ, այլ բազմաթիւ ապացոյցներով հիմնաւորւած վարկած։ Տեսէք. Թուրքիան որոշում է՝ Հայաստանը Սփիւռքի հետ շփւի, թէ չէ, Հայաստանը Ցեղասպանութեան հարցը բարձրացնի, թէ փակի, Հայաստանը սահմանադրութիւն փոխի, թէ չփոխի։ Դա անում են Թուրքիան ու Ադրդրբեջանը համատեղ։

Լրագրողն էկոնոմիկայի նախարար աշխատողին մտավախութիւն է յայտնում, որ էդ «Զանգեզուրի միջանցք» կամ Թրամփի ուղի կոչւածում ամերիկեան ընկերութիւնների անւան տակ լինելու են թուրք-ադրբեջանական ֆինանսական միջոցներ եւ ընկերութիւններ։ Պապոյեանը պատասխանում է, որ շատ էլ նորմալ է, բա սահմանները բացելուց յետոյ, ինչու ոչ՝ նաեւ թուրքական ներդրումներ լինեն, մենք էլ գնանք այնտեղ ներդրումներ անենք։ Ես, ասում է, ողջունում եմ թուրքական ներդրումները, կարող է մեր երկրում թուրքական հիւրանոց բացւի։

Գէորգ Պապոյեանի թրքասիրութեանը չենք կասկածում, իհարկէ, բայց այս յայտարարութիւնն էլ է աղմուկ բարձրացրել Հայաստանում շատ հասկանալիօրէն. որովհետեւ նա նախարար է աշխատում, այն էլ՝ էկոնոմիկայի, թուրքերին հնարաւորութիւն տւող ոլորտ է համակարգում։ Սրանք քանի անգամ էլ գովեն թուրքերին, մէկ է՝ անսովոր է ժողովրդի ականջներին, ամէն անգամ վեր են թռչելու։ ժողովուրդ ջան, այո, թուրքական ներդրումները գալու են, թուրքերը Հայաստան լցւելու են սրանց պարագայում։ Պատկերացրէք՝ վաղը յանկարծ հաստատւեն դիւանագիտական յարաբերութիւններ, դեսպանատուն բացեն ասեմ ինչ է լինելու, թուրքական գործարարները, յատկապէս՝  պետական աջակցութեամբ, Հայաստանում բացելու են կազմակերպութիւններ, շատ արագ առնեն գործարանները, ֆերմաներ, ռեստորաններ, տարբեր հիմնարկները, մեր տները։ Նիկոլը ուրախանալու է, ասելու է երկնիշ աճ կայ, Պապոյեանը ուրախ-ուրախ վիճակագրութիւն է հաշւելու, թէ քանի բեռնատար մտաւ Հայաստան ու դուրս եկաւ։

Մի օր աչքդ բացես՝ կը պարզւի որ, էն ռազմավարական հիմնարկը, որը այսօր հայ գործարարի տիրապետութեան տակ է, անցել է թուրքի։ Կասեն՝ մէկ է խաղաղութիւն է, թող թուրք լինի սեփականատէրը։ Մեր դարաւոր թշամու ձեռքին անցնելու են շատ ճակատագրական հիմնարկներ։ Դարաւոր, դարաւոր՝ էն թուրքի, որը 5 տարի առաջ պատերազմող թշնամի էր։ Չեմ խօսում Ցեղասպանութեան մասին, որը  եղել է 110 տարի առաջ, ես խօսում եմ 5 տարի առաջ կատարւածի մասին։ 5 տարի առաջ բայրաքթարներով սպանում էր մեր տղերքին, 5 տարի առաջ Նիկոլը յայտարարում էր, թէ Թուրքիան Հայաստանի համար սպառնալիք է, եկել է Ցեղասպանութիւնը շարունակելու։ 5 տարի անց ի՞նչ է արել Թուրքիան, որ հակառակում համոզի։ 1915 թւականին ցեղասպանել են, 100 տարի անց դեռ թշնամի են, 2020 թւականին էլի կոտորել են, ինչ ուզել է տւել ու զիջել ենք, ու 5 տարում բարիշեցի՞ք։

Թուրքիան իր ներդրումը Հայաստանում արել է 2020 թւականին՝ 5 հազար զոհի պատճառ դառնալով, 10 հազարից աւելի վիրաւոր տալով, հարիւրաւոր հազարաւոր տներ քանդելով դա է թուրքական ներդրումը, թուրքական ներդրումը բայրաքթարն է։ Էս սաղ մոռացել ե՞ն, որ ատամները բացած նկարւում են հետները ու վիզ ծռում։

Հարց տամ, էլի, ինչու Նիկոլը ում հետ որ թշնամանում է, 5 տարի յետոյ բարիշում է՞, մինչեւ հիմա 25 տարի առաջւայ մուռն է հանում։ Բա պետութիւնը 5 տարում մոռացա՞ւ վէրքերը, վրէժը, կոտորածը։ Դու կարող է՝ մոռանաս, թուրքերը չեն մոռանայ, որ դու թշնամի ես։ Մեր 18 տարեկան երեխէքին սպանում են, 5 տարի անց արդէն ողջունում ես իրենց։

