ՄիջազգայինՔաղաքական

Թրամփի յաղթանակի դէպքում Եւրամիութիւնը պատրաստւում է Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի կուրսի փոփոխութեանը

«ԱԼԻՔ» – Եւրոպական երկրները պատրաստւում են Ուկրաինայի նկատմամբ Վաշինգտոնի կուրսի հնարաւոր փոփոխութեանը եւ ռազմական կապերի թուլացմանը, եթէ Դոնալդ Թրամփը յաղթի ԱՄՆ նախագահական ընտրութիւններում: Այս մասին The Washington Post-ին ասել են հինգ առաջատար երկրների 15 քաղաքական գործիչներ, դիւանագէտներ եւ վերլուծաբաններ։

Եւրոպայում ԱՄՆ-ի ամենամօտ դաշնակիցները պատրաստւում են Թրամփի յաղթանակի դէպքում անդրատլանտեան յարաբերութիւնների հնարաւոր խզմանը։ Միեւնոյն ժամանակ, զրուցակիցները նշում են, որ իրենք աւելի լաւ են պատրաստւած Թրամփի երկրորդ նախագահութեանը։ Նրանք պնդում են, որ գիտեն, թէ ինչ դիւանագիտական ​​քայլեր է պէտք ձեռնարկել, եւ տարբեր ծրագրեր են մշակում անվտանգութեան եւ առեւտրի ոլորտում փոփոխութիւնների դէպքում։

Որոշ առումներով ԵՄ-ն աւելի քիչ պատրաստւած է Թրամփին, քան նրա առաջին նախագահութեան ժամանակ, քանի որ այն ժամանակ նրան հակադրւում էր «Եւրոպայի վճռորոշ գործիչը»՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկէլը: Այս պահին մայրցամաքում նրա մակարդակի առաջնորդ չկայ։

Եւրոպացի բարձրաստիճան պաշտօնեաներն ու դիւանագէտները կարծում են, որ ԱՄՆ նախագահի միւս թեկնածուն՝ Քամալա Հարրիսը, կը հետեւի նախագահ Բարաք Օբամայի, եւ ոչ թէ Ջօ Բայդէնի քաղաքականութեանը եւ ԱՄՆ-ի ուշադրութիւնը կը տեղափոխի Ասիա: Հարրիսի ազգային անվտանգութեան խորհրդական Ֆիլիպ Գորդոնը Եւրոպայի փորձագէտ է, որն աջակցում է Ուկրաինային «երկարաժամկէտ» օգնութեանը: Սակայն, նա նաեւ հանդէս է գալիս «Եւրոպայի եւ Միացեալ Նահանգների միջեւ առաւել իրատեսական գործարքի» օգտին:

«Մի բան պարզ է՝ մենք այստեղ նստած չենք, ինչպէս նապաստակը լուսարձակների մէջ։ Անկախ նրանից, թէ ով կը յաղթի ԱՄՆ-ի ընտրութիւններում, Ամերիկայի ապագայ ուշադրութիւնը գնալով աւելի ու աւելի է կենտրոնանալու հնդկախաղաղօվկիանոսեան տարածաշրջանի վրայ: Եւրոպան էլ աւելին պէտք է անի իր անվտանգութեան համար»,- ասել է գերմանական պաշտպանական գերատեսչութեան ներկայացուցիչ Միխայէլ Շտեմպֆլէն:

Related Articles

Back to top button