Իրանցի փորձագէտի զգուշացնող գրառումը. Բաքւի ծրագիրը՝ «ռազմավարական» գործընկերոջը ցուցարարաներից փրկելու համար
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Հայկական լրահոսում են յայտնւել Բաքւի յատուկ ծառայութիւնների կողմից վերահսկւող մշտադիտարկում իրականացնող խմբերի մասին տեղեկատւութիւն, որոնք այժմ սեւեռւած աշխատում են Հայաստանի բողոքի ցոյցերի ուղղութեամբ: Լրահոսում նշւած է նաեւ, որ Բաքուն միաժամանակ դիւանագիտական ուղիներով Թուրքիայից խնդրել է աջակցելու իրենց ռազմավարական «գործընկերներին» (ՀՀ իշխանութիւններին):
Նոյն կապակցութեամբ իրանական փորձագիտական շրջանակները եւս յղում անելով հայկական ցանցերին նշել են, որ տւեալ խմբերը ունեն առաջադրանք՝ Հայաստանում հարկ եղած միջամտութեան համար գործնական ծրագիր մշակելու, ինչը հնարաւորութիւն կը տայ պահպանել սահմանազատման գործում Հայաստանի կողմից միակողմանի զիջումների առկայ գործընթացը։
Կովկասի հարցերով փորձագէտ դոկտ. Էհսան Մովահեդեանը գրում է, որ հաւաստի տեղեկութիւններ կան առ այն, որ նշւած հետախուզական ցանցում ներառւած են Թուրքիայից, Բաքւից եւ եւրոպական մի շարք երկրներից գործակալներ, որոնք ներթափանցելով Հայաստանի մեդիադաշտ, ծայրայեղ դէպքում պատրաստ են աջակցելու դիւերսիոն գործողութիւններ իրականացնելու գործընթացին։
Բաքւի պատկերացրած ամենահաւանական սցենարը սահմանային մեծ սադրանքն է, որը թոյլ կը տայ Հայաստանի իշխանութիւններին ռազմական դրութիւն յայտարարելով Երեւանում, սահմանել պարետային ժամ եւ ձերբակալել ցուցարարների առաջնորդներին, ապա ճնշել բողոքի շարժումը:
Մովահեդեանը յաւելել է, որ թուրքական բանակի գլխաւոր շտաբի վերլուծաբանները խորհուրդ են տւել Բաքւին այդ միջոցների դիմել՝ ռուս-ուկրաինական ճակատի Խարկովի ուղղութեամբ ծանր մարտերի ֆոնին։
Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում ռազմական դիւերսիոն գործողութիւնը կարող է ծագել սահմանային միջադէպով, որի արդիւնքում Բաքւի զինւորականները պէտք է թիրախաւորւեն՝ պատասխան գործողութիւնների համար պատրւակ ստեղծելու համար:
Այս կապակցութեամբ ուշագրաւ տւեալներ էր հրապարակել նա իր նախորդ թւիթերեան գրառւոմներից մէկում, որտեղ անդրադառնալով Բաքւի զօրավարժութիւններին՝ ներկայացրել էր դրանց մասին տւեսալմներ:
Մովահեդեանը գրում է, որ Հայաստանի հետ 2020 թւականի պատերազմից յետոյ Բաքուն ակտիւօրէն պատրաստւում է նոր պատերազմի եւ ամէն տարի աւելացնում է զէնքի քանակն ու զօրավարժութիւնների թիւը։
Նա թւարկելով դրանք, նշել է զօրավարժութիւնների հերթականութիւնը ըստ հետեւեալի.
-2021 թւականին Ադրբեջանը 5 զօրավարժութիւն է անցկացրել
-2022 թւականին՝ 12 զօրավարժութիւն
-2023 թւականին՝ 25 զօրավարժութիւն
-իսկ 2024 թւականի առաջին 5 ամիսներին Բաքուն անց է կացրել շուրջ 30 զօրավարժութիւն:
Մովահեդեանի կարծիքով դժւար չէ պատկերացնելը, թէ Բաքուն ինչ նպատակներով է պատրաստ վիճակում պահում իր բանակը։
Փորձագէտը խօսել է նաեւ «Բ պլան»-ի մասին, ինչի համաձայն՝ օտարերկրեայ գործակալներ են ներգրաււելու գործին, եւ հէնց Երեւանում «անյայտ անձինք» կրակ են բացելու ոստիկանութեան ուղղութեամբ, ինչի հետեւանքով իրաւապահ մարմինները տուժելու են՝ տալով վիրաւորներ: «Ցուցարարների հետ դաժան առճակատման համար հող նախապատրաստելու արդարացւած միջոց է սա։ Այն նաեւ թոյլ կը տայ ներառել «պատժիչ մեխանիզմներ»՝ արտակարգ դրութիւն յայտարարելու եւ ցուցարարների զանգւածային ձերբակալութիւնների համար»,- յաւելել է Մովահեդեանը։
«Աւելորդ է նշել, որ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերեալ Բաքու-Թուրքիա գործակալական միաւորի դիւերսիոն գործողութիւնների կենտրոնական դիտարկումն իրականացւում է բրիտանական հետախուզական ծառայութիւնների եւ սիոնիստական ռեժիմի կողմից»,- եզրակացրել է փորձագէտը։