ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի յայտարարութիւնը
Յունւարի 17-ից մեկնարկելու է Ադրբեջանում պահւող 23-ից 16 հայ պատանդների, ներառեալ՝ Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարների ապօրինի դատավարութիւնը։ Բոլորի համար պարզ է, որ այդ շինծու դատավարութեան հիմնական նպատակը քաղաքական է, որի միջոցով Ադրբեջանի բռնակալ պետութիւնը փորձելու է ճնշում բանեցնել Հայաստանի Հանրապետութեան վրայ, վարկաբեկել Արցախի պետականութիւնը։
Դատավարութեան ապօրինի ընթացքը եւ մարդու տարրական իրաւունքների խախտումն ու անտեսումը անվիճարկելի են։ Մեզ համար պարզ է, որ բազմաբնոյթ ճնշումների ներքոյ կորզւած հաւանական ցուցմունքները չեն կարող հանդիսանալ որեւէ փաստական հիմք՝ Արցախի պետականութիւնն ու նրա գոյութեան փաստը հարցականի տակ դնելու համար։
Յստակ է, որ թշնամու կողմից պատանդառւած գերիներն ու ռազմաքաղաքական ղեկավարները եղել են Արցախի պետականութեան պահապանն ու կերտողը։
2023 թւականի սեպտեմբերի իրադարձութիւններն ապացուցեցին ռազմաքաղաքական ղեկավարների յանձնառու կեցւածքը Արցախի ժողովրդի անվտանգութեան նկատմամբ։ Այդ արժանապատւօրէն իրացւած պատասխանատու կեցւածքն ապացուցւեց մինչեւ վերջին պահը ժողովրդի կողքին մնալով եւ անձնական ազատութիւնը ստորադասելով, ինչի հետեւանքով նրանք յայտնւեցին Բաքւի բանտում։
Արցախի պետականութիւնը հիմնւել է հայ ժողովրդի կամքի թելադրանքով եւ հազարաւոր ազատատենչ հայորդիների պայքարի ու արեան գնով։ Հետեւաբար, թշնամու դատարանում դատւողը ոչ միայն պատանդառւածներն են, այլեւ իւրաքանչիւր հայ, ով ցանկանում է Հայրենիք ունենալ եւ ազատութեան համար մաքառել։
ՀՅԴ Արցախի ԿԿ
15 յունւար, 2025 թ.