Տէր Ռուբէն. Չարին չարով չենք պատասխանելու, հաշտութեան օրակարգ ունենք՝ նաեւ դարձի եկողների համար

Հայ առաքելական եկեղեցին չի պատրաստւում չարին չարով պատասխանել։
Յունւարի 25-ին Դալար բնակավայրի Սուրբ Աստւածածին եկեղեցում մատուցւած Սուրբ եւ անմահ պատարագի քարոզի ժամանակ այս մասին ասաց Մասիացոտնի թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տէր Ռուբէն վարդապետը։
Նա նշեց, որ եկեղեցին կանգնած է ալեկոծութեան առաջ. մթութիւն է, որտեղ չար ուժերն են աշխատում, Մասիացոտնի թեմի «նաւակն» ալեկոծութեան մէջ է, եւ իրենք փորձում են Տիրոջով չվախենալ։ «Միեւնույն ժամանակ հակընդդէմ քամի է, հողմ է, որը գործում է մեր դէմ՝ հալածանքներով, սպառնալիքներով եւ այլ դրսեւորումներով. չարն իր երախը բացել է մեզ վրայ։ Բայց ինչպէս առաքելական թուղթն է մեզ յորդորում, մենք չենք գնում կռիւ անելու, մենք ուզում ենք ապրել հաւատով, սիրով եւ մեր արարման առաքելութեամբ։ Աստծոյ խօսքը քարոզելու, ճշմարտութիւն տարածելու, եղբայրութիւն ստեղծելու, պառակտումը վերացնելու, յարգանքի, բաժնեկցութեան եւ Սուրբ հաղորդութիւնը մեր կեանքում իրական դարձնելու ճանապարհով ենք գնում։ Չարին չարով չենք պատասխանելու»,– ասաց նա։
Ռուբէն վարդապետը յաւելեց, որ իրենք հաշտութեան օրակարգ ունեն նաեւ դարձի եկողների համար, եկեղեցու ներսում չպէտք է պառակտում լինի։
Յիշեցնենք` յունւարի 10-ին յայտնի դարձաւ, որ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինութեամբ Մասիացոտնի թեմի առաջնորդ տէր Գեւորգ եպիսկոպոս Սարոյեանն ազատւել է թեմակալ առաջնորդի պաշտօնից: Գեւորգ սրբազանը մէկն է այն 10 հոգեւորականներից, որոնք միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից Գարեգին 2–րդի դէմ տարւող արշաւին ու պահանջում են վեհափառի հրաժարականը:
Yerkir.am



