Հռոմի Պապը Գազայում եւ Լիբանանում Իսրայէլի գործողութիւններն անւանել է «անբարոյական» եւ «անհամաչափ»
«ԱԼԻՔ» – Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կիրակի յայտարարել է, որ Իսրայէլի յարձակումները Գազայում եւ Լիբանանում «անբարոյական» են եւ «անհամաչափ»՝ յաւելելով, որ Թել Աւիւի «ռազմական գերիշխանութիւնը» «դուրս է եկել պատերազմի կանոնների շրջանակից»: Հաղորդում է Associated Press-ը:
Բելգիայից Իտալիա ճանապարհին Հռոմի Պապին հարցրել են Լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման առաջնորդի՝ Սէյէդ Հասան Նասրօլլահի նպատակաուղղւած սպանութեան մասին։
Ֆրանցիսկոս Պապը յայտարարել է, որ «պաշտպանութիւնը միշտ պէտք է համաչափ լինի յարձակմանը»:
«Երբ ինչ-որ անհամաչափ բան է տեղի ունենում, գերիշխող միտում է առաջանում, որը դուրս է բարոյականութեան սահմաններից: Երկիրը, որն անում է այս բաները, եւ ես խօսում եմ ցանկացած երկրի մասին, դրանք գերազանցապէս անբարոյական արարքներ են»,- ասել է նա:
Ըստ Հռոմի Պապի՝ թէեւ պատերազմն ինքնին անբարոյական է, կան կանոններ, որոնք «մատնանշում են ինչ-որ բարոյականութիւն»:
«Բայց երբ դա չի արւում… տեսնում էք, թէ դա որքան արատաւոր է»,- նշել է նա։