Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իրաւաբաններ. Կաթողիկոսը եւ ԳՀԽ-ի հոգեւորական անդամները ենթակայ են արդարացման

Իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակաւոր իրաւաբան Արթուր Ղամբարեանը եւ իրաւագէտներ Զորայր Յարութիւնեանը, Արտակ Ղազարեանը եւ Գրիգոր Չապանեանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագոյն հոգեւոր խորհրդի հոգեւորական անդամների դէմ յարուցւած քրէական գործով ներկայացրել են *Amicus Curiae* եզրակացութիւն՝ նշելով, որ նրանք ենթակայ են արդարացման։

Իրաւագէտների գնահատմամբ՝ «կարգալոյծ անել» գործողութիւնը քրէաիրաւական հակաիրաւականութիւն չունի, քանի որ այն կարգաւորւում է բացառապէս Հայ Եկեղեցու կանոնական իրաւունքով եւ դուրս է պետական դրական իրաւունքի կարգաւորման շրջանակից։

«Երկիր» օրաթերթի հրապարակման համաձայն իրաւագէտը նշել, որ նրանք նաեւ պնդում են, որ հոգեւորականների նկատմամբ քրէական հետապնդումը Եկեղեցու ներքին գործերին քրէաիրաւական միջամտութիւն է եւ հակասում է պետութեան ու Եկեղեցու անջատւածութեան, ինչպէս նաեւ կրօնական կազմակերպութեան ինքնավարութեան սկզբունքներին։

Եզրակացութեան մէջ նշւում է նաեւ, որ ԳՀԽ-ի հոգեւորական անդամները միայն առաջարկութիւն են ներկայացրել կարգալոյծ անելու վերաբերեալ, մինչդեռ վերջնական որոշումը նրանց չի պատկանել։ Ըստ իրաւագէտների՝ այս պատճառով նրանց վերագրւող արարքում բացակայում է յանցակազմի օբիեկտիւ կողմը։

Իրաւագէտները նաեւ մատնանշում են քրէական պատասխանատւութեան իրաւական որոշակիութեան եւ կանխատեսելիութեան սկզբունքների խախտումը՝ պնդելով, որ համապատասխան դատական ակտում «կարգալոյծ անելն» ուղղակիօրէն արգելւած չի եղել։

Եզրակացութեան հեղինակների համոզմամբ՝ նշւած հիմքերով Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ԳՀԽ-ի հոգեւորական անդամները ենթակայ են արդարացման՝ վերագրւած արարքի քրէաիրաւական հակաիրաւականութիւնը կամ փաստական հանգամանքներն ապացուցւած չլինելու հիմքով։

Related Articles

Back to top button