Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Թուրքիան եւ Ադրբեջանը պնդում են, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի կարեւորութիւնը

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի խորհրդարանի խօսնակ Սահիբա Գաֆարովան ելոյթ է ունեցել Պակիստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների խօսնակների երրորդ եռակողմ հանդիպման բացման արարողութեան ժամանակ, յայտնել են ադրբեջանական լրատւամիջոցները, հաղորդում է News.am-ը:

Ըստ նրա՝ այս տարւայ օգոստոսին Վաշինգտոնում անցկացւած երկկողմ բանակցութիւններից յետոյ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղութեան պայմանագրի տեքստը՝ ԱՄՆ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների մասնակցութեամբ։

Նշւել է, որ Ադրբեջանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը ստորագրել են համատեղ հռչակագիր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայութեամբ։

Գաֆարովան վստահ է, որ ««Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման համար» ծրագրի իրականացմամբ Զանգեզուրի միջանցքը Եւրասիայի կարեւոր տրանսպորտային հանգոյց կը դառնայ»։

Թուրքիայի խորհրդարանի խօսնակ Նուման Քուրթուլմուշն իր հերթին նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի գործարկումը կը խթանի տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական եւ քաղաքական սերտ կապերը եւ կը բարձրացնի նաեւ Միջին միջանցքի ռազմավարական նշանակութիւնը»։

Յիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը աւելի վաղ հրապարակաւ պարզաբանում էր խնդրել Ադրբեջանի նախագահից Բաքւի իշխանութիւնների կողմից «Զանգեզուրի միջանցք» եզրոյթի օգտագործման վերաբերեալ՝ կոչ անելով այն ցոյց տալ քարտէզի վրայ։

Related Articles

Back to top button