Թեհրան

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած՝ Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի ոգեկոչման Կենտրոնական յանձնախմբի անդրանիկ նիստը գումարւեց

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցը: Ինչպէս իւրաքանչիւր տարի Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը այս տարի եւս կեանքի է կոչել Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի ոգեկոչման Կենտրոնական յանձնախումբ, որի անդրանիկ նիստը գումարւեց երեքշաբթի, յունւարի 30-ի երեկոյեան ազգային առաջնորդարանի դահլիճում, գլխաւորութեամբ՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի:

Ժողովի ընթացքում Թեմական խորհրդի ատենապետը ընդգծեց, որ անցնող տարի հայ ժողովուրդը դէմ-յանդիման կանգնելով բազմաթիւ խնդիրների դիմաց ապրել է յուսահատութեան բազմաթիւ պահեր, ուստի անհրաժեշտ է նախաձեռնել ժողովրդին յոյս ներշնչող միջոցառումներ: Նա իր ելոյթի ընթացքում նշեց, որ Կենտրոնական յանձնախմբի անդրանիկ նիստը միշտ մեկնարկել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի մասնակցութեամբ, սակայն Սրբազան Հօր առողջական պայմաններից ելնելով, նիստը մեկնարկում է Սրբազան Հօր յղած օրհնանքով: Թեմական խորհրդի ատենապետի ներկայութեամբ, անդրանիկ նիստի ընթացքում ժողովականները ընտրեցին Կենտրոնական յանձնախմբի դիւանը, հնչեցին առաջարկութիւններ, Ապրիլի 23-ի եւ 24-ի եւ Ապրիլեան ոգեկոչման միջոցառումները մեծ թւով հայրենակիցների, ի մասնաւորի երիտասարդների մասնակցութեամբ իրականացնելու համար:

Related Articles

Back to top button