Պուտինի այցի նախաշէմին Ադրբեջանը յայտարարել է BRICS-ին միանալու ցանկութեան մասին
«ԱԼԻՔ» – Ադրբեջանը կցանկանար միանալ BRICS-ին։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցի նախաշեմին ՏԱՍՍ-ին տւած հարցազրոյցում ասել է Մոսկւայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բիւլբիւլ Օղլին։
«BRICS-ին միանալ ցանկացողները երկար հերթ են կազմել: Ադրբեջանն իսկապէս նման ցանկութիւն է յայտնել։ Մենք այդ մասին խօսել ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, բայց սա նոյնպես գործընթաց է եւ աշխատանքի հարց»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թէ արդեօք Բաքուն պաշտոնապէս յայտ է ներկայացրել կազմակերպութեանը միանալու համար։
BRICS-ը հիմնադրւել է 2006 թւականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի կողմից, իսկ Հարաւային Աֆրիկան միացել է 2011 թւականին: 2024 թւականի յունւարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացեալ Էմիրութիւնները, Սաուդեան Արաբիան եւ Եթովպիան դարձան խմբի լիիրավ անդամներ։ Այս տարի միաւորումը նախագահում է Ռուսաստանը։ Գլխաւոր իրադարձութիւնը կդառնայ հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում անցկացւելիք BRICS-ի գագաթնաժողովը։