Իրաքի վարչապետ. «Արաբական եւ մուսուլմանական երկրները կարող են պաշտպանական ուժերի դաշինք կազմել՝ տարածաշրջանում Իսրայէլի գործողութիւններից պաշտպանւելու համար»

«ԱԼԻՔ» – Արաբական եւ մուսուլմանական երկրները կարող են դաշինք կազմել պաշտպանական ուժերի տեսքով՝ տարածաշրջանում Իսրայէլի ագրեսիւ գործողութիւններից պաշտպանւելու համար, այս մասին ըստ Tert.am-ի՝ «Ալ-Ջազիրա»-ին տւած հարցազրոյցում ասել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին։
«Չկայ ոչինչ, որը կը խանգարի իսլամական պետութիւններին դաշինք կազմել պաշտպանութեան համար համատեղ ուժերի տեսքով»,- ասել է ալ-Սուդանին։
Իրաքի վարչապետը, մեկնաբանելով Իսրայէլի կողմից Կատարի վրայ հարւածը, նաեւ ընդգծել է, որ արաբական եւ իսլամական երկրները բազմաթիւ ռեսուրսներ ունեն, որոնք կարող են օգտագործւել Իսրայէլի ագրեսիային հակազդելու համար, որը, նրա կարծիքով, Կատարով չի սահմանափակւի։
Իսրայէլական բանակը երեքշաբթի օրը յայտարարեց «Կրակի գագաթ» գործողութեան մեկնարկի մասին եւ հարւածներ հասցրեց պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտօնեաների դէմ: Ականատեսները ՌԻԱ Նովոստիին պատմել են Դոհայում տեղի ունեցած մի շարք հզօր պայթիւնների մասին: «Իսրայէլ Հայոմ» թերթը նշել է, որ Իսրայէլի իշխանութիւնները զգուշացրել են Միացեալ Նահանգներին եւ Կատարին՝ նախքան Կատարի մայրաքաղաքում գտնւող շարժման առաջնորդներին հարւածելը:
Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուի գրասենեակը յայտարարել է, որ Իսրայէլն ինքնուրոյն է պլանաւորել եւ իրականացրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին վերացնելու գործողութիւնը եւ պատասխանատւութիւն է կրում դրա համար: Միեւնոյն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ Իսրայէլի կողմից Կատարի վրայ հարւածներից յետոյ խօսել է Նեթանեահուի հետ եւ դրանք անւանել է «պատահական»: