ԹեհրանՀամայնքՀասարակական

Թեհրանում «Ս. Մարիամ» նոր մետրոկայանը դռները բացեց հանրութեան առաջ

«ԱԼԻՔ» – Երէկ՝ նոյեմբերի 29-ին, մայրաքաղաքի Քարիմխան պողոտայի Նեջաթօլլահի հատւածում բացումը կատարւեց «Ս. Մարիամ» մետրոկայանի՝ Թեհրանի քաղաքապետ Զաքանիի եւ քաղաքային պատասխանատուների ներկայութեամբ։ Բացման արարողութեանը մասնակցել են նաեւ արտասահմանցի հիւրեր եւ շուրջ քսան երկրների դեսպաններ կամ դեսպանատների ներկայացուցիչները: Հրաւիրւած հիւրերի առաջին շարքում Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ ասորական համայնքների պատգամաւորներն էին, ինչպէս նաեւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանը եւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Յակոբեանը։

Ընթացքում յայտարարւեց, որ բացման արարողութիւնը լայնօրէն լուսաբանւում է՝ շուրջ 60 լրատւամիջոցների լրագրողների մասնակցութեամբ: Իսկ ուղիղ եթերով Press TV-ի կայքում արձանագրւել է երկու միլիոն դիտում:

Հանդիսաւոր արարողութեան ժամանակ նշւեց, որ մետրոկայանն անւանելու հարցում հաշւի է առնւել կայարանի հարեւանութիւնը իրանահայ համայնքի Մայր Եկեղեցու՝ Ս. Սարգիս առկայութիւնը, որով կայարանի անւանումը «Օսթադ Նեջաթօլլահի»-ից փոխւել է «Ս. Մարիամ»-ի։

Նոյն կապակցութեամբ Թեհրանի քաղաքապետ Զաքանին իր ելոյթում նշեց, որ քաղաքային կառավարման պատիւ էր նման անւանում ընտրելը: Նա անդրադառնալով՝ «Ս. Մարիամ» կայարանի անւնադրմանը, նշեց, որ այս քայլն քաղաքային կառավարման համար մեծ պատիւ է եւ իրականացւել է՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան հաւատքային հիմքերի եւ սահմանադրօրէն հաստատւած արժէքների հիման վրայ:

Զաքանին ընդգծեց, որ դարաւոր համակեցութիւնը տարբեր դաւանանքների միջեւ Իրանում իրաւական ու պատմական իրականութիւն է․ «Այս իրականութիւնն ինքնին պատասխան է այն խեղաթիւրումների, որոնք ծաւալապաշտական մօտեցումներով երկրներն են փորձում տարածել Իրանի մասին»։

Ընթացքում ելոյթ ունեցաւ նաեւ Արա Շահվարդեանը: Իրանի Իսլամական խորհրդարանի իրանահայ պատգամաւորը նկատել տւեց, որ «Ս. Մարիամ» կայարանի բացումը միայն ենթակառուցւածքային նախագիծ չէ․ «Այդ անունը մշակութային խորհուրդ է կրում եւ արտայայտում է մեր երկրում առկայ համատեղ հաւատքի, փոխադարձ յարգանքի եւ տարբեր դաւանանքների ու ազգերի միասնութեան ոգին։ Մեր սիրելի Իրանը դարերի ընթացքում է կերտել համակեցութեան, սիրոյ եւ միմեանց նկատմամբ յարգանքի եզակի յատկանիշը»։

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը նշեց նաեւ, որ «Ս. Մարիամ» անունը կրող այս կայարանը կենդանի վկան է այն կապի ու բարեկամութեան, որը գոյացել է հաւատամքի, բարոյականութեան, փոխհասկացութեան եւ մէկը միւսին ծառայելը պատիւ համարող հասարակութեան շնորհիւ: Նա յաւելեց, որ, որպէս իրանահայ համայնքի պատգամաւոր՝ հպարտութեամբ է ընդգծում, որ նման անւնադրումները վկայում են դաւանանքների փոխադարձ յարգանքի փաստը՝ այն իրականութեան, որն ամրագրւել է Իրանի Սահմանադրութեամբ»։

Պատգամաւորը շնորհակալութիւն յայտնեց քաղաքապետարանին եւ մետրոյի համապատասխան կառոյցներին՝ ընդգծելով. «Պարտք եմ համարում իմ երախտագիտութիւնը փոխանցել Թեհրանի քաղաքապետին, բոլոր ղեկավարներին, ճարտարապետական խմբերին, աշխատակիցներին ու ողջ աշխատակազմին, որոնք անքակտելի նւիրումով ու աշխատանքի շնորհիւ այս նախագիծն աւարտին հասցրեցին: ««Ս. Մարիամ» կայարանը նւիրւած է այն քաղաքին, որն իր գիրկն է բացել բոլորի առաջ՝ անկախ դաւանանքից, ազգից կամ համոզմունքից»,- նշեց պատգամաւորը:

Իր խօսքի աւարտին Արա Շահվերդեանը յոյս յայտնեց, որ նոր կայարանի գործարկումը կը նպաստի մայրաքաղաքի կայուն զարգացման, երթեւեկութեանը եւ մայրաքաղաքի բազմազգ ու բազմադաւան բնակչութեան սրտերի մերձեցմանը։

Թեհրանի փոխքաղաքապետ Մոհսէն Հորմոզին եւս «Ս. Մարիամ» կայարանի բացման ծրագրի ընթացքում նշեց, որ կայարանի բացումով ոչ միայն ընդլայնւեց մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը, այլ նաեւ ընդգծւեց խաղաղութեան եւ Աբրահամեան դաւանանքների հանդէպ յարգանքը։

Նրա խօսքով՝ կայարանը նոր ճարտարապետական լուծումներով եւ տարբերւող մօտեցմամբ է իրականացւել: Նա յիշեցրեց, որ այն նախագծւել է երկու տարի առաջ սկսւած գործընթացով, նախագահ Ռէյիսիի այցելութիւնից յետոյ, եւ անւանակոչւել է քրիստոնէական համայնքների, մասնաւորապէս, իրանահայ ներկայացուցիչների մասնակցութեամբ։

Նա նաեւ տեղեկացրեց, որ շուտով հրատարակւելու է «Թեհրանի մետրոյի բանաւոր պատմութեան» գիրքը, որը ամփոփում է մետրոյի 25-ամեայ փորձառութիւնն ու զարգացման ուղին։ Այստեղ նա մէջբերման կարգով ընթերցեց շինաշխատանքների ժամանակ տեղի ունեցաւ աղետալի դէպքերից մէկի վկայագրութիւնը, որտեղ իրանահայ ճարտարապետի հանճարեղ լուծումներով հնարաւոր է դառնում խոյս տալ աւելի մեծ աղէտից…

Ապա տեղի ունեցաւ գրքի շնորհանդէսային կարգը, որից յետոյ Թեհրանի քաղաքապետ Զաքանին, Արա Շահվերդեանի եւ ասորական համայնքի պատգամաւոր Շարլի Էնոյէ Թեքիէհի ընկերակցութեամբ կայարանի անձնագիրը համարւող յուշատախտակի բացումը կատարեցին:

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button