ԻրանՀամայնքՔաղաքական

Արա Շահվերդեանը՝ նախարարների թեկնածուների որակաւորման քննութեան առաջին օրւայ մասին. «Ընդհանուր մթնոլորտը կառուցողական էր»

14-րդ կառավարութեան նախարարների թեկնածուների որակաւորման քննութեան առաջին օրւայ մթնոլորտի, խորհրդարանի կուլիսներում ծաւալւող ոչ պաշտօնական քննարկումների եւ տրամադրութիւնների մասին «ԱԼԻՔ»-ը զրուցեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ:

Պատգամաւորը նշեց, որ կառավարութեան կազմի որակաւորման քննութեան առաջին օրն անցաւ կառուցողական մթնոլորտում: Ըստ նրա՝ ակնյայտ էր, որ պատգամաւորների մեծամասնութիւնը հիմնականում դրական է տրամադրւած նախագահ Փեզեշքիանի կողմից ներկայացւած կառավարութեան կազմի նկատմամբ:

Արա Շահվերդեանը եւս անդրադարձաւ այն փաստին, որ իր ելոյթում նախագահը չխօսեց կառավարութեան ծրագրի մասին, ինչն իրականում նախադէպ չունեցող երեւոյթ էր: Շահվերդեանը սկայն նշեց, որ դա իր կարծիքով՝ այնքան էլ բացասկան խնդիր չէ. «Վերջիվերջոյ եթէ նախագահը յայտարարում է, որ կառավարութիւնն առաջնորդւելու է զարգացման 7-րդ ծրագրի նախանշած սկզբունքներով, դա իմ կարծիքով՝ դրական հանգամանք է, քանի որ զարգացման 7-րդ ծրագիրը համապարփակ փաստաթուղթ է, որը ձեւաւորւել է երկրի ղեկավար կառոյցների խորհրդակցութեան արդիւնքում, եւ որում ներառւած են երկրի համար կենսական նշանակութեան մի շարք խնդիրներ, որոնք անյապաղ լուծում են պահանջում: Եթէ կառավարութիւնը կարողանայ կարգաւորի այդ խնդիրների մի մասը եւ իրագործի երկրի զարգացման համար փաստաթղթում ամրագրւած ծրագրերի ու նպատակների գոնէ 60 տոկոսը, ապա մենք լուրջ դրական տեղաշարժի ականատեսը կը լինենք»:

Զրոյցի ընթացքում փորձեցինք պարզել, թէ որ նախարարների թեկնածուներն են յայտնւել այսպէս կոչւած վտանգաւոր՝ «կարմիր գօտում» եւ հնարաւոր է, որ չկարողանան յաղթահարել խորհրդարանի պատնէշը:

Արա Շահվերդեանը նշեց, որ պայմանական այդ գօտում կան նախարարի 6 թեկնածուներ. «Խնդիրներ կան կապւած Կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների, Առողջապահութեան, Ճանապարհների եւ քաղաքաշինութեան, Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի, Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ արհեստների, ինչպէս նաեւ Էներգետիկայի նախարարների թեկնածուների հետ: Նրանցից ոմանք կարող են չանցնել խոորհրդարանի ֆիլտրից: Բայց, պէտք է կրկին յիշեցնեմ, որ երէկւայ նիստի մթնոլորտը կառուցողական էր, եւ պատգամաւորների մօտեցումներում ակնյայտ էր դրական տեղաշարժ, ինչն անձամբ ինձ առիթ է տալիս ենթադրելու, որ կառավորութեան կազմն իր ամբողջութեամբ կարող է արժանանալ խորհրդարանի վստահութեան քւէին»:

Պատգամաւորը սակայն նշեց, որ դեռ ամէն ինչ առջեւում է, եւ շատ տեղաշարժեր են կարող տեղի ունենալ մինչ քւէրակութեան օրը՝ օգոստոսի 21-ը, այնպէս որ անհրաժեշտ է զինւել համբերութեամբ եւ հետեւել հնարաւոր զարգացումներին եւ իրադարձութիւնների ընթացքին:

Related Articles

Back to top button