Վերլուծաբան. «Ինչո՞ւ է «ընդամէնը» 8 տարի ղեկավարած Փաշինեանը յայտնւել տասնամեակներով իրենց երկրներում իշխանութիւն պահած բռնապետերի կարգավիճակում»

Վերլուծաբան Լեւոն Զարգարեանն գրում է.
«Իշխանութեան եւ ինքնիշխանութեան գինը։
2018 թ․ յեղափոխական կարգախօսներով իշխանութեան եկած Ն. Փաշինեանը եւ նրա թիմը խոստանում էին ժողովրդի բարեկեցութիւն, կոռուպցիայի վերացում եւ արդարութեան վերականգնում, ինչպէս նաեւ Արցախեան հակամարտութեան բարենպաստ կարգաւորում եւ խաղաղ ապագայ։ 8 տարի անց, սակայն, արդիւնքները «մի փոքր» այլ են․ կորսւած Արցախ, 120.000 փախստական, Ադրբեջանի կողմից օկուպացւած 200-ից աւելի քառակուսի կիլոմետր տարածք, Բաքւում պահւող ռազմագերիներ, քանդւած եկեղեցիներ, ձերբակալւած հոգեւորականներ, քրէական գործերով ճնշւած ընդդիմութիւն, ապամոնտաժւած բանակային սպայական կորիզ, արտերկիր արտագաղթող ինտելեկտուալներ։ Զուգահեռաբար «արդարութեան վերականգնման» մասին պատգամներով եկած թիմը կոմպլեկտաւորւել է «խնամի-ծանօթ-բարեկամներով» եւ կասկածելի անցեալով անձանցով՝ նախարարներ, պատգամաւորներ, դատախազներ, դատաւորներ՝ նշանակւած ոչ թէ մասնագիտական որակների, այլ բացառապէս անձնական հաւատարմութեան հիմքով։
Այս ամենի ֆոնին երրորդ ժամկէտով իշխանութեան ձգտող Փաշինեանը պատրաստ է ցանկացած քայլի՝ այդ իշխանութիւնը պահպանելու համար։ Սակայն այստեղ առաջ է գալիս շատ կարեւոր հարց. ի՞նչ է տեղի ունենում երկրի հետ, երբ նրա ղեկավարը սկսում է որոշումներ ընդունել՝ ոչ թէ ելնելով ազգային շահից, այլ սեփական իշխանութեան պահպանման տրամաբանութիւնից։
Պատմական եւ քաղաքագիտական փորձը ցոյց է տալիս, որ նման մղումների դէպքում իշխանութեան պահպանումը հնարաւոր է երկու հիմնական մեխանիզմներով.
- 1. Ներքին. երբ ղեկավարը հասկանում է, որ իշխանութեան կորստից յետոյ կարող է ենթարկւել քրէական պատասխանատւութեան, նա սկսում է զսպել ցանկացած ինստիտուցիոնալ կենտրոն, որը կարող է հակազդել իրեն՝ դատարաններ, ընդդիմութիւն, անկախ ԶԼՄ-ներ, եկեղեցի, բանակի հրամանատարութիւն։
- 2. Արտաքին. երբ ղեկավարը կորցնում է ներքին լեգիտիմութիւնը, նա սկսում է լեգիտիմացում փնտրել արտաքին դերակատարներից, եւ քանի որ ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոն չի աջակցում «հէնց այնպէս», նա սկսում է վճարել զիջումներով՝ ինքնիշխանութեան, տարածքի, ռազմավարական յարաբերութիւնների, պատմական եւ քաղաքական դիրքորոշման եւ այլն։ Արտաքին դերակատարի համար նման ղեկավարը իդէալական է. նա միշտ զիջում է, քանի որ չզիջելը նշանակում է կորցնել իշխանութիւնը։ Իսկ սեփական ժողովրդի համար նման ղեկավարը աղէտ է, քանի որ ամէն մի օրը, որ նա մնում է իշխանութեան, երկիրը տանում է թուլացման եւ կործանման։
