Աւետիք Չալաբեան. «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան պէս՝ իւրաքանչիւրս այսօր Բաքւի բանտում է, նրանք այնտեղ են՝ մեր փոխարէն»
Արցախի կորուստը մեծագոյն ցաւ եւ ողբերգութիւն է, Արցախը մեր ազգային երազանքի իրական մարմնացումն էր։ Մեր ազգի լաւագոյն ներկայացուցիչները ժամանակին նւաճեցին Արցախի ազատութիւնն ու անկախութիւնը, եւ երեսուն տարի շարունակ Արցախը մեր ազգային իղձերի իրականացման առհաւատչեան էր։ Այս վարչախումբն արդէն բացայայտ պնդում է, թէ պէտք էր հրաժարւել Արցախից, իբր Հայաստանի ինքնիշխանութիւնը վերականգնելու համար։ Նրանք չէին կարող այդ մասին խօսել միանգամից իշխանափոխութիւնից յետոյ, այդ պատճառով Արցախը յանձնեցին փուլային կերպով, ստորաբար, հասարակութեանը դրա մէջ ներքաշելով, մեղքը բարդելով ում վրայ ասես՝ ուժայիններից մինչեւ Արցախի իշխանութիւններ։ ՀՀ-ն ձեռքերը լւաց եւ չաջակցեց արցախցիներին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել «Հայաքւէ» նախաձեռնութեան համակարգող Աւետիք Չալաբեանը:
«Հասարակութեան մեծամասնութիւնը գիտակցում է, թէ ինչ է տեղի ունեցել, այն է՝ Արցախի դաւաճանական յանձնում այս վարչախմբի կողմից։ Կայ նաեւ ընկալում, որ Արցախի հարցի հանգուցալուծումն ապագայում է լինելու։ Սրանք հողին են հաւասարեցրել սերունդների արիւնն ու քրտինքը, այդ թւում՝ առաջին արցախեան պատերազմի հազարաւոր զոհերի։ Պէտք է հարց տալ՝ եթէ այս աղէտը տեղի ունեցաւ Արցախի հետ, ո՞րն է երաշխիքը, որ դա տեղի չի ունենայ ՀՀ-ի հետ, այնպէս, ինչպէս ամիսներ առաջ՝ Կիրանցում։ Այս վարչախումբը պատրաստ է յանձնել ՀՀ տարածքի ցանկացած կտոր, միայն թէ պահպանի իշխանութիւնը։ Այս վարչախումբն իր բոլոր չիրականացած խոստումները բարդում է այլոց վրայ։ Օրինակ, Արցախի կորուստը բարդում են Արցախում ընդամէնը երկու շաբաթ պաշտօնավարած նախագահ Սամուէլ Շահրամանեանի վրայ»,- ասել է հասարակական գործիչը:
«Ջերմուկի եւ Իշխանասարի վրայ թշնամին յարձակւեց սրանց հետ պայմանաւորւած, այդ պատճառով՝ նրանց դիմադրութիւն չցուցաբերւեց։ Դրա արդիւնքում Պրահայում ստորագրւեց Արցախի յանձնման մասին փաստաթուղթ։ Թշնամին Հայաստանի տարածքից մի քայլ անգամ չնահանջեց, աւելին՝ Կիրանցի հատւածում առաջ եկաւ։ Փաշինեանի համար խաղաղութեան պայմանագիրն ունի երկու նպատակ՝ նախ խաբել սեփական ընտրազանգւածին, թէ իբր խաղաղութիւն է բերել, եւ ապա՝ այս վարչախմբի արտաքին պատւիրատուներին որոշակի արդիւնք ցոյց տալ։ Այդ պատւիրատուները շահագրգիռ են, որ այդ փաստաթղթի ստորագրումը տեղի ունենայ հնարաւորինս շուտ»,- նշել է Աւետիք Չալաբեանը:
Հասարակական գործչի կարծիքով՝ Ադրբեջանը հրաշալի հասկանում է, որ այս վարչախումբը շտապում է, հետեւաբար՝ փորձում է այդ փաստաթղթի համար հնարաւորինս աննպաստ պայմաններ սահմանել.
«Օրինակ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին դարձեալ ակտիւ խօսակցութիւններ են սկսւել։ ՌԴ-ն ու Իրանը՝ առանց մեր մասնակցութեան, քննարկում են այս թեման։ Տպաւորութիւնն այն է, որ Սիւնիքի մարզն այլեւս ՀՀ-ին չի պատկանում, եւ մենք մեր վերահսկողութիւնը կորցրել ենք Սիւնիքի նկատմամբ։ Արցախի յանձնումը բերեց մեր անվտանգային համակարգի փլուզման, եւ եղած տարածքում մենք այլեւս ռազմավարական խորութիւն չունենք։ Յստակ պաշտպանական ռազմավարութիւն չկայ, որ եթէ, օրինակ, Ադրբեջանը փորձի կտրել Սիւնիքը, ինչ է պէտք անել»:
«Այս վարչախումբն արդէն քանի տարի է՝ զբաղւած է Հայաստանի անվտանգային համակարգի կազմաքանդմամբ։ Կա՛յ այլընտրանք, եւ դա բաղկացած է մի շարք տարրերից։ Մեր պաշտպանական համակարգը պէտք է օգտագործի երկրի ներսում առկայ ներուժը, օրինակ՝ ներգրաւի ՊԲ նախկին զինծառայողներին, զարգացնի տեղական ռազմարդիւնաբերութիւնը, ստեղծի պահեստազօր, եւ այլն։ Թէեւ Բաքւում պատանդառւած է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ութ ներկայացուցիչ, բայց Բաքւի բանտերում է գտնւում մեզնից իւրաքանչիւրը։ Նրանք Բաքւի բանտում են՝ մեր փոխարէն, մեզնից իւրաքանչիւրը կարող էր գտնւել այնտեղ նոյն տրամաբանութեամբ»,- ամփոփել է Աւետիք Չալաբեանը: