ԹեհրանՀամայնք

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի եւ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին նւիրւած միջոցառում

Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ծրագրերի շարանում ապրիլի 30-ին բանախօսական-գեղարւեստական յայտագրով յագեցած ծրագիր էր կազմակերպւել Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում, նախաձեռնութեամբ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի եւ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան:

Ծրագիրը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որից յետոյ բացման խօսքով հանդէս եկաւ Հիլդա Աղախանեանը: Խօսքի մէջ նշւած էր. «1915 թւականին օսմանական Թուրքիայի կատարած ծրագրւած՝ Հայոց Ցեղասպանութիւնը համարւում է հայ ժողովրդի պատմութեան ամենաողբերգական էջերից: Նրա հետեւանքներից են՝ հողային, մարդկային, մշակութային եւ նիւթական հսկայական կորուստներ, որոնք այնքան խորն են ազդել հայ ժողովրդի վրայ: Հայ ժողովուրդը շնորհիւ իր անկոտրում կամքի եւ մարդասիրական օգնութիւնների վերածնունդ ապրեց, տոկաց եւ ստեղծագործեց, պայքարեց եւ պահանջեց իր իրաւունքները»: Խօսքի այլ բաժնում անդրադառնալով Հայաստանի եւ հայ ժողովրդի դիմաց ծառացած ներկայի մարտահրաւէրներին նշւել էր. «Ներկայիս կանգնած ենք Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման շեմին, 2023-ին ականատես ենք եղել արցախահայութեան շրջափակման եւ բռնի տեղահանութեան, որը համաձայն՝ ՄԱԿ-ի բանաձեւին ցեղասպանութիւն եւ համարւում, կորցրել ենք Արցախը, Արցախի մշակութային կոթողները ոչնչացման են ենթարկւում, որը մշակութային եղեռն է համարւում:

Սիրելի ժողովուրդ թշնամին նոյնն է եւ ցաւօք նոյն ոճով է շարունակում:

Ուրանալով անցեալը կը կորցնենք ապագան:

Անհրաժեշտ  է համախմբւել, ուժերը լարել եւ կրկին պայքարի դիմել»:

Խօսքից յետոյ Լորետա Ղեւոնդեանը ասմունքեց Գէորգ Էմինի՝ «Սիամանթոյի մենախօսութիւն» բանաստեղծութիւնը, որից յետոյ ամբիոնի մօտ հրաւիրւեց օրւայ բանախօս «ԱԼԻՔ» օրաթերթի նախկին գլխաւոր խմբագիր, պատմական գիտութիւնների թեկնածու՝ Դերենիկ Մելիքեանը:

Բանախօսը պատմական տւեալներով հիմնաւորւած անդրադարձաւ հետեւեալ խնդրին. «Առաջին աշխարհամարտը, թուրք օսմանցիների ներխուժումը Ատրպատական, հայկական կոտորածները եւ հայութեան բռնագաղթը, Ցեղասպանութիւն, որն սկսւել է պարսկահայերի ջարդերով», իսկ բանախօսութեան երզրափակիչ բաժնում կենտրոնացաւ հայ ժողովրդի դիմաց ծառացած ներկայի մարտահրաւէրներին: Բանախօսը ընդգծեց. «Իրանահայութեան համար Հայոց Ցեղասպանութիւնը շատ առանձնայատուկ է եղել իր բոլոր երեսներով, որը հիմնաւորւում է երկու պատճառներով՝ նախ իրանահայ համայնքը շատ մօտ է գտնւում հայրենիքին եւ կատարւող դէպքերին անմիջականօրէն ականատես է եղել եւ այդ իրադարձութիւնները իրենց ազդեցութիւնն են ունեցել իրանահայութեան վրայ: Երկրորդ պատճառը, որի մասին ժամանակին շատ քիչ է անդրադարձ կատարւել  հետեւեալն է, որ Հայոց Ցեղասպանութիւնը սկսւել է իրանահայերի ջարդերով»: Այս առումով նա նշեց. «Ցեղասպանութեան ժամանակակիցների եւ ուսումնասիրողների տեսադաշտում եղել է հիմնականում Արեւմտահայոց Գողգոթայի եւ Արեւմտեան Հայաստանի հայազրկման փաստը: Երիտթուրքական վարչակարգը դրել էր ընդհանրապէս հայ ժողովրդի ոչնչացման հարցը: Ցեղասպանութիւնն ընդգրկել էր ե՛ւ Արեւմտեան Հայաստանը, ե՛ւ Պարսկաստանի հայաբնակ վայրերը, ե՛ւ Արեւելեան Հայաստանը: Կոտորածների առաջին զոհերը 1914 թ. վերջերից դառնում են Ատրպատականի հայերը՝ կապւած վերոյիշեալ շրջաններ թուրքական զօրքերի ներխուժման հետ:

1914 թ. Առաջին համաշխարհային պատերազմում թէեւ Ղաջարական Իրանը Ահմեդ Շահի օրօք չէզոքութիւն էր որդեգրել, սակայն, կենտրոնական իշխանութեան տկարութեան պատճառով դա իրականացնել չյաջողւեց: Երկրի հիւսիսը, հարաւը, արեւելքն ու արեւմուտքը իւրային ու օտար բանակների ասպարէզը հանդիսացան, յատկապէս պատերազմական կիզակէտ դարձած Ատրպատականում, եւ արդիւնքում չորսամեայ պատերազմական շրջանում երկիրը մեծագոյն վնասներ ու կորուստներ կրեց:

