Դաշնակցական Բեմ

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԶՕՐԱՇԱՐԺԻ ՎԵՐԱՆՈՐՈԳ ՀԱՆԳՐՒԱՆ…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի առիթով

 

Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադրութիւնից երկու տարի անց, այսինքն՝ 1892 թ. է կայացել 135-ամեայ կուսակցութեան Առաջին Ընդհանուր ժողովը՝ Թիֆլիսում։

Մինչ այդ, սակայն, կայացել են Հիմնադիր ժողովներ, որոնց զուգահեռ էլ հրապարակւել է ՀՅԴ Մանիֆեստը, որտեղ պարզորոշ  են դարձել Կազմակերպութեան նպատակային առաջնահերթութիւնները, որոնք ամփոփւել են նոյն Մանիֆեստի վերջին երկտողում՝ «Համախմբւենք՝ հայեր, եւ քաջութեամբ առաջ տանենք հայրենիքի ազատութեան սուրբ գործը»։

 Եւ այսպէս՝ 1892 թւականից մինչ օրս կայացել են 34 Ընդհանուր ժողովներ, որոնք սովորաբար տեղի են ունեցել քառամեայ պարբերականութեամբ, երբեմն էլ հարկ եղած անհրաժեշտութիւնից՝ կայացել են երկու կամ եռամեայ կտրւածքով…։

Թէեւ Դաշնակցութեան բոլոր Ընդհ. ժողովներն էլ համապատասխան ժամանակաշրջաններում, հայոց առջեւ դրւած մարտահրաւէրները դիմագրաւել-յաղթահարելու համար անխտիր որդեգրել են երկարաժամկէտ կամ միջնաժամկէտ նպատակային ու ռազմավարական եւ ինչու չէ՝ մարտավարական ուղեգծեր, բայց եւ այնպէս, եղել են առանձնայատուկ ժողովներ եւս, որոնցում հարկաւոր է համարւել նպատակային ու ռազմավարական կարճաժամկէտ դրոյթներ առաջադրել՝ տւեալ պահերին ու պայմաններին համահունչ։

Զորօրինակ, 1907 թ. 4-րդ Ընդհ. ժողովը Վիեննայում, միահամուռ որդեգրել է քաղաքական համարձակ որոշում, որով կուսակցութիւնն իր ամբողջական հնարաւորութիւններն է ի գործ դրել Պարսկաստանի Սահմանադրական յեղափոխութեանը մասնակցելու համար։ Իսկ յարգելի ընթերցողը լաւապէս գիտակցում ու արժեւորում է հայ ազգային կուսակցութիւնների ու մասնաւորապէս Եփրեմի դերակատարութիւնն այդ շարժմանը, ինչպէս էլ հետագայ՝ աւելի քան մէկդարեայ դրական իմիջը, որը վաստակել է իրանահայութիւնը՝ Ռոստոմների, Եփրեմների, Քեռիների ու Նիկոլ Դումանների շնորհիւ։

Առանձնայատուկ է եղել դարձեալ, 1919 թ. ՀՅԴ 9-րդ Ընդհ. ժողովը, ազատ-անկախ Հայաստանում, արդէն որպէս պետական կուսակցութիւն. այդ պատկառելի ու բացառիկ ժողովում է, որ մտայղացւել է «Նեմեսիսեան» կամքի արտայայտութիւնը, որով էլ հետագայ երեք տարիներին իրականացւեց Հայոց Մեծ Եղեռնի «նահատակների կտակը»՝ հայոց վրիժառու հերոսների արդարահատոյց սխրանքներով։

Այնուհետեւ Խորհրդային Հայաստանի իրողութիւն, որտեղ Սփիւռքեան 70-ամեայ ժամանակաշրջանում Դաշնակցութեան Ընդհանուր ժողովների բովից են անցել հայապահպանման, համայնքների կազմակերպման ու մասնաւորապէս նոր սերունդների քաղաքականացման-յեղափոխականացման ռազմավարական նկատառումները, որոնք բազմապատկեցին Հայոց նորագոյն Պահանջատիրութեան հնարաւորութիւնները, միաժամանակ՝ փշրելով Հայ Դատի շուրջ քաշւած լռութեան դաւադիր ու արհեստական պատնէշները։

