Այլ

Գիտնականները պարզել են, թէ ինչպէս է ծնողների սննդային վարքը ազդում երեխաների վրայ

Հետազօտութիւնը, որն իրականացւել է Ասթոնի համալսարանում, ցոյց է տւել, որ փոքր երեխաները յաճախ նոյնպիսի սննդային վարք են ցուցաբերում, ինչպէս եւ նրանց ծնողները, ընդ որում՝ ծնողների սնւելու սեփական ոճը ազդում է այն բանի վրայ, թէ ինչպէս են նրանք կերակրում իրենց երեխաներին,- գրել է News Medical Life Sciences-ը։

Հետազօտութեան արդիւնքների հիման վրայ գիտնականները ենթադրել են, որ ծնողները կարող են օգնել, որպէսզի երեխաների մօտ ձեւաւորւի առողջ սննդային վարք՝ կապւած այն բանի հետ, թէ ինչպէս են իրենք սնւում եւ ինչպէս են կերակրում իրենց երեխաներին։ Հետազօտողների խումբը՝ պրոֆեսոր Ժաքլին Բլիսեթի գլխաւորութեամբ (Ասթոնի համալսարանին կից Ասթոնի առողջութեան եւ նեարդաբանութեան դպրոց), խնդրել է ծնողներին գնահատել իրենց սեփական սննդային վարքը եւ որոնել կապեր իրենց եւ իրենց երեխաների այդ վարքի միջեւ։

Հետազօտողները ծնողներին բաժանել են չորս կարգի՝ «բնորոշ», «մոլի», «յուզական» եւ «սննդի օգտագործումից խուսափողներ»։

Բնորոշկարգի ծնողները կազմել են 4.14 տոկոս, նրանք աչքի չեն ընկնում էքստրեմալ վարքով։ Մոլիները (37.3 տոկոս) աչքի են ընկնում ուտելիքի հանդէպ բարձր մօտեցմամբ, օրինակ՝ ուտում են ի պատասխան սննդային ազդանշանների, այլ ոչ թէ ըստ քաղցածութեան։ Յուզականները (15.7 տոկոս) նոյնպէս ուտում են ի պատասխան յոյզերի, բայց այնպիսի բաւականութիւն չեն ստանում ուտելիքից, ինչպէս մոլիները։

Նրանք, ովքեր նախընտրում են խուսափել ուտելիքից (5.6 տոկոս), խիստ ընտրական վերաբերմունք ունեն ուտելիքի հանդէպ եւ դրանից մեծ բաւականութիւն չեն ստանում։ Երեխայի եւ ծնողների միջեւ ուղիղ կապը յատկապէս ակնյայտ էր մոլի կամ ուտելուց խուսափող ծնողների պարագայում, նրանց երեխաները, որպէս կանոն, նման սննդային վարք են ունեցել։

Մոլի եւ յուզական կարգի ծնողները սնունդն օգտագործել են երեխային հանգստացնելու համար, որն, իր հերթին, ունեցել է մոլի կամ յուզական սնւելու հակում։

Այնտեղ, որտեղ ծնողները (մոլի եւ յուզական) ապահովել են մթերքների հաւասարակշռւած եւ տարատեսակ տեսականի, երեխան աւելի քիչ հաւանականութեամբ է նման վարքագիծ դրսեւորել։

News.am

Related Articles

Back to top button