Բագրատ Սրբազան. «Բոլորի մօտ համախոհութիւնը կայ, մտքերը պարզ են, գործողութիւները՝ յստակ»
«ԱԼԻՔ» – Ձեւաւորւած աւանդոյթի համաձայն, երէկ՝ երեկոյեան Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման անդամների եւ աջակիցների հետ ամփոփել է մայիսի 18-ի օրը:
Նա ներկայացրել է շարժման կողմից մայիսի 18-ին քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչների, մշակութային գործիչների եւ նախկին սպայակազմի հետ ունեցած հանդիպումների արդիւնքերը եւ խօսել է առաջիկայ ծրագրերի եւ անելիքների մասին։
Կայացած հանդիպումները Սրբազանը գնահատել է՝ դրական, խոստումնալից, բուռն։
Քաղաքական ուժերի հետ հանդիպմանն անդրադառնալով՝ Բագրատ Սրբազանը նշել է, որ բոլորը համախմբմանը կողմ են:
«Ուրախ եմ, որ այն գաղափարը, օրակարգը, որը մենք առաջադրել ենք, այսօր լիուլի արտայայտւած էր։ Բոլորի մօտ համախոհութիւնը կայ, մտքերը պարզ են, գործողութիւները՝ յստակ, ամէն մէկն՝ իր պատասխանտւութեան բաժնով։ Շատ ուրախ եմ դրա համար»,- նշել է նա:
Անդրադառնալով հարցին, թէ ե՞րբ է յայտարարւելու շարժման վարչապետի թեկնածուի անունը՝ Սրբազանը կրկին վերահաստատել է, որ դրա մասին դեռեւս որոշում չկայ, իսկ իր հնարաւոր թեկնածութեան մասին խօսակցութիւնները քաղաքական կուսակցութիւնների ըմբռնումներն ու ցանկութիւններն են, եւ դա պաշտօնական որոշում չէ։ Նա նաեւ նշել է, որ այդ հարցով պէտք է հանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։
Բագրատ Սրբազանը նշել է, որ արւեստի ու մշակույթի գործիչներն էլ հանդիպման ժամանակ տաարբեր առաջարկներ ու նախաձեռնութիւններ են ներկաայացրել։
Զինւորականների հետ փակ հանդիպմանն անդրադառնալով՝ նա ասել է. «Մեր պահեստազօրի սպաներն էին, գեներալներ, ճանապարհ անցած մարդիկ, որոնք, դժբախտբար, այս աւերիչ պատերազմից յետոյ ե՛ւ հոգեբանական, ե՛ւ այլ կերպով, ինչպէս մեր ժողովուրդը, ծանր վիճակում են գտնւում։ Նրանք իրենց պատրաստակաամութիւնն են յայտնել թէ՛ մասնակից լինելու շարժման ընթացքին, թէ՛ նաեւ աւելի մեծ թւով հաւաքւելու։ Այս հանդիպմանը 200-ից աւելի սպաներ էին՝ երիտասարդ սերնդից մինչեւ աւելի աւագները, ինչը մեզ որոշակի իմաստով նաեւ յոյս է ներշնչում։ Մենք բոլորին խնդրել ենք, որ հայեցակարգեր կազմեն՝ ինչպէս են տեսնում զարգացումն իրենց ոլորտներում»։
Պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանն էլ իր հերթին ասել է. «Մեր բոլոր մտավախութիւնները, մտահոգութիւններն այս իշխանութիւններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տւած, անշեղօրէն, րոպէ առ րոպէ»։
Նա նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Գնել Սանոսեանը գնացել էր Կիրանց ու ապազգային կառավարութեան վերջնագիրն էր ներկայացրել կիրանցիներին, ասելով՝ գիւղը բաժանւում է երկու մասին, դպրոցի մօտից գիւղը կիսւում է։
«Գիւղացիներին տարբեր մեթոդներով՝ մէկին մտերմիկ խօսկացութեան կանչելով, միւսին գումար առաջարկելով, փորձում են մարդկանց համոզել հրաժարւել իրենց շիրիմներից, տներից, պապական օջախներից։ Իրենք մինչեւ հիմա այդպէս են իշխանութեան. 6 տարւայ մէջ իրենց փող են տւել, իրենք էլ հայրենիք են տւել։ Իրենց գործելաոճն է, մտածում են, արժանապատիւ քաղաքացիներն էլ իրենց նման ծախու են։ Բայց ի պատիւ կիրանցիների, մարդիկ հաշտ չեն իրողութիւնների հետ, մեր հայրենակցիների մեծ մասին սահմանապահ համայքներում որեւէ բան չի հետաքրքրում, բացի պատւից, հայրենիքից, արժանապատւութիւնից»։
Նա նաեւ յայտնել է, որ արդէն սահմանապահ զօրախումբ է բերւել Կիրանց, պատրաստւում են մօտ օրերս առաջնագիծը նւիրաբերել թշնամուն։
Բագրատ Սրբազանը՝ հրապարակաւ դիմելով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Գնել Սանոսեանին ասել է. «Չգիտեմ՝ ինչ ճանապարհով ես յայտնւել նախարարական աթոռին, բայց այդ ծառայութիւնդ էժան չի՛ նստելու։ Դու ուղղակի քմահաճոյքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախօս է»։
Բագրատ Սրբազանը անդրադարձել է նաեւ քաղբանտարկեալների խնդրին: Նա իր զօրակացութիւնն է յայտնել Բաքւի բանտերում ապօրինի պահւող Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեանը, Հայաստանի բանտերում գտնւող քաղբանտարկեալներին։
Խօսելով առաջիկայ անելիքների մասին, Բագրատ Սրբազանն ասել է. «Այս մէկ շաբաթւայ մէջ մենք տարբեր հանդիպումներ ենք ունենալու եւ կիրակի օրը՝ մայիսի 26-ին, մեր կարեւոր հանրահաւաքն է լինելու»:
Նա յաւելել է, որ շարժումը սկսելու է յստակ նախաձեռնութիւնների իրականացումը՝ վստահեցնելով, որ պայքարի ցանկալի արդիւնքին ու նպատակակետին հասնելու են, սակայն՝ համբերութեամբ զինւած ու կշռադատւած քայլերով։
«Մենք ուզում ենք այլ կերպ գործել, քան աշխարհի կարգն է եւ այլ կերպով յաղթել այն մարտահրաւէրները, որոնք աշխարհն է մեզ պարտադրել։
Մենք իրաւունք չունենք այնպիսի անհաշւենկատ գործողութիւններ անել, որ մեր դէմ կանգնած այս ամբողջ հրէշաւոր մեխանիզմը կարողանայ մէկ վայրկեանում յօշոտել եւ, բացի այդ, ժողովրդին տանել հերթական մեծ յուսախաբութեան, հիասթափութեան։
Մենք պէտք է համբերութեամբ, ծանր համբերութեամբ, գօտիները ձգելով՝ առաջ գնանք։ Եւ ասեմ՝ հէնց այդ համբերութիւնն է այս մարդկանց վախեցնողը, սաարսափի տեղիք տւողը, թէ մենք ի՞նչ ենք ուզում, ի՞նչ ենք ուզում անել։
Մի բան յստակ է, թէ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտութեան մատնել, ուզում ենք, որ ճշմարտութիւնը յաղթանակի»,- ասել է Բագրատ Սրբազանը։