Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կարէն Բեքարեան. «Այս ի՞նչ ես անում, նոր պատերազմի առի՞թ ես տալիս, մենք աւելի հզօր պետութիւն ենք, քան Ուկրաինա՞ն»

«ԱԼԻՔ» – 168TV-ի «Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր «Հայեացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով յանձնախմբի ներկայացուցիչ Կարէն Բեքարեանին:

Հարցազրոյցի հիմնական թեզերը՝ ստորեւ.

– Մարդիկ Վաշինգտոնում փաստաթղթով, իբրեւ թէ, ծրագիր են ֆիքսում, բայց այդ ծրագիրը հրապարակւած չէ։ Ինչո՞ւ… Կա՛մ այն պատրաստ չէ, կա՛մ թաքցնում են հանրութիւնից։ Մենք այսօր գործ ունենք արտահոսքերի կամ մարդկանց պատկերացում-վերլուծութիւնների հետ, որոնց վրայ յենւել հնարաւոր չէ։

– Ասում են՝ «անխոչընդոտ անցում». օրինակելի փաստաթղթի դէպքում դրա գլխին աստղանիշ պէտք է դրւած լինէր, տակն էլ լինէր բացատրութիւնը։ Եթէ սահմանապահը ստուգում է անձնագիր, մաքսաւորը ստուգում է բեռները, եթէ ճանապարհի վրայ կայ լուսացոյց, որը մէկ-մէկ կարմրում է, դա խոչընդո՞տ է, թէ՞ ոչ։ «Անխոչընդոտ» ասւածի բացւածքը չկայ, չկայ «Թրամփի ուղու» ծրագիրը եւ հայ-ամերիկեան պայմանագիրը։

– Գնում էք փաստաթուղթ ստորագրելու, վկան՝ Թրամփը, նստած է, ասում է՝ հերթական պատերազմը կանխեց։ Հիմա հարց՝ դուք ստո՞ւմ էիք, երբ ասում էիք, որ Ադրբեջանի հետ առանց միջնորդ էք բանակցում, թէ՞ դուք բանակցել էք, բայց յաջողութիւնը Թրամփն իրեն է վերագրել։

-Այս պայմանաւորւածութիւնների մէջ կայ ահռելի թաքցւող հատւած, որը մաս-մաս, դոզաւորւած կը ներկայացնեն մեր հանրութեանը։

– Մինչեւ ուկրաինական պատերազմը սկսւելը մարդիկ կային, անգամ այդ պատերազմի օր ու ժամ էին ասում։ Յիշենք Ֆինլանդիայի օրինակը։ Երբ Ֆինլանդիան որոշեց դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ԱՄՆ-ը ասաց՝ դա կը տեւի երկար ժամանակ, եւ որպէսզի այդ ընթացքում լինեք անվտանգ, կնքւում է երկկողմ պատերազմ, որ անվտանգութիւնը երաշխաւրւի։ Ուկրաինայի դէպքում Արեւմուտքն այդ պատերազմը կանխարգելելու գործիք ունէր՝ ի դէմս Ֆինլանդիայի օրինակի։ Չարեցին, որովհետեւ քաղաքական հաշւարկը չէր նախատեսում Ուկրաինան ագրեսիայից փրկելը։ Նպատակադրումը ռուսներին աշխարհի տարբեր անկիւններին եղած օրակարգերից դուրս բերելն էր։

– Ի՞նչ է մնացել Ուկրաինայի նման երբեմնի հզօր երկրից, որը ԽՍՀՄ ժամանակներում իր պոտենցիալով ամենածաղկուն երկիրն էր։ ԱՄՆ-ը Ուկրաինայից ստացաւ ամէն ինչ՝ հազւագիւտ մետաղների պայմանագիր, նաեւ ասաց, որ Բայդէնի կառավարման շրջանում իրենց տւած զէնքը նւէր չէր, եւ ԱՄՆ-ը այդ միլիարդները յետ է ստանալու։ Հիմա սա պրոյեկտենք մեզ վրայ։ Մենք աւելի հզօր պետութիւն ենք, քան Ուկրաինա՞ն։ Դժւար է հասկանալ, որ Հարաւային Կովկասում կատարւում է նոյնը, ինչ Ուկրաինայում ու Սիրիայում։ Լաւ, չի կարելի՞ դաս քաղել այս ամենից։

– ՀՀ իշխանութեան օրակարգում, ցաւօք, ազգային-պետական շահ չկայ։

– Արեւմուտքը նպատակ ունէր հնարաւոր բոլոր տարբերակներով Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախման կիզակէտ, ու այդ գործընթացը շարունակւում է։ Ամբողջ խնդիրն այն է՝ դու դառնո՞ւմ ես այդ բախման թատերաբեմ, թէ՞ ոչ։

– Անգամ գիտական ֆանտաստիկայում նման բան չի լինում, որ «խաղաղութեան» թուղթ ստորագրողները վերադառնան իրենց երկրներ, ու միաժամանակ մէկը յայտարարի՝ ռազմական բիւջէս աւելացնելու եմ, սա եմ անելու, այն եմ անելու, իսկ միւսը՝ ռազմական բիւջէս պակասեցնելու եմ, որովհետեւ այլեւս խաղաղութիւն է։

Յիշեցնենք՝ Իլհամ Ալիեւն օրերս յայտարարել է. «Մեր երկիր են բերւել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքեր, նոր հրետանային համակարգեր։ Ներկայումս պայմանագրեր են կնքւել նոր մարտական ինքնաթիռների համար, իսկ առկայ ինքնաթիռները լիովին արդիականացւել են։ Մենք պէտք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի (…) Մեր անվտանգութեան երաշխաւորը մենք ենք՝ պետութիւնը, ժողովուրդը եւ մեր զինւած ուժերը»։

«Մենք նրանց հետ [խմբ.՝ նկատի ունի հայերին] չենք արել այն, ինչ նրանք մեզ հետ են արել։ Սակայն նրանց արածը երբեք չի ջնջւի մեր յիշողութիւնից։ Այդ թւում՝ Քելբաջարի ժողովրդի դէմ կատարւած ռազմական յանցագործութիւնները, ցեղասպանութիւնը, Խոջալուի ցեղասպանութիւնը, այլ շրջաններից մեր քաղաքացիների նկատմամբ թշնամանքը, թշնամանքը եւ դաժանութիւնը երբեք չեն ջնջւի մեր յիշողութիւնից եւ չպէտք է ջնջւեն։ Ես սա ասում եմ ե՛ւ որպէս պատերազմում յաղթած երկրի Գերագոյն գլխաւոր հրամանատար, եւ՛ այսօր՝ որպէս Հայաստանի հետ, պարտւած Հայաստանի հետ խաղաղութեան գործընթացի մասնակից։ (…) այդ արիւնալի պատմութիւնը երբեք չպէտք է ջնջւի մեր յիշողութիւնից, մենք երբեք չպէտք է խաբւենք քաղցր խօսքերով, մենք պէտք է զգօն լինենք։ (…) Այլ կերպ ասած, մենք պէտք է իմանանք, թէ ում դէմ ենք կանգնած, ով է մեր հարեւանը։ Մենք երբեք չպէտք է մոռանանք մեր անցեալը եւ զգօն լինենք։ Այսօր ես կրկին ասում եմ սա, մենք մեզ յայտարարում ենք՝ որպէս յաղթող ժողովուրդ։ Մենք չենք մոռանայ այդ չարիքը, այդ բարբարոսութիւնը»։

Իսկ Նիկոլ Փաշինեանն օրերս՝ օգոստոսի 21-ին լրագրողների հետ կայացած հարցազրոյցում յայտարարել է. «Հնարաւոր է, որ 2026 թւականի պետական բիւջէում պաշտպանական ծախսերի էական աւելացում չլինի կամ ընդհանրապէս չլինի»:

Ըստ Կարէն Բեքարեանի՝ Փաշինեանին ոչ միայն հայ հանրութիւնը չի վստահում, այլ նաեւ միջազգային դերակատարները:

– Էն նոյն լոլոն, որ ասում են սեփական հանրութեանը, ասում են նաեւ գործընկերներին։ Իրանի նախագահ Փեզեշքիանի այցն ինչի՞ մասին էր։ Մարդիկ իրենց յատուկ ծառայութիւններով ինֆորմացիան ստանում են, որի հետ քո ներկայացրածը չի համընկնում։ Դրա համար յետ են գնում ու ասում՝ մենք մեր ազգային-պետական շահը պաշտպանելու ենք։

Ի դէպ, Իրանի մտահոգութիւնները հայ-իրանական սահմանի վերաբերեալ չեն փարատւել Փեզեշքիանի ու Փաշինեանի բանակցութիւնների արդիւնքում: Հանդիպումից ու համատեղ յայտարարութիւնից յետոյ Իրանի ղեկավարն X-ում գրել է. «Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ես ընդգծեցի՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան տեսակէտը Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման մասին, շեշտեցի նաեւ, որ մեր համատեղ սահմանին երրորդ ուժերի ներկայութեան մասին մեր մտահոգութիւնը պէտք է փարատւի»:

– Դրանից յետոյ Հայաստան է գալիս երկրորդ մտահոգւողը՝ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։ Նորից ՌԴ փոխվարչապետը փորձում է հասկանալ՝ ի՞նչ է կատարւում։ Նիկոլ Փաշինեանի նկատմամբ գործընկերների կողմից կայ տոտալ անվստահութիւն, եւ սա լուրջ մարտահրաւէր է։

– Էդ երբւանի՞ց մեր ժողովուրդը որոշեց հաւատալ Ադրբեջանի ստորագրութեանը։ Հնարաւոր չէ լինել այսքան միամիտ։ Միամիտ ձեւանալը դարձել է ապրելակերպ։

– Թող տպաւորութիւն չլինի, թէ մենք չենք ուզում, որ մեր սահմանները բացւեն, մենք կողմ ենք ամբողջովին ապաշրջափակմանը. իհարկէ, պիտի բացւեն, բայց՝ փոխադարձութեան սկզբունքով, եւ ոչ թէ՝ միայն Ադրբեջանին յարմար տարբերակով։

