«Իսրայէլ-24» հեռուստաալիք. «Բաքուն Իսրայէլի համար տարածաշրջանային անվտանգութեան համակարգի յենարանն է»
Ալիեւի եւ Նեթանիահուի համագործակցութեան առանցքը Իրանի դէմ թշնամանքն է

«ԱԼԻՔ» – Սթիւէն Ջ. Բլանկը՝ ԽՍՀՄ եւ ռուսական ռազմական ու արտաքին քաղաքականութեան, Ասիայի եւ Եւրոպայի առաջատար ամերիկացի փորձագէտ է: «Իսրայէլ-24» հեռուստաալիքը յղում անելով նրա վերլուծականներին նշել է, որ փորձագէտի կարծիքով՝ այն դէպքում, երբ Իրանը ցանկանում է Իսրայէլին ու Ադրբեջանի Հանրապետութեանը տնտեսական ու ռազմական միջոցներով թուլացնել կամ նոյնիսկ ոչնչացնել՝ իր միջուկային նպատակները հետապնդելով, զարմանալի չէ, որ Իրանն այդ երկու երկրների յարաբերութիւնների սերտացման կարեւորագոյն պատճառներից է: Նա նշել է, որ իսրայէլա-ադրբեջանական յարաբերութիւնների հիմքում ընկած է Իրանի ընդհանուր սպառնալիքը։
Աղբիւրը յաւելել է, որ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւը օրերս հանդիպել է Իսրայէլի տնտեսական ֆորումի (IEF) հիմնադիրներից եւ խորհրդատւական խորհրդի անդամ Ջոնաթան Մեսնէրին։
«Միայն հրաւէրով եւ այդ էլ որոշակի չափանիշների հիման վրայ, ներառեալ առաջնորդի դերերը եւ բիզնեսում ձեռքբերումները, կարելի է մասնակցել նման նիստին: IEF-ը սերտօրէն համագործակցում է ԱՄՆ-ում աշխատող հրէական եւ իսրայէլամէտ կազմակերպութիւնների հետ՝ աջակցելու Իսրայէլի տնտեսական նախաձեռնութիւններին»,- նոյն կապակցութեամբ իր տելեգրամեան ալիքում գրել է դոկտ. Էհսան Մովահեդիանը:
Յօդւածագիրը յաւելել է, որ Stein Mitchell Beato & Missner LLP իրաւաբանական ընկերութեան խոշոր բաժնետէրն է Միսնէրը, որի գրասենեակը գտնւում է Վաշինգտոնում: Նա IEF-ի խորհրդատւական խորհրդի անդամների թւում է: Նոյն խմբում են նաեւ ԱՄՆ-ում Իսրայէլի նախկին դեսպան Մայքըլ Օրէնը եւ Թել Աւիւի ֆոնդային բորսայի տնօրէնների խորհրդի նախագահ Իւջին Կանդէլը:
Տեղեկատւական արտահոսքում կարեւրորւել է նաեւ Թրամփի երդմնակալութեան յաջորդ օրը, Դաւուսում կայացած Իսրայէլի ու Ադրբեջանի Հանրապետութեան նախագահների հանդիպումը։ Հանդիպման պաշտօնական ամփոփագրի համաձայն՝ կողմերը բարձր են գնահատել համատեղ միջկառավարական յանձնաժողովի աշխատանքը։
«Այս իրադարձութիւնները յայտնւել են նաեւ ԱՄՆ-ի վերլուծաբանների ուշադրութեան կենտրոնում: Նրանք համակարծիք են այն բանում, որ Բաքւի կարեւորութիւնը՝ որպէս «Իսրայէլի տարածաշրջանային անվտանգային համակարգի յենասիւն», ինչպէս նշւում է «Բեգին-Սադաթ» կենտրոնի վերջին հետազօտական տեղեկագրում, անհերքելի փաստ է»,- նշել է Մովահեդիանը:
Աղբիւրի համաձայն՝ Ստէֆըն Բլանկն արձանագրել է նաեւ, որ երկու երկրները ստեղծել են աճող եւ կայուն յարաբերութիւնների շրջանակ, որը կարող է ապագայում ծառայել նաեւ Միացեալ Նահանգների շահերին: Նա ընդգծել է.«Հաշւի առնելով Երուսաղէմի հետ ԱՄՆ-ի ամուր կապերը եւ Բաքւի աճող տարածաշրջանային ազդեցութիւնը, Վաշինգտոնի համար կարեւոր է աջակցել այս ամրացող գործընկերութեանը՝ խթանելու Մերձաւոր Արեւելքում ու Կովկասում համապատասխան հաւասարումներով անվտանգութեանը»:
Forbes հետազօտական ամսագրի փորձագէտ Վեսլի Հիլը նոյնպէս կարեւորել է Կովկասում Իսրայէլի ակտիւութիւնը: Մովահեդիանը նրան եւս յղում անելով մէջբերել է փորձագէտի հիմնաւորումներից մի հատւած. «Միացեալ Նահանգները պէտք է օգտագործի Մերձաւոր Ատրեւելքում նման յարաբերութիւնները՝ ապահովելու էներգիայի կայուն մատակարարման շղթաները»։
Ամերիկացի փորձագէտը յաւելել է, որ ԱՄՆ-ի շարունակական աջակցութիւնը թէ՛ Ադրբեջանին, թէ՛ Իսրայէլին բխում է Միացեալ Նահանգների շահերից։
Նրա կարծիքով պէտք է հաշւի առնել տարածաշրջանում Բաքւի կարեւորութիւնն ու Իսրայէլի հետ նրա վաղեմի բարեկամութիւնը, եւ Թրամփի վարչակազմը պէտք է այն ներառի Աբրահամի համաձայնագրում (Abraham Accords):
«Նախագահ Թրամփին այն դէպքում կը յաջողւի իրականացնել իր էներգետիկ յաւակնութիւնները, եթէ առանցքային տարածաշրջաններում, ինչպիսիք են Մերձաւոր Արեւելքը, Կովկասը եւ Կասպից ծովը, ԱՄՆ-ի հետ գործընկերական յարաբերութիւններում՝ աշխարհաքաղաքական ներգրաււածութեան դեր վստահել, յատկապէս, Իսրայէլին եւ Ադրբեջանին»,- ընդգծել է ամերկացի վերլուծաբանը: