Հայաստան - Արցախ

Աղւան Վարդանեան. «Փաշինեանը վախկոտ է, փողասէր, ուստի իշխանութիւնը պահելու համար կը գնայ ամէն ինչի»

Մարտի 7-ին Հայաստանում Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ հանդիպումից յետոյ հրաւիրւած մամուլի ասուլիս ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը յայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնութեան օգնութեան կարիքը չունի եւ ի զօրու է «Զւարթնոց»-ում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայութիւնը։

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աղւան Վարդանեանն իշխանութեան այս յայտարարութիւնները դիտարկել է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու պլանի համատեքստում՝ միեւնոյն ժամանակ ընդգծելով՝ քանի որ գիտակցում են, որ կտրուկ տեղաշարժը ցնցումներ կառաջացնի երկրում, որոշել են կամաց-կամաց գնալ դրան։

«Մի՛ մոռացէք, բայց ռուս սահմանապահները միայն «Զւարթնոց» օդանաւակայանում չեն. նրանք հայ-թուրքական սահմանին են, Սիւնիքում եւ Հայաստանի այլ տարածքներում, հետեւապէս՝ իշխանութեան կողմից արւած այս յայտարարութիւնները ես ընդունում եմ՝ որպէս Արեւմուտքին տրւող նշան, թէ պատրաստ են քայլ կատարելուն։ Իրականում քայլ չեն կատարում, իրենք ընդամէնը վարում են ժամանակ ձգելու քաղաքականութիւն։

Տեսէք՝ խօսում է ՀԱՊԿ-ի դէմ, բայց ԵԱՏՄ-ից դուրս չեն ուզում գալ, որովհետեւ այնտեղ փող կայ։ Թէեւ թւում է, թէ այս իշխանութիւնը միատարր է, բայց ոչ, դրա կազմում կան ե՛ւ տարբեր երկրների գործակալներ, ասենք, կամ էմիսարներ, որոնք կողմ են արտաքին քաղաքականութեան փոփոխութեան, իսկապէս այդպէս են մտածում, եւ այդ մարդկանցից է ԱԽՔ-ը, եւ կան սթափ մտածողներ, որոնք հասկանում են՝ կտրուկ շարժումն ինչի կը յանգեցնի։ Սա էլ է ցոյց տալիս, որ այս իշխանութիւնը թէեւ խօսում է արտաքին քաղաքականութիւնը փոխելու մասին, իրականում աշխատում է ժամանակ ձգելու ուղղութեամբ»,- ասել է պատգամաւորը։

Աղւան Վարդանեանի փոխանցմամբ՝ Հայաստանի իշխանութիւնը վարում է ոչ թէ արտաքին քաղաքականութեան դիւերսիֆիկացմանը միտւած, այլ այնպիսի քաղաքականութիւն, որի հետեւանքով Հայաստանը յայտնւելու է միայնակ՝ օդում կախւած վիճակում՝ Թուրքիային եւ Ադրբեջանին դէմ-յանդիման, իսկ այս իշխանութիւնը բաւարարելու է թշնամու՝ Սիւնիքով միջանցք տրամադրելու եւ այլ պահանջներ եւս՝ Հայաստանը վերածելով ընդամէնը տարածքի։

«Այս իշխանութեան միակ նպատակն իշխանութեան տւած ապահովութիւնը պահելն է։ Այս իշխանութեան ղեկավարի համար կայ 3 բան՝ վախը, փողը եւ, ինչպէս ասում են՝ կինը։ Արցախի յանձնումը դա վախկոտ, դա փողասէր մարդու արարք էր։ Դու քեզնից ոչինչ չես ներկայացնում, քեզ ո՞վ է բանի տեղ դնելու։ Վախկոտ է, փողասէր, ուստի իշխանութիւնը պահելու համար կը գնայ ամէն ինչի»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button