Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Երկիրը դարձնում են Արեւմուտք-Ռուսաստան, Արեւմուտք-Իրան բախման թատերաբեմ

«ԱԼԻՔ» – «Մայր Հայաստան» շարժումը յայտարարութիւն է տարածել.

««Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականութեան «ուկրաինացումը»:

1. Նիկոլ Փաշինեանի կողմից ՀՀ արտաքին քաղաքականութեան կտրուկ փոփոխութիւնն սպառնալիք է մեր երկրի գոյութեանը։ Հայ ժողովուրդն այժմ կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։ Հաղորդում է Yerevan.today-ը:

Դատապարտելի է առանց հանրային եւ խորհրդարանական քննարկումների ճակատագրական որոշումների ընդունումը։

2. ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին ՀՀ կառավարութեան որոշումը, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերութեան կանոնադրութեան ստորագրումը մեր երկիրը դարձնում են Արեւմուտք-Ռուսաստան, Արեւմուտք-Իրան բախման թատերաբեմ, մեզ ներքաշում են աշխարհաքաղաքական հակամարտութեան մէջ եւ սպառնում մեր բնական դաշնակիցների հետ յարաբերութիւնների վերջնական խզմանը՝ այդտեղից բխող բոլոր ողբերգական հետեւանքներով։

ԵՄ-ին ինտեգրւելու կեղծ օրակարգը Հայաստանի «ուկրաինացման» ուղիղ ճանապարհն է։

3. ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը հարցականի տակ է դնում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի անդամութեան հարցը, ինչը սպառնում է մեր երկրին տնտեսական, սոցիալական, էներգետիկ, հումանիտար խոր ճգնաժամով։

Հայաստանը կարող է վերադառնալ նախորդ դարի 90-ականների ժամանակաշրջան՝ առանց ատոմակայանի։ Գազի գինը կարող է գործողից բարձր լինել շուրջ երեք անգամ։ Տնտեսական անկումը կը չափւի գերբարձր երկնիշ տոկոսներով՝ յատկապէս հաշւի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ներկայ առեւտրաշրջանառութեան աւելի քան 10 մլրդ. դոլարի ծաւալը կանխատեսելիօրէն կտրուկ կը կրճատւի։

ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն անհամատեղելի, փոխբացառող կառոյցներ են, եւ հնարաւոր չէ երկու աթոռի վրայ միաժամանակ նստել։

4. ՀՀ իշխանութիւնների, այսպէս կոչւած, արեւմտամէտ արտաքին քաղաքականութիւնն իրականում մանրադրամի է վերածելու մեր երկիրը Արեւմուտք-Ռուսաստան յարաբերութիւններում, այլ ոչ թէ նպաստելու է «խաղաղութեան խաչմերուկ» ձեւաւորելուն, ինչպէս որ փորձում են Փաշինեանն ու թիմակիցները մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին։

5. Մենք կողմ ենք Արեւմուտքի հետ գործընկերային յարաբերութիւնների զարգացմանը, բայց ոչ ի հաշիւ ու առաւել եւս՝ ոչ ընդդէմ հայ-ռուսական յարաբերութիւնների։

6. Կոչ ենք անում ՀՀ ապագայով մտահոգ բոլոր հասարակական-քաղաքական ուժերին յստակ գնահատական տալ Նիկոլ Փաշինեանի կողմից վարւող կործանարար արտաքին քաղաքականութեանը եւ համախբւած կերպով կանխել այն: Դրւած է լինել-չլինելու խնդիր»։

Related Articles

Back to top button