ՄիջազգայինՔաղաքական

THE GUARDIAN. «Բրիտիշ Փեթրոլում»-ի ծրագրերն օգնել են Ադրբեջանին ֆինանսաւորել ռազմական ագրեսիան, պնդում են կազմակերպութեան ներկայացուցիչները

Ադրբեջանում «Բրիտիշ Փեթրոլում»-ի իրականացրած վառելիքի արդիւնահանման ծրագրերը, բացի 2020 թ.-ից ի վեր Ադրբեջանի կառավարութեանը միլիարդաւոր դոլարներ փոխանցելուց, նպաստել են նաեւ Ղարաբաղի հայերի դէմ իրականացւած ռազմական ագրեսիային, յայտնել են կազմակերպութեան ներկայացուցիչները:

«Գլոբալ Վիթնէս»-ը պնդում է, որ բրիտանական նաւթային ընկերութեան երկու խոշոր նաւթային եւ գազային նախագծերից Ադրբեջանի ունեցած շահոյթը կազմել է 2020 թ. Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքներում տեղի ունեցած պատերազմից մինչեւ օրս երկրի ռազմական ծախսերի քառակին:

Մասնագիտական հասարակական կազմակերպութեան («Գլոբալ Վիթնէս» ոչ պետական հասարակական կազմակերպութիւնը զբաղւում է բնական ռեսուրսներ արդիւնահանող երկրներում մարդու իրաւունքների խախտման դէպքերի ուսումնասիրմամբ. թարգմ. կողմից) իրականացրած ուսումնասիրութիւնները վկայում են, որ Ադրբեջանի տնտեսական համագործակցութիւնը «Բրիտիշ Փեթրոլում»-ի հետ, որը նրա օտարերկրեայ ամենախոշոր ներդրողն է, անուղղակիօրէն օգնել է Ադրբեջանին ֆինանսաւորելու իր ռազմական ագրեսիան ընդդէմ վիճելի տարածքներում բնակւող էթնիկ հայերի, ինչը պատճառ է դարձել, որ 100 հազարից աւելի մարդ սեպտեմբերի սկզբին լքի իր հայրենիքը:

Նոյն ամսին «Բրիտիշ Փեթրոլում»-ը ներկայացնող ղեկավար անձինք, ներառեալ դրա նախագահ Հելգէ Լունդը եւ նախկին գործադիր տնօրէն Ջոն Բրաունը, այցելեցին Բաքու՝ մասնակցելու Ադրբեջանի հանգուցեալ նախկին նախագահ Հէյդար Ալիեւի 100-ամեակի միջոցառումներին, եւ, ինչպէս ասւում էր ընկերութեան յայտարարութեան մէջ, վերահաստատելու «Ադրբեջանի հետ երկարաժամկէտ գործընկերութեան» իրենց յանձնառութիւնը:

2020 թ. ի վեր «Բրիտիշ Փեթրոլում»-ը «համատեղ շահագործման պայմանագրի» համաձայն Ադրբեջանին մատակարարել է մօտ 35 մլրդ. դոլարի (28,6 մլրդ ֆունտ ստեռլինգի) նաւթ եւ գազ:

Հէյդար Ալիեւի որդի Իլհամ Ալիեւը նախագահ դարձաւ հօր մահից յետոյ՝ 2003 թ. ընտրութիւններով, որոնք Եւրոպայի Անվտանգութեան եւ Համագործակցութեան կազմակերպութեան դիտորդների կողմից որակւեցին որպէս միջազգային չափանիշերին չհամապատասխանող:

«Գլոբալ Վիթնէսի» աւագ մասնագէտ Դոմինիկ Իգլթոնը համոզւած է, որ ««Բրիտիշ Փեթրոլում»-ի երկարաժամկէտ գործընկերային յարաբերութիւնները Իլհամ Ալիեւի «բռնապետական» ռեժիմի հետ սնում է Ադրբեջանի ռազմական բիւջէն եւ ագրեսիան ընդդէմ Հայաստանի: ԲՓ-ն հանգիստ խղճով շարունակում է արդիւնահանել, բնաւ դասեր չքաղելով այն պատմական սխալից, որ գործել էր Ռուսաստանի պարագայում»:

«Բրիտիշ Փեթրոլում»-ը հրաժարւեց ռուսական «Ռոսնեֆթ» նաւթային ընկերութիւնում ունեցած գրեթէ 20 տոկոս բաժնեմասից, ինչը ընկերութեանն արժեցաւ մօտ 24 մլրդ. դոլար, այն բանից յետոյ, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, իսկ Միացեալ Թագաւորութեան կառավարութիւնը մտահոգութիւն յայտնեց այն հարցի վերաբերեալ, որ ԲՓ-ն կապեր ունի նաւթային ընկերութեան հետ, որը ռազմական նպատակների համար վառելիք է տրամադրում:

«Դաժան բռնակալներին ֆինանսաւորելը միշտ էլ վատ է վերջանում»,- յայտարարել է Իգլթոնը:

Անցած շաբաթ «Բրիտիշ Փեթրոլում»-ը ներկայացրեց այս տարւայ երրորդ քառորդի իր՝ սպասւածից ցածր ցուցանիշները, որոնք կազմում են 3.3 մլրդ. դոլար նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի 8.2 մլրդ. դոլարի համեմատութեամբ, ինչը ենթադրութիւնների տեղիք տւեց, որ ընկերութեան բաժնետոմսերի շատ դանդաղ աճի ու տնօրէնների խորհրդում առկայ յուզումների ֆոնին ԲՓ-ն կարող է համեղ պատառ դառնալ այն կլանելու ցանկութիւն ունեցողների համար:

«Բրիտիշ Փեթրոլում» ընկերութեան խօսնակի յայտարարութեան համաձայն՝ «ընկերութիւնը Ադրբեջանում գործունէութիւն է ծաւալում արդէն երեք տասնամեակ եւ հաւատարիմ կը մնայ տարածաշրջանում անվտանգ, յուսալի եւ արագ զարգացող էներգետիկ համակարգ ստեղծելու հաւատամքին»:

Համաձայն 1990-ականներին «Բրիտիշ Փեթրոլում»-ի եւ Ադրբեջանի կառավարութեան միջեւ կնքւած պայմանագրի, նաւթային ընկերութիւնը պարտաւոր է այդ ծրագրերի արդիւնքում իր արդիւնահանած վառելիքի որոշակի մասնաբաժին տալ Ադրբեջանին:

Այսպիսի պայմանագրերը, որոնց նպատակը վառելիքի արդիւնահանման ծրագրերի իրականացման վտանգներն ու շահոյթները օտարերկրեայ ընկերութեան եւ ռեսուրսները տնօրինող պետութեան միջեւ կիսելն է, ընդունւած երեւոյթ են նաւթի եւ գազի արդիւնահանութեան ոլորտում:

«Բրիտիշ Փեթրոլում»-ը Ադրբեջանի նաւթագազային ծրագրերում ամենամեծ մասնաբաժինն ունի, սակայն այդ ծրագրերում աւելի փոքր մասնաբաժիններ ունեն նաեւ օտարերկրեայ այնպիսի խոշոր ընկերութիւններ, ինչպիսիք են ամերիկեան Էքսոն Մոբիլը, նորւեգական Էքուինորը եւ ռուսական Լուկոյլը:

«Բրիտիշ Փեթրոլում»-ի ֆինանսական փաստաթղթերի հրապարակումից պարզ է դառնում, որ 2020 թ. ի վեր ընկերութիւնը Բաքւին մատակարարել է համաշխարհային գներով գրեթէ 35 մլրդ. դոլար արժողութեամբ նաւթ եւ գազ: Այս գումարը աւելի քան չորս անգամ գերազանցում է երկրի ռազմական ծախսերը նոյն ժամանակահատւածի համար, որոնք, համաձայն Ստոկհոլմի Խաղաղութեան հետազօտման միջազգային ինստիտուտի, կազմում են գրեթէ 7,9 մլրդ. դոլար:

«Մենք աջակցում ենք հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը եւ լիայոյս ենք, որ շուտով հակամարտութեան վերջնական լուծումը կը գտնւի»,- յաւելել է «Բրիտիշ Փեթրոլում»-ի խօսնակը: Այս յայտարարութիւնը Բրայունը որեւէ կերպ հրաժարւել է մեկնաբանել:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը էթնիկ հայերի արտագաղթը կոչել է ոչ այլ կերպ, քան «էթնիկ զտումներ եւ հայրենազրկում»: Ադրբեջանի արտգործնախարարութիւնը կտրուկ հերքել է այդ յայտարարութիւնը՝ պնդելով, որ տարածաշրջանի բնակչութեան զանգւածային արտագաղթը «անձնական եւ անհատական որոշում է եւ որեւէ կապ չունի հարկադիր տեղահանութեան հետ»:

Աղբիւրը՝ theguardian.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆ ԱԶԻԶԵԱՆԻ

Related Articles

Back to top button