Տիգրան Աբրահամեան. «Արցախցիների դէմ իշխանութեան գործողութիւնները վաղուց անցել են բարոյականութեան սահմանները»
«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արցախցիների դէմ Հայաստանի իշխանութիւնների կազմակերպած գործողութիւններին.
«Արցախցիների դէմ իշխանութեան, դրանց արբանեակների գործողութիւնները վաղուց անցել են բարոյականութեան սահմանները:
Հային ու հայրենիքը դաւաճանած անձինք որեւէ իրաւունք չունեն արցախցիներին յիշեցնելու, թէ սոցիալական ծրագրեր ենք անում, Հայաստանում տեղաւորում կամ աշխատանք ենք տալիս:
Այդպիսի մարդկանց տեղը ոչ թէ իշխանութիւնում է, այլ բանտում:
Նոյնն է, որ ծնողը ընտրողաբար մօտենայ իր զաւակների կեանքին ու ճակատագրին:
Ի՞նչ տարբերութիւն, թէ հայը Ստեփանակերտում, Մեղրիում, Կապանում, Երեւանում, թէ Վանաձորում է ծնւել:
Հայկական պետութիւնը պէտք է ապահովի ե՛ւ նրանց անվտանգութիւնը, ե՛ւ բնականոն կեանքն ու զարգացումը:
Արցախցիները 3 տասնամեակ եղել են բառիս բուն իմաստով ճակատում, իրենց ընտանիքներով վահան եղել հային ու նրա ճակատագրին՝ անկախ նրանից, թէ այդ հայը ծնունդով որտեղից էր կամ որտեղ էր ապրում, իսկ իշխանութեան ներմուծած գարշելի բառապաշարը դուրս է որեւէ կարգի տրամաբանութիւնից:
Հայաստանը իւրաքանչիւր հայի հայրենիքն է եւ սա այսօր, վաղը պէտք է ականջներին օղ անեն բոլոր իշխանութիւնները: Եթէ այսօր մեր հայրենակիցներին թիկունք կանգնելու, օգնելու հարց կայ՝ դա բոլորիս պարտականութիւնն է եւ վաղը դրա կարիքը կարող է ունենալ իւրաքանչիւրը:
Արցախը թուրքացւեց, ոչ թէ նրա համար, որ Արցախցին յանձնւեց, այլ որ նրա ապագան փաշինեանական իշխանութիւնը վաճառեց ու անհաւասար մարտում միայնակ թողեց»,- գրել է նա։