Պարզւել է ուղեղի ակտիւութեան յատուկ տեսակ՝ կապւած յիշողութեան եւ քնի հետ
Երբ մենք մտածում ենք այնպիսի բաների մասին, որոնք իրականում տեղի չեն ունենում, օրինակ, երբ հարթմնի երազում ենք, ուղեղն, ըստ էութեան, ոչ թէ ստանում եւ մշակում, այլ ստեղծում է այդ ինֆորմացիան, այդ պատճառով հետազօտողները դա դասակարգում են որպէս ուղեղի «ինքնագեներացւող» վիճակ։ Հետազօտութիւնում, որի արդիւնքները հրապարակւել են Nature Communications ամսագրում, ճապոնացի գիտնականները պարզել են, որ այդ ինքնագեներացւող վիճակները կապւած են ուղեղի ակտիւութեան յատուկ տեսակի հետ, որը յայտնի է որպէս «կտրուկ ալիքային ծփանք»։
Այդ տատանումները սկսւում են հիպոկամպում՝ ուղեղի այն հատւածում, որն անհրաժեշտ է յիշողութիւնների ստեղծման եւ վերականգնման համար։
Այս կտրուկ տատանումների եւ մտքերի տարբեր տեսակների փոխկապւածութիւնն ուսումնասիրելու համար հետազօտական խումբն օգտագործել է ինֆորմացիա, որը հաւաքւում է, երբ դեղակայուն էպիլեպսիա ունեցող պացիենտները պատրաստւում են վիրաբուժական միջամտութեան (գլխուղեղի էպիլեպտիկ ակտիւութեան սկզբնական կէտի հեռացման)։ Այդ պացիենտների հիպոկամպում պատւաստում են ներգանգային էլեկտրոդներ, եւ մշտապէս յետեւում են գլխուղեղի ակտիւութեանը, որպէսզի վիրաբոյժները կարողանան որոշել էպիլեպտիկ հատւածը եւ վստահ լինեն, որ չեն հեռացնում ուղեղի այն հատւածը, որն անսպասելի հետեւանքներ կունենայ։
«Մենք խնդրեցինք ուղեղի էլեկտրաէնցեֆալոգրաֆիական մոնիթորինգ անցնող պացիենտներին 10 օրւայ ընթացքում ամէն ժամ լրացնել թերթիկ իրենց մտքերի եւ յոյզերի մասին,- պատմել է հետազօտութեան առաջատար հեղինակ Տակամիցու Իւատան։- Մենք հիմնականում ցանկանում էինք տեսնել, թէ կը կարողանանք արդեօք պարզել ինչ-որ կապեր գրանցւած ուղեղային ակտիւութեան եւ այն բանի միջեւ, թէ ինչպէս են պացիենտներն զգում եւ մտածում այդ պահին»։
Որպէս կանոն, կտրուկ ալիքային ծփանքը հիպոկամպում պացիենտների մօտ առաջացել է գիշերը (ենթադրաբար քնի ժամանակ)։ Բացի այդ, հետազօտական խումբը նկատել է կապ սուր ալիքների եւ մտքերի բարձր ակտիւութեան միջեւ, որոնք աւելի վառ կամ պատկերաւոր էին եւ պակաս ցանկալի կամ խնդիրների հետ կապւած, այսինքն, երբ նրանց մտքերը թափառում էին։
«Յատկանշական է, որ թէեւ մեր հետազօտութիւնն իրականացւել է բացառապէս էպիլեպսիա ունեցող մարդկանց վրայ, մենք արել ենք հնարաւոր ամէն ինչ, որպէսզի արդիւնքները կիրառելի լինեն նաեւ բնակչութեան համար,- պարզաբանել է հետազօտութեան աւագ հեղինակ Տակուֆումի Եանագիսաւան։- Մեր շատ արդիւնքների եւ այլ տեսակների կամ մեթոդների կիրառմամբ կատարւած նախորդ հետազօտութիւնների արդիւնքների նմանութիւնը մատնանշում է, որ մեր մօտեցումը լաւ արդիւնք է տւել»։
Ուղեղի հատւածների եւ դրանց՝ այդ վիճակներն առաջացնող ակտիւութեան ընկալումը կարող է օգնել մարդկանց տարբեր հիւանդութիւնների դէպքում, եզրակացրել են գիտնականները։
NEWS.am Medicine