Իսկ ինչո՞վ ենք վստահ, որ նրանք մեր տնտեսութիւն էլ չեն սպանելու ու սարքեն հաշմանդամ, կլանեն, ինչպէս կլանեցին մի մեծ երկիր։ Վրաստանի օրինակը շատ են բերում, այցելէք Աջարիա, Բաթումին ինչ լաւ են սարքել թուրքերը. իսկ վրացիները նրանց մօտ բանւոր են աշխատում, բնակարաններն ամռան ամիսներին տուրիստներին վարձով տալու յոյսին են։

Ինչ-որ շատ կասկածելի բարեգութ չե՞ն մեր իշխանութիւնները։ Ինչո՞ւ, էդպէս լինու՞մ է։ Տեսէք. բա զաւեշտ չէ՞, որ Հայաստանում ամենամեծ ներդրում արած հային կալանքի տակ են պահում արդէն 4 ամիս, որպէս վտանգ, բայց ասում են՝ թող թուրքերը գան հիւրանոց բացեն, ֆերմա առնեն, ռեստորան, բիզնես, ներդրում անեն։ Հայ խոշորագոյն գործարարին կալանաւորել են, ձեռքից ուզում են խլեն ինչ ունի այստեղ ու աւետում են թուրք գործարարների մուտքը։ Սփիւռքահայը մեր երկրում գործ չունի, Զւարթնոցից ներս չեն թողնում, բայց գործ ունի թուրքը, նրանց մուտքն է ողջունւում։

Պապոյեանից բացի, այլ թրքասէր նախարարներ էլ ունենք. Թորոսեան Արսէնն էլ օրերս Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական ծառայութիւնների նախարարին էր հանդիպել ու քննարկել սոցիալական ոլորտի հարցերը։ Չեն մասնաւորեցրել, բայց արդէն մտահոգութիւն ունենք, որ քննարկել են թուրք գործարարների գալուց յետոյ հայ գործազուրկների աշխատանքով ապահովելու հարցը։ Թուրք ընտանիքի հարցերով նախարարի հետ ի՞նչ է քննարկելու… Վախենում եմ մտածել։ Կարելի է այդ ՔՊ-ականներին, թուրքական ժպիտներով ուրախացած որեւէ մէկին հարց տալ՝ էդ դուք մի՞շտ էք էդպէս մտածել, էդպէս ոգեւորւած եղել։ Օրինակ Գէորգ Պապոյեանը, որ ՀՀԿ երիտասարդական ակտիւում էր, իր այդ մտքերը երբեւէ կիսւե՞լ է իր նախկին կուսակցութեան ընկերների հետ։ Կամ եթէ ժամանակին էդպիսինը չէիք, էդ պարտադիր էր 5000 երիտասարդի գլուխ էլ ուտէին, որ սէնց մեծ սիրով լծւէի՞ք։ Մի տեսակ, եթէ հայ ես, հակառակ ռեակցիան, չէ՞ պէտք է մօտդ առաջանայ։

Ունենք գործարարներ, յատկապէս ՔՊ-ից, որոնք հաճոյքով կաշխատեն թուրքերի հետ։ Իրենց համար մէկ է։ ՔՊ աջակից արտիստներ կան, որ երազում են Զէյնաբ Խանլարովաների հետ ազերական դուետ կատարել, Նիկոլի ընտանեկան կայքի սիրելի հիւրն են։ Նիկոլի կինն է առաւօտից իրիկուն Էրդողանի գիրքը գովազդում։ Որ էլի մտածում ես, էդ 5000 երիտասարդնե՞րն էին խանգարում ձեզ, թէ՞ ազատ Արցախը։

Կարճ ասած՝ Հարեւանների հետ, այո, պէտք է համագործակցել, խաղաղ լինել, բայց… Ընդամէնը 5 տարի առաջ մեր 18-20 տարեկան եղբայրները մի վայրկեանում մոխրանում էին հէնց թուրքական բայրաքթարների տակ, ընդամէնը 5 տարի յետոյ դու ամէն ինչով ցոյց ես տալիս, որ վտանգ չես իրենց համար, բայց իրենք ապացուցում են, որ քեզ համար կենսական վտանգ են։ Թէ՛ կոտորել են, թէ՛ պահանջներ են դնում, սրանք էլ կատարում են։ Դրա համար է, որ այսօրւայ իշխանաւորներին ժողովուրդն անւանում է թուրքական գործակալ, ազգի դաւաճան։

Շատերի կարծիքով, թուրքերը վաղուց են ներդրւած Հայաստանում։ Թուրքերը մեր երկրում ներդրւած են իրենց աջակիցներով, իրենց գործակալներով, իրենց աջակից գործարարներով, փողով։ Ու Այսօր շատ-շատերի մօտ կասծկածներ կան, որ Հայաստանի այսօրւայ իշխանութիւնը հէնց թուրքական ներդրում է։

Related Articles

Back to top button