Քաղաքական

Կը մնա՞յ արդեօք Նիկոլ Փաշինեանը պաշտօնում յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ

Աշխարհասփիւռ հայութիւնը ուշադիր հետեւում է Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւին՝ տեսնելու, թէ արդեօք վարչապետ Նիկոլ Փաշինեանի կուսակցութիւնը կը պահպանի իր մեծամասնութիւնը խորհրդարանում, ինչը նրան թոյլ կը տայ մնալ պաշտօնում եւս հինգ տարի։

Այս ընտրութիւնները կարող են ունենալ երկու հիմնական հետեւանքներ՝ մէկը՝ Հայաստանի ապագայի համար, իսկ միւսը՝ հէնց Փաշինեանի համար։

1. Հետեւանքները Հայաստանի համար

Հաշւի առնելով Փաշինեանի վերջին ութ տարիների կործանարար գործունէութիւնը՝ բազմաթիւ հայեր մտավախութիւն ունեն, որ եթէ նա շարունակի մնալ իշխանութեան գլուխ, Հայաստանի գոյատեւումը կարող է վտանգւել։ Ահա նրա հիմնական ձախողումներից մի քանիսը.

ա) Ադրբեջանի դէմ 2020 թւականի պատերազմի սխալ կառավարումը, որը հանգեցրեց Արցախի մեծ մասի կորստին եւ հազարաւոր հայ զինւորների մահւան։

բ) Ադրբեջանական բանակին թոյլ տալը, որ ներխուժի եւ շարունակի բռնագրաււած պահել Հայաստանի Հանրապետութեան տարածքի որոշ հատւածներ 2021 եւ 2022 թւականներից ի վեր։

գ) 2022 թւականին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը՝ հակառակ նախկինում արւած այն յայտարարաութեանը, թէ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»։

դ) 2023 թւականին Արցախից 120,000 հայերի բռնի տեղահանումը կանխելու հարցում անկարողութիւնը։

ե) Արցախեան հարցը փակւած համարելը եւ արցախցի փախստականներին «փախածներ» որակելը։

զ) Պնդելը, թէ Արցախի յանձնելն ամրապնդել է Հայաստանի անկախութիւնը։

է) Սահմանադրութեան խախտմամբ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելը եւ մի քանի բարձրաստիճան հոգեւորականների բանտարկելը։

ը) Բաքւում պահւող հայ գերիների եւ Արցախի ղեկավարների ազատ արձակումն ապահովելու հարցում ձախողումը։

թ) Յաճախակի ենթարկւելը նախագահ Իլհամ Ալիեւի պահանջներին՝ Հայաստանի կարեւորագոյն հարցերում զիջումներ կատարելու համար։

2. Հետեւանքները Փաշինեանի համար

Փաշինեանի ապագան կարող է ամբողջութեամբ կախւած լինել այս ընտրութիւնների արդիւնքից։ Հայաստանի օրէնքների եւ Սահմանադրութեան խախտումների պատճառով նա կարող է ձերբակալւել եւ ենթարկւել հետապնդման, եթէ կորցնի իշխանութիւնը։ Այդ պատճառով նա հնարաւոր ամէն ինչ կանի՝ օրինական կամ այլ ճանապարհներով՝ յունիսի 7-ի ընտրութիւններում յաղթանակ ապահովելու եւ բանտարկութիւնից խուսափելու համար։

Չնայած համատարած դժգոհութեանը՝ Փաշինեանը դեռ կարող է մնալ պաշտօնում, քանի որ գործող իշխանաւորները նախընտրական քարոզարշաւների ժամանակ սովորաբար օգտւում են պետական հսկայածաւալ ռեսուրսներից: Բացի այդ, իր կատարած զիջումների շնորհիւ նա ստացել է Ադրբեջանի, Թուրքիայի, Եւրամիութեան եւ Միացեալ Նահանգների աջակցութիւնը: Նրանք հասկանում են, որ ընդդիմադիր ուժերի յաղթանակի դէպքում Փաշինեանի քաղաքականութեան եւ զիջումների մեծ մասը կարող է չեղարկւել:

Այնուամենայնիւ, Փաշինեանի քաղաքական վարկանիշը կտրուկ անկում է ապրել։ Նրա վստահութեան վարկանիշը, որը 2018 թւականին կազմում էր 82%, 2026 թւականին նւազել է՝ հասնելով 10%-ից մի փոքր աւելի։ Այս կտրուկ անկումը կարող է հնարաւորութիւն ստեղծել ընդդիմադիր կուսակցութիւնների համար՝ իշխանութեան գալու։

Սակայն ընդդիմութիւնը բախւում է մի շարք լուրջ խոչընդոտների։

Մասնատւած ընդդիմութիւն

1) Հայաստանը, չնայած իր փոքր երկիր լինելուն, զարմանալիօրէն ունի 123 գրանցւած կուսակցութիւն, որոնցից շատերը բաղկացած են ընդամէնը հիմնադրից եւ համակիրների փոքր շրջանակից։ Բարեբախտաբար, ոչ բոլորն են մասնակցում յունիսի 7-ի ընտրութիւններին։

Այդուհանդերձ, պաշտօնապէս գրանցւել է 19 քաղաքական միաւոր՝ 17 առանձին կուսակցութիւն եւ 2 դաշինք։ Այս մասնատւածութիւնը ձեռնտու է իշխող կուսակցութեանը, քանի որ ընդդիմութիւնը բաժանւում է բազմաթիւ մրցակցող խմբերի միջեւ։

Կոալիցիոն հնարաւորութիւններ

Եթէ ընդդիմադիր կուսակցութիւնները հաւաքականօրէն ապահովեն ձայների 50%-ից մի փոքր աւելին եւ յաջողութեամբ կոալիցիա կազմեն խորհրդարանում, նրանք հնարաւորութիւն կունենան առաջադրելու իրենց վարչապետին եւ հեռացնելու Փաշինեանին պաշտօնից։

Հայաստանի բարդ ընտրական համակարգը

Հայաստանի ընտրական համակարգը համատեղում է իսրայէլական ոճի համամասնական ընտրակարգի, գերմանական ոճի կայունութեան մեխանիզմի եւ յետխորհրդային Արեւելեան Եւրոպայի բարեփոխումների տարրերը։

Ըստ ներկայ օրէնսդրութեան՝

1) Խորհրդարան անցնելու համար կուսակցութիւնը պէտք է ստանայ ձայների առնւազն 4%-ը։ 2) Երկու կամ երեք կուսակցութիւններից բաղկացած կոալիցիաները պէտք է ստանան ձայների առնւազն 8%-ը:3) Երեքից աւելի կուսակցութիւններից բաղկացած կոալիցիաները պէտք է ստանան ձայների առնւազն 10%-ը:

Այն կուսակցութիւնների օգտին տրւած ձայները, որոնք չեն յաղթահարում սահմանւած շեմը, համամասնօրէն վերաբաշխւում են անցողիկ շեմը յաղթահարած կուսակցութիւնների միջեւ։

Ընդդիմութեան ամենամեծ խնդիրը

Այս համակարգի ամենավիճահարոյց կողմն այն է, որ եթէ Փաշինեանի կուսակցութիւնը ստանայ ձայների ամենամեծ բաժինը, ապա այն կը ստանայ նաեւ անցողիկ շեմը չյաղթահարած ընդդիմադիր կուսակցութիւնների վերաբաշխւած ձայների զգալի մասը։ Հեգնական է, բայց Փաշինեանի դէմ քւէարկող ընտրողները կարող են ակամայ օգնել ամրապնդելու նրա խորհրդարանական մեծամասնութիւնը։ Այդ պատճառով շատ աւելի փոքր կուսակցութիւնները, որոնք շեմը յաղթահարելու իրատեսական քիչ հնարաւորութիւն ունեն, չպէտք է մտնէին պայքարի մէջ։ Այդպիսով նրանք ռիսկի են դիմում փոշիացնել Փաշինեանի դէմ քւէարկած ձայները եւ անուղղակիօրէն օգուտ տալ իշխող կուսակցութեանը։

Մէկ անսովոր պաշտպանութիւն

Հայաստանի ընտրական համակարգի անսովոր առանձնայատկութիւններից մէկն այն է, որ խորհրդարանը պէտք է կազմւած լինի առնւազն երեք կուսակցութիւնից։ Հետեւաբար, եթէ միայն մէկ կուսակցութիւն է յաղթահարում պահանջւող շեմը, յաջորդ երկու ամենաբարձր արդիւնքներ գրանցած կուսակցութիւնները նոյնպէս կարող են մանդատներ ստանալ, նոյնիսկ եթէ չեն հասել 4%-ի շեմին։ Նման դէպքում այդ լրացուցիչ կուսակցութիւնները հաւաքականօրէն կը ստանան խորհրդարանական տեղերի մէկ երրորդը՝ անկախ իրենց հաւաքած ձայների փաստացի քանակից։

Ինչ պէտք է անի ընդդիմութիւնը

Եթէ ընդդիմադիր կուսակցութիւնները ցանկանում են մեծացնել իրենց հնարաւորութիւնները, նրանք պէտք է աւելի քիչ կենտրոնանան Փաշինեանի հաւատարիմ կողմնակիցներին իրենց կողմը գրաւելու վրայ։ Կառավարութեան բազմաթիւ աջակիցներ օգտւում են պետական աշխատանքից, խոշոր պարգեւավճարներից եւ մենաշնորհային պայմանագրերից, եւ, հետեւաբար, քիչ հաւանական է, որ նրանք կը լքեն իշխող կուսակցութիւնը։ Դրա փոխարէն ընդդիմադիր խմբերը պէտք է կենտրոնանան ընտրելու իրաւունք ունեցող այն մեծաթիւ քաղաքացիների մոբիլիզացման վրայ, որոնք ներկայումս յայտարարում են, որ չեն պատրաստւում մասնակցել քւէարկութեանը։

Եթէ ընդդիմադիր ուժերին յաջողւի խորհրդարանական մեծամասնութիւն կազմել, նրանց առաջնահերթութիւններից մէկը պէտք է լինի Հայաստանի ընտրական օրէնսդրութեան բարեփոխումը եւ ներկայիս համակարգի փոխարինումն առաւել աւանդական ընտրակարգով, որը նման կը լինի բազմաթիւ այլ երկրներում կիրառւող մոդելներին։

Այդ ընթացքում, Հայաստանի իւրաքանչիւր գրանցւած ընտրող պէտք է մասնակցի յունիսի 7-ի ընտրութիւններին՝ երկրի ապագան ուրիշների ձեռքում չթողնելու համար։

Արտերկրում ապրող Հայաստանի այն քաղաքացիները, որոնք պահպանում են ընտրելու իրաւունքը, պէտք է ամէն ջանք գործադրեն Հայաստան ժամանելու եւ իրենց ձայնը տալու համար: Իսկ նրանք, ովքեր չեն կարող ժամանել, պէտք է յորդորեն Հայաստանում գտնւող իրենց հարազատներին ու ընկերներին՝ մասնակցել յունիսի 7-ի քւէարկութեանը:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button