Արաղչին՝ Գրոսսի հետ հեռախօսազրոյցում. «Իրանն անընդունելի է համարում որեւէ քաղաքական գործողութիւն, որը յանգեցնում է լարւածութեան սրմանը»

«ԱԼԻՔ»- ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ՝ երեկոյեան հեռախօսազրոյց է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Իրան-ՄԱԳԱՏԷ համաձայնագրի հետ կապւած զարգացումները, Snapback-ի խնդիրը եւ Իրանի դէմ պատժամիջոցները վերականգնելու մասին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի որոշումը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Հեռախօսազրոյցի ընթացքում, Արաղչին քննադատել է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում տիրող քաղաքական մթնոլորտը՝ ընդգծելով, որ Իրանի համագործակցութիւնը Գործակալութեան հետ զուտ տեխնիկական է, եւ տեղի է ունենում միջազգային կանոնակարգերի շրջանակում:
«Որպէս պատասխանատու երկիր, Իրանը միշտ հետապնդել է դիւանագիտութեան եւ տեխնիկական համագործակցութեան ուղին՝ իր միջուկային ծրագրին վերաբերող հարցերը լուծելու համար եւ չի ընդունում որեւէ քաղաքական գործողութիւն կամ անարդար ճնշում, որը կարող է յանգեցնել լարւածութեան սրման»,- ընդգծել է ԱԳ նախարարը: