Այլ

Հանթինգտոնի հիւանդութիւնը ախտահարում է ոչ միայն նէյրոնները, այլեւ ուղեղի փոքր անօթները

Նէյրոֆիզիոլոգները նոր վկայութիւններ են յայտնաբերել այն մասին, որ Հանթինգտոնի հիւանդութիւնը ոչ միայն ուղեկցւում է նէյրոնների զանգւածային ոչնչացմամբ, այլեւ ուղեղի մանր անօթների աշխատանքի խափանումներով, ինչը զգալիօրէն վատացնում է թթւածնի մատակարարումն ուղեղին։ Այս մասին տեղեկացրել է Լանքաստերի համալսարանի (Բրիտանիա) մամուլի ծառայութիւնը։

«Գիտնականները յայտնաբերել են, որ Հանթինգտոնի հիւանդութիւնը ախտահարում է ոչ միայն նեարդային բջիջները, այլեւ ուղեղի մանր անօթները։ Դիտարկումները ցոյց են տւել, որ ուղեղի անօթների աշխատանքի փոփոխութիւնները առաջ են գալիս դեռ մինչեւ Հանթինգտոնի հիւանդութեան առաջին տեսանելի ախտանշանների ի յայտ գալը, ինչից կարելի է օգտւել հիւանդութեան վաղ յայտնաբերման թերապիաների արդիւնաւէտութեան եւ կենսակերպի փոփոխութիւնների գնահատման համար»,- նշւել է հաղորդագրութիւնում։

Յայտնագործութիւնը կատարել է նէյրոֆիզիոլոգների խումբը՝ Լանքաստերի համալսարանի պրոֆեսոր Անետա Ստեֆանովսկայայի գլխաւորութեամբ, դիտարկւել է հիւանդութեան 30 կրողների եւ նոյնքան էլ առողջ կամաւորների ուղեղի աշխատանքը։ Գիտնականները հետեւել են պացիենտների ուղեղի ակտիւութեանը ինֆրակարմիր սպեկտրոսկոպի եւ էլեկտրաէնցեֆալոգրաֆի օգնութեամբ, ինչպէս նաեւ ուսումնասիրել են նրանց սրտի եւ թոքերի աշխատանքը։

Հետազօտողները բացատրել են, որ ուղեղի եւ արեան շրջանառութեան համակարգի փոխգործակցութիւնն իրենց հետաքրքրել է կենսաբանների վերջերս կատարած յայտնագործութեան իմաստով։ Պարզւել է, որ ուղեղի նէյրոնները պարունակում են մեծ քանակութեամբ HTT սպիտակուց, որի սինթեզը խախտւում է Հանթինգտոնի հիւանդութիւնը կրողների մօտ։ Սա գիտնականներին մղել է այն մտքին, որ հիւանդութեան առաջացումը կարող է խափանումներ ստեղծել բջիջների աշխատանքում եւ թթւածնով ուղեղի մատակարարման հարցում։

Հանթինգտոնի հիւանդութիւն ունեցողների մօտ նեարդային բջիջների ակտիւութեան ռիթմերը, անօթների զարկերակները եւ շնչառական օրգանների աշխատանքը սինքրոնացւած չեն եղել մէկը միւսի հետ, ինչը յանգեցնում է խնդիրների առաջացման թթւածնով ուղեղի ապահովման հարցում։ Սա բնորոշ չի եղել առողջ կամաւորների համար, որոնց մօտ այդ բոլոր ռիթմերը սինքրոնացւած են եղել։

Հետազօտողների կարծիքով՝ Հանթինգտոնի հիւանդութեան այս առանձնայատկութիւնը կարող է օգտագործւել որպէս բիոմարկեր, որը թոյլ կը տայ ոչ ինւազիւ կերպով եւ ժամանակին յայտնաբերել դրա առաջացման առաջին նշանները։ Բացի այդ, յայտնագործութիւնը մատնանշում է այն, որ թերապիաները պէտք է ոչ միայն դանդաղեցնեն նէյրոնների ոչնչացումը, այլեւ վերականգնեն ուղեղի մանր արիւնատար անօթների աշխատանքը։

Հանթինգտոնի հիւանդութիւնը նեարդային համակարգի ծանր հիւանդութիւն է՝ կապւած HTT գենում մուտացիաների ի յայտ գալու հետ։ Գենի ներսում գենետիկ կրկնութիւնների չափից մեծ քանակութիւնը յանգեցնում է այն բանին, որ մօտ 30-50 տարեկանում ուղեղի նէյրոնները սկսում են մահանալ, ինչի հետեւանքով հիւանդութիւնը կրողներն աստիճանաբար կորցնում են վերջոյթների շարժումների վերահսկողութիւնը, իսկ հետագայում նրանց մօտ խախտւում են նաեւ ուղեղի կոգնիտիւ ֆունկցիաները։

 NEWS.am Medicine

Related Articles

Back to top button