Մուրադ Փափազեան. «Կարող են արգելել, սակայն մենք կը շարունակենք մեր աշխատանքը»
Օրերս ՀՀ Վարչական դատարանը բաւարարեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի հայցն ընդդէմ ԱԱԾ–ի։ Փափազեանը պահանջել էր իր անունը հանել Հայաստանի համար անցանկալի անձանց տւեալների բանկից։ Յիշեցնենք, որ մօտ 2 տարի առաջ Փափազեանը, գալով Հայաստան, օդանաւակայանում պարզել էր, որ չի կարող մուտք գործել հայրենիք, որովհետեւ Նիկոլ Փաշինեանի կամքով Հայաստանում «պերսոնա նոն գրատա» է ճանաչւել։ «Հրապարակ»-ը զրուցել է Մուրադ Փափազեանի հետ։
– Պարոն Փափազեան, մօտ ապագայում պլանաւորո՞ւմ էք գալ Հայաստան։
– Երբ որ որոշումը հաստատւի…, գիտէք, որ ԱԱԾ-ն մէկ ամիս ունի՝ որոշումը բողոքարկելու համար, այդ մէկ ամիսը կաւարտւի փետրւարի 22-ին, եւ իմ յոյսն է, որ ԱԱԾ-ն չի բողոքարկի դատարանի որոշումը։ Եթէ չբողոքարկի, ապա մարտի կէսերին ես Հայաստան կը գամ, անշուշտ։
– Դատարանի այս վճիռն անակնկա՞լ էր Ձեզ համար, թէ՞ գիտէիք, որ պէտք է բաւարարի Ձեր հայցը։
– Իրականութեան մէջ բոլորը շատ լաւ գիտէին, որ այդ «պատիժը» հիմնւած էր քաղաքական պատճառների վրայ։ Որեւէ իրաւական հիմք չունէր այդ որոշումը, այդ դէպքում դատարանն ի՞նչ պիտի որոշէր` եթէ 18 ամսւայ ընթացքում ԱԱԾ-ն չբերեց որեւէ պատճառ, չպատասխանեց դատարանին եւ դատաւորի պահանջներին, որ բերի գոնէ մի պատճառ։ Հետեւաբար, դատարանն ուղղակի ստիպւած էր նման որոշում կայացնել։ Ես վստահութիւն ունէի Հայաստանի արդարադատութեան վրայ եւ տարբեր դատաւորների վրայ, որովհետեւ եթէ շինծու պատճառներ ներկայացներ ԱԱԾ-ն, ու դատարանն ընդունէր այդ շինծու պատճառները, ապա կը նշանակէր, որ միջազգային գետնի վրայ Հայաստանն իսկապէս կը սեւանար։ Ես կուզեմ ողջունել դատարանի որոշումը, քանի որ այդ որոշումը յարգում է ժողովրդավարական սկզբունքները եւ ցոյց կը տայ, որ արդարադատութիւնը կարող է անկախ լինել Հայաստանում, եւ սա լաւ նշան է ապագայի համար։
– Այս ընթացքում Ֆրանսիայի կառավարութիւնը Ձեզ աջակցե՞լ է, մենք գիտենք, որ Դուք եւ Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը մտերիմ յարաբերութիւններ ունէք։
– Չեմ ուզում ասել, որ օգնեցին, որովհետեւ Ֆրանսիան չի խառնւում Հայաստանի ներքին հարցերին, բայց լինելով Ֆրանսիայի քաղաքացի, անշուշտ, նախագահի հետ մի քանի անգամ խօսեցինք այս մասին, ինքն էլ Հայաստանի վարչապետի հետ խօսեց այս հարցի մասին։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը եւս խօսել է Հայաստանի արտաքին գործոց նախարարի հետ։ Երբ ասում ենք՝ խօսեցին, այսինքն՝ զարմացած էին, որ այդպիսի որոշում է կայացւել իմ դէմ, որովհետեւ իրենց համար ես պաշտպանում եմ Հայաստանի շահերը Ֆրանսիայի մէջ եւ արտաքին ճակատում, պաշտպանում եմ Արցախի ու Հայ Դատի շահերը, եւ երբ այս որոշումը կայացւեց, իրենք, անշուշտ, շատ զարմացած էին, որովհետեւ իրենց համար ժողովրդավար երկրի մէջ ընդդիմութիւնը սրբութիւն է, այսինքն՝ ընդդիմութեան գաղափարն օգնում է իշխանութիւններին իրականութեան մէջ՝ փաստելու համար, որ երկիրը ժողովրդավարական երկիր է։ Պէտք է գուրգուրել ընդդիմութեանը, որովհետեւ երբ ընդդիմութիւնն ազատ ձեւով է աշխատում երկրի մէջ, նշանակում է, որ այդ երկիրը ժողովրդավարական սկզբունքները յարգում է։ Դրա համար, երբ երկրի մէջ կան քաղաքական բանտարկեալներ, կամ երբ երկրի մէջ ընդդիմութիւնը խանգարւում է իր աշխատանքի մէջ, կամ երբ արգելւում է ընդդիմադիրների մուտքը երկիր, դա սեւացնում է երկիրը միջազգային գետնի վրայ։ Այդ ողջ ընթացքում, երբ ես արգելւած էի Հայաստանում, գիտէք, որ ես յաճախ ֆրանսիական լրատւամիջոցների կողմից հրաւիրւում էի, եւ չնայած որ արգելւած էր իմ մուտքը Հայաստան, ես միշտ պնդում էի, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որովհետեւ մենք պէտք է Ադրբեջանից տարբերւենք, որը դիկտատորական երկիր է։ Որքան Հայաստանն աւելի շատ ժողովրդավարական երկիր լինի, այդքան կընդունւի միջազգային ընտանիքի կողմից, եւ մենք կը կարողանանք մեր տարբերութիւնը ցոյց տալ Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Ես միշտ եմ այդ աշխատանքը տարել։ Լրագրողները, անշուշտ, գիտէին, որ ես արգելւած էի, ինձ ասում էին, որ ես արգելւած եմ Հայաստանում եւ այլն։ Ես ասում էի՝ դա ուրիշ հարց է, դա աննորմալ հարց է, որը մենք կը լուծենք մեր մէջ, չէի ուզում միջազգային արձագանգ տալ, բայց բոլորը՝ քաղաքական գործիչները, կառավարութիւնը, նախագահը, գիտէին եւ զարմացած էին, որ ես մինչեւ հիմա չեմ բարձրացրել հարցը հանրային գետնի վրայ, որովհետեւ ես ամաչում էի, որ այդպիսի որոշում է կայացրել Հայաստանի իշխանութիւնը։ Ես ուզում էի պահել, որ մեր մէջ լուծենք այդ հարցը, եւ, բարեբախտաբար, լուծւեց։ Յուսով եմ, որ ԱԱԾ-ն չի բողոքի, որովհետեւ եթէ բողոքի, ապա իզուր կը բողոքի, քանի որ պատճառ չկայ, գուցէ ժամանակ շահելու համար բողոքեն, բայց եթէ ԱԱԾ-ն բողոքարկի, այս անգամ ես իսկապէս կը դրսեւորեմ հանրային գետնի վրայ, եւ եթէ ներքին պրոցեսով չյաջողենք լուծել հարցը, ես արդէն կապ եմ հաստատել Եւրոդատարանի նոր նախագահի հետ, հանդիպել եմ նրա հետ, բացատրել եմ հարցս, ինքը լաւատեղեակ է։ Այսինքն՝ աւելի լաւ է յարգել դատարանի որոշումը, փակել այդ հարցը եւ դէպի ապագայ գնալ։
– Շուրջ երկու տարւայ արգելքը՝ Հայաստան մուտք գործելու, Ձեզ չէ՞ր խանգարում Հայաստանի համար աշխատել, այս 2 տարիների ընթացքում մեծ ողբերգութիւններ տեղի ունեցան՝ Արցախը հայաթափւեց ու ամբողջովին յանձնւեց Ադրբեջանին։
– Մենք շարունակեցինք աշխատել ֆրանսիական կառավարութեան հետ՝ նախագահի, Փարիզի քաղաքապետի, Լիոնի, Մարսէլի քաղաքապետների հետ։ Ճիշտ է՝ աւելի օգտակար կը լինէր, եթէ ես կարողանայի իրենց հետ Հայաստան գալ-գնալ, սակայն իրականութեան մէջ աշխատանքը շարունակեցինք, շատ քիչ խանգարեց, որովհետեւ մեր առաքելութիւնն է՝ զօրավիգ կանգնել Հայաստանին ու Արցախին։ Գիտէք՝ իշխանութիւնները կը գան ու կը գնան, բայց պետականութիւնն ու երկիրն այստեղ են, եւ մենք գիտենք, թէ ինչն է մեր նպատակը. Հայաստան եւ Հայաստանի ժողովուրդ, Արցախ եւ Արցախի ժողովուրդ, այդ է։ Կարող են արգելել, սակայն մենք կը շարունակենք մեր աշխատանքը, որովհետեւ այդպէս ենք դաստիարակւել, մեզ համար Հայաստանը մեր սրտի մէջ է, ուրեմն չենք դադարեցնի հայանպաստ եւ հայաստանանպաստ աշխատանքը։
ԿՈՐԻՒՆ ՍԻՄՈՆԵԱՆ