– Ստեղծւած իրավիճակում հնարաւոր չէ հիմնւել միայն թղթերի վրայ, որովհետեւ թղթում կարող է լինել սիմետրիկ պատկեր, բայց կողմերը տարբեր ծաւալով դրանք իրագործեն իրական կեանքում։ Ադրբեջանի համար, օրինակ, Սահմանադրութեան փոփոխութիւն նախատեսւած չէ, մեզ համար պահանջ կայ դրւած Ադրբեջանի կողմից։ Որ ուղղութիւնը վերցնեք, մենք ունենք նոյն իրավիճակը…

– Վաշինգտոնում Ալիեւը թուղթ է ստորագրում, որ վրէժի դրսեւորում չի լինելու, եւ դա այն դէպքում, երբ ինքը մեր պատանդներին Բաքւում պահում է՝ որպէս վրէժի դրսեւորում։ Եւ այդ թուղթը ստորագրող Փաշինեանը որեւէ բան չի ասում այդ մասին… Սա ողբերգութիւն է մեզ համար։

– Իսկ կարո՞ղ է նոր էսկալացիա ես հրահրում, նոր պատերազմի առիթ ես տալիս, ի՞նչ ես անում… Բա Վաշինգտոնում ասէիր՝ ոչ մի նախապայման չկայ, ստորագրում եմ ու վերջ։ Քեզ Ալիեւն ասում է՝ տնային աշխատանք ունես անելու, դու ձայն չես հանում, գալիս ես էստեղ, հակառակն ես ասում։ Ի՞նչ է պատահել․․․ Թեհրանի նախագահի ու Օվերչուկի այցե՞րն են պատճառը, թէ՞ նոր բան ես մտածել։ Ախր դու ինքդ ես համաձայնել, բա ի՞նչ կատարւեց։

– Նիկոլ Փաշինեանն իր բոլոր սրիկայութիւնները, յանցանքները գցում է ժողովրդի գրպանը:

– 2021 թ. ընտրութեամբ վերստին իշխանութեան ղեկը ստացած ուժն անում է իր կուսակցութեան նախնտրական ծրագրի ու կառավարութեան ծրագրի լրիւ հակառակը։ Սա լեգիտիմութեան լուրջ խնդիր է առաջացնում։ Հիմա Փաշինեանը փորձում է միջանկեալ լեգիտիմութեան հարց լուծել։

– Կարո՞ղ է բացատրել՝ իր պատկերացմամբ՝ յեղափոխութիւնը ո՞րն է, եւ եթէ ինքը լուրջ խօսում է յեղափոխութեան մասին, ինչո՞ւ են Բագրատ Սրբազանը, «Սրբազան պայքարի» մարդիկ, բոլոր նրանք, ովքեր այլակարծութիւն ունեն, այսօր բանտերում… Մի հատ կարա՞ս բացատրես՝ քո ասած յեղափոխութիւնը ո՞րն է։

– Հանրութիւնն այսօր իշխանութեան հետ յոյսեր չի կապում, բայց յոյսեր չի կապում նաեւ ընդդիմութեան հետ։ Դա բերում է տոտալ անտարբերութեան կամ արտագաղթի։ Պիտի սեղանին լինի իշխանափոխութեան այնպիսի ծրագիր, որտեղ հանրութիւնը հետաքրքիր ազդակ ստանայ՝ տեսնելով իր ներգրաւումն այդ գործընթացին։ Սա կարեւոր է, որովհետեւ եթէ փակ սենեակներում որոշելիքի մոդելը կիրառելի լինէր, պրոցեսը յաջողութեամբ աւարտւած կը լինէր, հետեւաբար՝ փակ սենեակներում որոշումները հանրութեան համար ընկալելի չեն։ Այս իշխանութիւնը մանիպուլիացիայով հանրութեանը սովորեցրել է, որ հանրութիւնն իր գործողութիւններին մասնակից է զգում։ Հիմա հանրութիւնն ընդդիմութիւնից էլ է դա ակնկալում։ Ինչ պրոցես ուզում ես՝ արա, դու յաջողութիւն չես ունենայ, եթէ հանրութեան ընկալումների հետ համահունչութիւն չունենաս։

– Լաւագոյն տարբերակը կը լինէր գեներացնել պրոցես, որի մէջ իմպիչմենտը կարեւոր բաղադրիչ է։ Միայն իմպիչմենտը բաւարար չէ, բայց անգնահատելի գործիք է։ Դիալոգ չկայ, ու սա մեր մեծագոյն կատաստրոֆան է։ Ծրագիր չէք բերում, առաջարկը չէք լրացնում, բայց իմպիչմենտի հետ կապւած՝ մեծ դիմադրութիւն էք սկսել։ Այդպէս չի լինում։ Կենսունակ բան դրէք սեղանին։ Հերիք է արդէն։

– Իրականում մեր ժողովուրդն ուզում է անվտանգութիւն, սոցիալական արդարութիւն եւ ուզում է պրոցեսներին մասնակցութիւն ունենալ։

Related Articles

Back to top button