«Մեզ լկտիութիւններ, խառնակչութիւններ պէտք չեն». Նարեկ Կարապետեանը՝ Աւանում

«Մեզ պէտք չեն լկտիութիւններ, մեզ պէտք չի խառնակչութիւն»։ Այս մասին յայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան ներկայացուցիչ Նարեկ Կարապետեանը Երեւանի Աւան վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը։
Քաղաքական գործիչը սելֆի է արել վարչական շրջանի բնակիչների հետ եւ յայտնել, որ Աւանում զբօսնելու ժամանակ ամենուր տեսել է աջակցութիւն ու ոգեւորութիւն։ «Մեզ համար մեծ պատիւ է փոփոխութիւններ բերելը։ Մեծ համատեղ աշխատանք կայ անելու»,- յայտարարել է Կարապետեանը։
Քաղաքական գործիչը յիշեցրել է, որ ներկայիս իշխանութեան շատ ներկայացուցիչներ քաղաքականութիւն են եկել որպէս համեստ, ամաչկոտ տղաներ։ Յետոյ տարեցտարի սկսել են աւելի շատ մարդկանց ճնշել, իրենց աւելի «բրուտալ» են զգացել։ Ամաչկոտ տղաներն ի վերջոյ դարձել են անամօթ։ «Մեր գլխաւոր ցանկութիւնն է, որ իշխանութեան գայ մի մարդ, որը իրական փոփոխութիւններ կը բերի, որպէսզի երկրում լինեն իրական համեստ, աշխատասէր մարդիկ. մեզ պէտք չեն լկտիութիւններ, մեզ պէտք չի խառնակչութիւն»,- ընդգծել է Կարապետեանը՝ յաւելելով, որ Հայաստանը միշտ եղել է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մէկը, եւ թէեւ 8 տարում յանցաւորութիւնը կրկնապատկւել է, նոյնիսկ այդպէս այն մնում է ամենաանվտանգ երկրներից մէկը։
Կարապետեանը հարց է բարձրացրել՝ արդեօ՞ք Եւրոպան կարող է պաշտպանել Հայաստանի անվտանգութիւնը։ «Եւրոպայի կենտրոնում չկարողացան սպային պաշտպանել Սաֆարովի յարձակումից, ինչպէ՞ս են Կովկասում պաշտպանելու ադրբեջանցիների ագրեսիայից։ Գիտենք՝ ինչպէս են պաշտպանելու. Կը գան, կը լուսանկարւեն, ցաւակցութիւն կը յայտնեն, կը գնան։ Մեր խնդիրները լուծում ենք ինքներս»,- յայտարարել է Կարապետեանը՝ յաւելելով, որ յունիսի 7-ին կարւի առաջին քայլը։ «Գնացէ՛ք ընտրութիւնների, որպէսզի այս իշխանութիւնները հեռանան»,- ընտրողներին կոչ է արել Կարապետեանը։