Համընդհանուր պատերազմում Օսմանեան կայսրութեան նպատակներից մէկն էր, ի շարս այլ շրջանների, գրաւել նաեւ Իրանի Ատրպատական նահանգը: Այդպիսի նպատակ է հետապնդել Օսմանեան Թուրքիան դեռեւս մինչ պատերազմը՝ 1905 թւականից, երբ Սուլթանը փորձում էր պաշտպանւել Պարսկաստանում ծայր առած սահմանադրական շարժումից»:

Իր ելոյթի ընթացքում բանախօսը հիմնւելով պատմական տւեալներին անդրադարձաւ յայտնի պատմաբան Ստեփան Պօղոսեանի աշխատութեանը, ով իր եռահատոր «Հայոց Ցեղասպանութեան» վերտառութեամբ հատորների մէջ փաստաւաւերագրական տւեալներով ներկայացրել է նշւած հանգամանքը եւ շեշտել. «Մեծ Եղեռնը սկսւեց ոչ միայն արեւմտահայերի, այլ արեւելահայերի եւ պարսկահայերի ջարդերով»: Բանախօսը ընդգծեց որ այդ տարածքնում, սպանդի են ենթարկւել ոչ միայն հայեր, այլ նաեւ ասորիներ: Նա իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ  անդրադարձաւ թուրք ջարդարաներին դիմակայելու հարցով Անդրանիկ զօրավարի գլխաւորութեամբ գունդի սխրագործութիւններին եւ Դիլմանի (Սալմաստ)-ի ճակատամարտին եւ 1918 թւականի նախաշեմին Ուրմիայում ընթացող մարտերին, որոնք այդ տարածքից յետ մղելով թուրքական հրոսակներին կանխեցին նրանց ընթացքը դէպի Հայաստան եւ Սարդարապատի, Բաշապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը պսակւեցին յաղթանակով:

Բանախօսը իր ելոյթի երկրորդ բաժնում ցաւով անդրադարձաւ հայ ժողովրդի դէմ ներկայումս ծառացած մարտահրաւէրներին եւ ընդգծեց, որ երբ մինչեւ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակը աշխարհի շատ երկրներ ու միջազգային կառոյցներ արդէն իսկ ճանաչել էին ու դատապարտել Հայոց Ցեղասպանութիւնը եւ նոյնիսկ քաղաքական ու պատմագիտական որոշ շրջանակներում արդէն խօսքը գնում էր Սեւրի դաշնագրի հետապնդման մասին, այսօր Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին ՀՀ գործող իշխանութեան թիւ մէկ իշխանաւորի կողմից կասկածի տակ է տարւում Հայ ժողովրդի համար կարմիր գիծ հանդիսացող Հայոց Ցեղասպանութեան հարցը: Բանախօսը նշեց. «Այսօր շատ քաոսային վիճակի է մատնւած հայ ժողովուրդը ու ազգը Հայաստանում եւ սփիւռքում, որի բուն պատճառը միասնականութեան կորուստն է: Համազգային միասնականութեան ուժը եւ պոտենցիալը չի լինում գործադրել քանզի բուն Հայաստանի իշխանական ներկայացուցիչները դա համարում են իրենց ճշտորոշած քաղաքականութեան արգելքը: Անցեալ  տասամեակում խիստ վայրէջք ենք արձանագրել, որի վերականգնումը շատ մեծ զոհողութիւնների կարիք ունի»: Բանախօսը եզրափակելով իր ելոյթը ընդգծեց, որ չի կարելի յուսահատւել քանզի հայ ժողովուրդը իր պարտութիւնները միշտ վերածել է յաղթանակի եւ այս յուսահատ ժամանակաշրջանը այնքանով պէտքէ է մեզ վրայ իր ազդեցութիւնը թողնի, որ դա մեզ համար լինի մեծ դաս  եւ դառնայ թռիչքի պատւանդան նոր յաղթանակների համար:

Բանախօսի շահեկան ելոյթին յաջորդեց ասմունքային կատարում, որը ներկայացրեց Վեհանուշ Խոդաբախշեանը: Ապա բեմ բարձրացաւ Նոր Ջուղայից հրաւիրւած Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը խմբավար եւ գեղարւեստական ղեկավար՝ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեան: Խումբը իրականացրեց ազգային-ազատագրական եւ յեղափոխական երգեր, որոնք հանդիսատեսի ջերմ ծափողջոյններին արժանացան: Մեներգով հանդէս եկան՝ Համիկ Ալեքսանդրեանը, Արսինէ Մարգարեանը, Ասպետ Մարգարեանը եւ Արեգա Յարութիւնեանը:

Օրւայ եզրափակիչ խօսքի համար ամբիոնի մօտ հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել  աբղ. Գատեհճեանը: Հայր Սուրբը իր ելոյթի ընթացքում գնահատելով կազմակերպւած միջոցառումը ընդգծեց, որ այս ծրագիրը մէկ անգամ ապացոյցը հանդիսացաւ, որ հայ ժողովուրդը շարունակելու է իր պայքարը եւ չի ուրանալու իր անցեալը: Հայր Սուրբը կարեւորեց նաեւ Սպահանի հայոց թեմից ժամանած երգչախմբի մասնակցութիւնը միջոցառմանը եւ այդ քայլը համարեց հոգեկան կապ իրանահայ երկու համայնքների միջեւ: Ծրագիրը եզրափակեց «Սարդարապատ» քայլերգով:

Նշենք, որ միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի պատգամաւորներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի Կենտրոնական յանձնախմբի նախագահ Ալեքս Կարապետեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, քահանայ հայրեր եւ մեծ թւով հայրենակիցներ:

Թղթակցութիւն՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button