Որպէս օրինակ կարելի է յիշել Ռումինիայի առաջնորդ Նիկոլայ Չաուշեսկուին, ով 24 տարի ղեկավարել է երկիրը՝ կիրառելով ներքին մեխանիզմի ողջ գործիքակազմը. Securitate գաղտնի ոստիկանութիւն, կտրոններով մթերքներ գնող եւ կոմունալ նորմալ պայմաններից զուրկ բնակչութիւն, քանդւած Բուխարեստ։ 1989 թ․ դեկտեմբերի 21-ին նա կանգնեց հրապարակում՝ «ժողովրդին դիմելու», սակայն ընդամէնը 5 րոպէ անց կորցրեց իշխանութիւնը, իսկ 4 օր անց նա եւ իր կինը գնդակահարւեցին զինւորական դատարանի ակնթարթային վճռով։ Յատկանշական է, որ Չաուշեսկուի գնդակահարութիւնից անմիջապէս յետոյ նրա Политбюро-ն անցաւ նոր իշխանութեան կողմը։
Ուշագրաւ է նաեւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կառավարումը։ Նա 1994-2020 թթ․ պահպանում էր իշխանութիւնն առաւելապէս ներքին մեխանիզմներով՝ ընդդիմութեան ձերբակալումներ, սահմանադրութեան փոփոխութիւններ, ԶԼՄ-ների եւ ազատ խօսքի սահմանափակումներ եւ այլ տիպի բռնաճնշումներ։ 2020 թ. ընտրութիւններից յետոյ սկսւած բողոքի մեծ ալիքի ֆոնին, երբ նա կորցրեց ներքին լեգիտիմութիւնը, դիմեց երկրորդ մեխանիզմին՝ Մոսկւային։ Հինգ տարւայ մէջ Բելառուսի տարածքը դարձաւ Ուկրաինայի դէմ յարձակման հարթակ, իսկ երկիրը ՌԴ հետ հաւասարաչափ կրում է այդ պատերազմի հետեւանքների բեռը, առաջին հերթին՝ արեւմտեան պատժամիջոցների տեսքով։ Իշխանութիւնը պահպանւած է, սակայն երկրի ինքնիշխանութիւնից փաստացի ոչինչ չի մնացել։
Առաջանում է տրամաբանական հարց․ ինչո՞ւ է «ընդամէնը» 8 տարի ղեկավարած Փաշինեանը յայտնւել տասնամեակներով իրենց երկրներում իշխանութիւն պահած բռնապետերի կարգավիճակում։ Չէ՞ որ բազմաթիւ ժողովրդավարական երկրներում 8 տարի ղեկավարած այլ առաջնորդներ կարող են պարտւել ընտրութիւններում եւ «գնալ տուն»՝ առանց խիստ հետեւանքների։ Փաշինեանը չի կարող։ Իր կառավարման ընթացքում Հայաստանը կորցրեց Արցախը երկու փուլով՝ 44-օրեայ պատերազմ՝ 4000-ից աւելի զոհով, եւ 2023 թ. սեպտեմբերեան ադրբեջանական յարձակում, որից յետոյ 120000 արցախցիներ բռնի տեղահանւեցին իրենց 3000-ամեայ հայրենիքից։
Ընդդիմութեան եւ ԶԼՄ-ների թիրախաւորումը, Կաթողիկոսի հրաժարականի պահանջը, բարձրաստիճան հոգեւորականների ձերբակալումը, սահմանադրական դատարանի «ենթարկեցումը», արտաքին գործերի եւ բանակային էլիտաների կադրային «ջարդը» եւ նմանատիպ այլ քայլերը յանգեցրել են մի իրավիճակի, երբ Փաշինեանի համար յունիսի 7-ի ընտրութիւնները (ինչպէս նաեւ բոլոր յաջորդները) «կեանքի եւ մահւան» հարց են։ Իշխանութիւնից զրկւելու պարագայում Փաշինեանը եւ նրա թիմն ակնյայտօրէն ենթարկւելու են քրէական հետապնդման՝ Արցախի կորստի, կասկածելի/կոռուպցիոն գործարքների, պաշտօնական դիրքի չարաշահման եւ այլ բազմաթիւ դրւագներով։ Հետեւաբար Փաշինեանը գնում է «va banque»՝ Ադրբեջանին զիջումներ Տաւուշում եւ այլ մարզերում՝ առանց փոխադարձութեան սկզբունքի, սահմանադրութեան փոփոխման բանակցութիւններ Ալիեւի պահանջով, «խոստումնալից» TRIPP՝ ոչ պարզորոշ հեռանկարով, ինքնիշխանութեան աստիճանական ապամոնտաժում՝ արտաքին դերակատարների լեգիտիմացման դիմաց։ Երկու մեխանիզմները՝ ներքին զսպումը եւ արտաքին զիջումները, աշխատում են զուգահեռ, ինչպէս օրինակ Սիրիայում՝ Ասադի կամ Բելառուսում՝ Լուկաշենկոյի դէպքերում։
Միաժամանակ այսօր որպէս Փաշինեանական «մեքենայի» ակտիւ մաս գործող անձանց՝ նախարարներին, պատգամաւորներին, դատախազներին, դատաւորներին, բարձրաստիճան այլ պաշտօնեաներին, հարկ է յիշեցնել, որ ոչ մի իշխանութիւն յաւերժ չէ։ Իսկ այդ իշխանութեան աւարտից յետոյ ամենամեծ պատասխանատւութիւնը կրում են հէնց դրա «սպասարկուները»։ Վրաստանում 2009-2012 թթ․ ներքին գործերի, ապա պաշտպանութեան նախարար Բաչօ Ախալաիան Մ․Սահակաշւիլիի ամենամօտ թիմակիցներից էր։ 2012 թ․ սեպտեմբերին՝ ընտրութիւններից երկու շաբաթ առաջ, վրացական հեռուստաալիքները հեռարձակեցին Գլդանի թիւ 8 բանտից տեսանիւթեր՝ բանտարկեալների խոշտանգման, ծեծի եւ բռնաբարութեան դրւագներով։ Ընտրութիւններում Մ. Սահակաշւիլիի առաջնորդած «Միացեալ ազգային շարժում» կուսակցութիւնը պարտութիւն կրեց, իսկ 2014-ին Թբիլիսիի դատարանը Ախալաիային դատապարտեց 7,5 տարի ազատազրկման՝ խոշտանգումների համար։ Իշխանութեան գագաթնակէտին գտնւող անձը, ինչպէս Ասադը կամ Յանուկովիչը, կարող են գաղտնի հեռանալ երկրից։ Բայց նրանց «թիմը»՝ մարդիկ, ովքեր ստորագրել են որոշումներ, ղեկավարել են «գործողութիւններ», հաստատել են քրէական մեղադրանքներ, չեն հասցնելու (կամ ոչ բոլորն են հասցնելու) դա անել։ Հայաստանի այն պաշտօնեաները, ովքեր այսօր ակտիւօրէն աշխատում են Փաշինեանի իշխանութեան պահպանման համար՝ ակնկալելով պաշտօններ, արտօնութիւններ կամ պարզապէս անձնական անվտանգութիւն, պէտք է աւելի ուշադիր ուսումնասիրեն վերջին տասնամեակների նմանատիպ փորձը։
Յ. Գ. 2024 թ. դեկտեմբերի 8-ին Բաշար Ասադը լքեց Դամասկոսը՝ ապաստան ստանալով Մոսկւայում։ Նրան տեղափոխող ինքնաթիռի մէջ գտնւում էին միայն նրա ընտանիքի անդամները»։
Աղբիւրը՝ Vector News



