ՄիջազգայինՔաղաքական

Այսօր Վատիկանում սկսւում է նոր Հռոմի Պապի ընտրութեան քւէարկութիւնը

«ԱԼԻՔ» – Այսօր՝ մայիսի 7-ին, Վատիկանի Սիքստինեան կապելայում մեկնարկում է նոր Հռոմի Պապի ընտրութեան քւէարկութիւնը՝ կոնկլաւը, որն ընթանում է փակ դռների հետեւում՝ խիստ գաղտնիութեան պայմաններում, եւ կարող է օրեր տեւել։ Քւէարկութեան աւարտի մասին կը յայտարարւի կապելայի ծխնելոյզից բարձրացող ծխի միջոցով։ Եթէ այն սեւ լինի, ուրեմն նոր պոնտիֆիկոսը դեռ չի ընտրւել, իսկ սպիտակ ծուխը կը նշանակի, որ Պապն ընտրւած է:

Ընտրւելու համար թեկնածուն պէտք է հաւաքի ձայների 2/3-ը։ Եթէ ​​քւորում չկայ, ծխնելոյզից սեւ ծուխ է դուրս գալիս։ Աշխարհն իմանում է՝ ով է դառնալու նոր պոնտիֆիկոսը, երբ ընտրւած կարդինալը դուրս է գալիս Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ՝ ողջունելու հաւատացեալներին: Միեւնոյն ժամանակ նա յայտարարում է իր ընտրած անունը պապականութեան համար։

Վատիկանի մամուլի ծառայութեան տնօրէն Մատէո Բրունին ճեպազրոյցի ժամանակ ներկայացրել է կոնկլաւի ընթացիկ օրւայ մօտաւոր ժամանակացոյցը։ Նրա խօսքով, առաւօտեան տեղի կունենայ Սուրբ Պատարագ, իսկ կէսօրից յետոյ՝ ժամը 16:45-ին, կարդինալները Սուրբ Մարթայի Տնից կը գնան դէպի Պապական պալատ՝ Սիքստինեան կապելայում հանդիսաւոր մուտքի եւ կոնկլաւի մեկնարկի համար։

Յատկանշական է, որ կոնկլաւի ընթացքում կարդինալներին արգելւում է որեւէ շփում ունենալ արտաքին աշխարհի հետ։ Այս տարի կոնկլաւին մասնկացում է կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալ:

Ամէն օր նախատեսւած է չորս քւէարկութիւն՝ երկուսը առաւօտեան եւ երկուսը՝ կէսօրից յետոյ։ Բացառութիւն է միայն առաջին օրը, երբ մէկ քւէարկութիւն է լինելու. սովորաբար այն արդիւնք չի տալիս։ Յաջորդ օրերին տեղի կունենայ երկու քւէարկութիւն՝ ընդհանուր չորս փուլ՝ երկուսը՝ առաւօտեան եւ երկուսը՝ կէսօրից յետոյ։ Քւէաթերթիկները այրւում են երկու անգամ՝ երկրորդ եւ չորրորդ քւէարկութիւններից յետոյ՝ բացառութեամբ այն դէպքերի, երբ նոր Պապը ընտրւում է առաջին կամ երրորդ քւէարկութեան ընթացքում։

Related Articles

Back to top button