Յետ-Խորհրդային Հայաստան, Արցախի ազատագրական պայքար ու ՀՅԴ կազմակերպական-քաղաքական վերընձիւղում՝ վերանկախացած Հայաստանում։

«Դէպի Երկիր» փրկարար Կոչ, իւրայինի կողմից՝ աքսորի պարտադրանք, բանտ-արգելակում ու դեռ… այլ կապանք-զրպարտանքները շրջանցեց, «ըմբռնեց» ու յաղթահարեց Դաշնակցութիւնը՝ որպէս նորամուտ պետական կուսակցութիւն, յանուն նոյն Պետականութեան աստիճանական կայացման  ու յանուն միեւնոյն քաղաքական հիւանդ  դաշտի առողջացման։

Վերոգրեալներն են եղել Աքսորեալ, թէ՛ Հայրենական ՀՅԴ-ի վերջին Ընդհանուր ժողովների գլխաւոր օրակարգերը, որոնք այսպէս, թէ այնպէս, իրենց դրական ու բացասական բանաձեւումն են ստացել օրինաչափօրէն։

Շուտով, սակայն, կայանալու է Հ. Յ. Դաշնակցութեան 35-րդ Ընդհանուր ժողովը։ Ժողով, որն ըստ ամենայնի կայանում է, բառի ամենաընդգրկուն իմաստով, ոչ-օրինաչափ մթնոլորտում ու պայմաններում։

Ամենա-անօրինաչափ իրադարձութիւնը դա՝ յանձնւողական իշխանախմբի թողտւութեամբ հինգհազարամեայ հայկական Արցախի ՀԱՅԱԹԱՓՈՒՄՆ ՈՒ ԿՈՐՈՒՍՏՆ Է. անօրինաչափ այնպիսի ամօթալի երեւոյթ, որին ականատես չենք եղել ազգովի, նոյնիսկ Խորհրդային ամբողջատիրական կարգերում։

Յաջորդ ձախորդագոյն անօրինաչափութիւնը դա՝ արդէն աւելի քան վեցամեայ հակազգային իշխանութիւնն է, որն անւանապէս թէեւ Հայաստան ու հայութիւն է ներկայացնում, բայց խորքում ու ամենայն համոզումով մերժում է ամէն ինչը, որ ազգային է ու հայկական…, այսինքն՝ ազգի հաւատոյ հանգանակ՝ Հայոց Առ. Ս. Եկեղեցին, մեր հազարամեակների ինքնութեան վկայագիր՝ Հայոց Պատմութիւնը, հայի տոկունութեան ու յաւերժութեան խորհրդանիշ՝ ԱՐԱՐԱՏ-ը, հայութեան ազգային գաղափարախօսութեան ու պետական խորհրդանիշեր՝ Զինանշանը, օրհներգն ու հաւաքական հայութեան կամքի արտայայտութիւն՝ Սահմանադրական հասկացութիւնները։

Անօրինաչափ, բայց մանաւանդ դաւաճանական կեցւածքի նորագոյն ցուցանիշի դրսեւորումն, ահա, դարձաւ Հայոց Ցեղասպանութեան նորովի ուրացումն, յօգուտ թուրք-ադրբեջանական ոսոխների…։

Ահա եւ՝ այսպիսի օրհասական պայմաններում է կայանալու 135-ամեայ ՀՅԴ-ի 35-րդ Ընդհ. ժողովը, որն անտարակոյս լինելու է առանձնայատուկ, վճռորոշ եւ անկիւնադարձային՝ Հայաստանի ու հայութեան համազգային զօրաշարժի վերանորոգ հանգրւանը ուղենշելու համար:

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button